Հայաստանի բարձրագույն կրթության Նորարարությունների մրցակցային հիմնադրամ
Անվանում. Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) գերազանցության կենտրոնի ստեղծում
Իրականացնող. Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան
Ծրագրի ղեկավար. Քրիստինա Ծատուրյան /head_intrel@brusov.am/
Ծրագրի հիմնական նպատակն է զարգացնել կիրառական լեզվաբանության և կրթական գիտությունների ոլորտներում տեխնոլոգիահենք կրթությունն ու հետազոտությունը Հայաստանում՝ պատրաստելով բազմաոլորտային մասնագետներ՝ լեզվաբանությունը, համակարգչային գիտությունները և մաթեմատիկան, կրթական և համակարգչային գիտությունները, թարգմանությունը և տեխնոլոգիաները միավորող միջգիտակարգային մասնագիտություններից:
Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են.
- ներդնել բակալավրի «Հաշվողական լեզվաբանություն» և մագիստրոսի «Համընթաց թարգմանություն» ՄԿԾ-երը, խթանել «Կրթության գնահատում և թեստավորում» նորաստեղծ ՄԿԾ-ի իրականացումը,
- հիմնել Լեզվական և կրթական տեխնոլոգիաների գերազանցության կենտրոն («ՀայԼինգվոՏեք»), որի ստեղծարար գործունեությունը կներառի հետևյալ ուղղությունները.
- հաշվողական լեզվաբանության, բնական լեզվի մշակման և թեստավորման ոլորտներում առաջանցիկ հետազոտությունների իրականացումը՝ դիտարկելով հայերենը որպես թիրախային լեզու,
- հայերենի համար կարևորագույն թվային գործիքների և ծրագրակազմերի բարելավումը կամ նորերի մշակումը, օրինակ՝ մեքենական թարգմանությունը, խոսքի կամ ձեռագիր տեքստի ճանաչումը, քերականության ստուգումը և այլն,
- հայերենի իմացության մակարդակների գնահատման գործիքակազմի և ծրագրակազմի մշակումը։
- «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարական աշխատանքների արդյունքներն արտացոլել ներդրվող ՄԿԾ-երում՝ ստեղծելով հետադարձ կապ,
- սովորողներին ներառել «ՀայԼինգվոՏեք»-ի հետազոտական-նորարական աշխատանքներում, խթանել դրանց արդյունքների առևտրայնացումը,
- համագործակցել արտասահմանյան և հայաստանյան առաջատար համալսարանների հետ՝ ՄԿԾ-երը համատեղ իրականացնելու, ուսումնական և հետազոտական գործընթացների որակը ապահովելու նպատակով,
- հաստատել սերտ կապ շահառու բիզնես և գործատու կազմակերպությունների հետ՝ ՄԿԾ-երի մշակումը, ուսանողների ուսուցումը, պրակտիկայի կազմակերպումը, նորարական ռեսուրսների ստեղծումը համագործակցաբար իրականացնելու նպատակով։
Ծրագրի ակնկալվող հիմնական արդյունքներն են.
- «Հաշվողական լեզվաբանություն» և «Համընթաց թարգմանություն» մշակված ու լիցենզավորված ՄԿԾ-երը, վերապատրաստված դասախոսական կազմը, ուսումնամեթոդական նյութերի հրապարակված փաթեթները,
- հիմնադրված «ՀայԼինգվոՏեք» կենտրոնը և սպասարկող տեխնոպարկը՝ համալրված անհրաժեշտ սարքավորումներով, գույքով և ծրագրային փաթեթներով,
- «ՀայԼինգվոՏեք»-ի կանոնադրությունը և հայեցակարգը, ընտրված հետազոտական թեմաները և հետազոտողների ձևավորված թիմերը,
- մեկնարկած հետազոտական-նորարական աշխատանքները, թվային ենթակառուցվածքներում հայերենի լիարժեք կիրառությունն ապահովող ռեսուրսներ,
- հայերենի իմացության մակարդակների լրամշակված շրջանակը, գնահատման գործիքակազմը, էլեկտրոնային թեստավորման առցանց հարթակը։