ԲՊՀ պատմություն

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) պատմությունը կայացման, ճանաչման, զարգացման երկարամյա ուղի է: Ավելի քան ութ տասնամյակ բուհը կրթել է առաջադեմ սերունդներ, որոնք իրենց անգնահատելի ավանդն են ներդրել լեզվակրթության, մանկավարժության, բանասիրության, մշակութաբանության և հասարակագիտության ոլորտներում թե' Հայաստանում, թե՛ միջազգայնորեն: Բրյուսովականների շքերթը գլխավորում են ԽՍՀՄ և Արցախի հերոսներ, գիտնականներ, վաստակաշատ մանկավարժներ, կառավարիչներ, հոգևորականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, զինվորականներ, արվեստի վաստակավոր գործիչներ և այլ ճանաչված մասնագետներ: Համալսարանի գործունեության մեծագույն գնահատականներից է 1985 թվականին ստացած «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանը՝ որակյալ կադրերի պատրաստման և գիտության զարգացման գործում իր ավանդի համար:

Այսօր էլ, հավատարիմ մնալով իր առաքելությանը, ԲՊՀ-ն մեր երկրի համար պատարաստում է հումանիտար, հասարակագիտական, մանկավարժական և սերվիսի ոլորտի որակյալ մասնագետներ ։

Ստեղծման օրվանից բուհը շարունակապես զարգացել և ընդլայնել է իր մասնագիտական ոլորտները, իսկ նրա անվանումը համապատասխանաբար կրել է բազում փոփոխություններ՝ մանկավարժականից դառնալով օտար լեզուների, այսօր արդեն՝ լեզվահասարակագիտական համալսարան։ 1962 թվականից համալսարանը հավատարիմ է մնում ռուս ականավոր բանաստեղծ Վալերի Բրյուսովի անվամբ անվանակոչման պատվին՝ վերածվելով աշխարհում ճանաչված «Բրյուսովի համալսարան» «բրենդի»:

1935 թվականին ծնունդ առնելով որպես երկամյա մանկավարժական ինստիտուտ՝ ռուսաց լեզվի մասնագետներ պատրաստելու համար, հենց ԲՊՀ-ն հիմք դրեց Հայստանում օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությանը և դրա գործնական կիրառմանը: Տարեցտարի բուհը համալրում էր դասավանդվող օտար լեզուների իր ներկապնակը՝ ռուսերեն (1935 թ.), գերմաներեն (1936թ.), անգլերեն, ֆրանսերեն (1937թ.), իսպաներեն (1963թ.), իտալերեն, բուլղարերեն (1996թ.), հունարեն (1997թ.), պարսկերեն (2000թ.), լեհերեն, սերբերեն, ուկրաիներեն, հոլանդերեն (2005թ.), կորեերեն (2006թ.), չինարեն, ռումիներեն (2007թ.), հինդի, արաբերեն, պորտուգալերեն (2009թ.), ճապոներեն, թուրքերեն, վրացերեն (2010թ.), եբրայերեն (2017):

Դեռևս 1963 թվականին բուհը որդեգրեց բազմալեզվականության քաղաքականություն՝ ներդնելով երկրորդ, իսկ 2017 թվականից երրորդ օտար լեզվի ուսուցումը և ընդլայնելով օտար լեզուների ուսուցման հնարավորությունը ինչպես լսարանային, այնպես էլ ոչ ֆորմալ կրթության շրջանակներում:

Դեռևս 1966 թվականից համալսարանի բազամավաստակ և որակյալ պրոֆեսորադասախոսական կազմի հետ մեկտեղ բուհում աշխատում են հրավիրյալ դասախոս-լեզվակիրներ՝ ուսումնառվող լեզուների երկրներից:

ԲՊՀ-ի միջազգային համագործակցությունը կրկին սկիզբ է առել խորհրդային ժամանակշրջանում. այսօր բուհը գործակցում է աշխարհի ավելի քան 25 երկրների 85 առաջատար համալսարանների, գիտակակրթական կենտրոնների, միջազգային և համալսարանական կազմակերպությունների հետ՝ իրականացնելով կրթական, գիտական և փոխանակման տարաբնույթ ծրագրեր:

Հարկ է հիշատակել ԲՊՀ-ի պատմության կարևոր դրվագներից մի քանիսը։

1950-ականներից բուհը նախաձեռնեց օտար լեզվի դասավանդման և ուսուցման համար անհրաժեշտ գրականության ստեղծման աշխատանքները: 1962 - 1965 թվականներին լույս տեսան բուհի դասախոսների ստեղծած անգլերեն-հայերեն, գերմաներեն-հայերեն, ֆրանսերեն-հայերեն բառարանները՝ հիմք դնելով բառարանների ստեղծման մեթոդաբանությանը և բառարանագիտության մշակույթին Հայաստանում: Այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցների և բուհերի օտար լեզուների դասագրքերի և ուսուցիչների մեթոդական ձեռնարկների մեծ մասի հեղինակները ԲՊՀ-ի դասախոսներն են։

Հայտնի լինելով էր իր տեխնիկական զինվածությամբ և լինգաֆոնային ժամանակակից կաբինետներով հագեցվածությամբ՝ համալսարանը 1980 թվականից ներդրեց օտար լեզուների հեռուստադասընթացների շարքը հայաստանյան դպրոցների համար՝ դառնալով Հայաստանում հեռավար կրթության ավանդույթների ձևավորման առաջնեկը։

1962 թվականից ԲՊՀ-ի գործունեության կարևոր ուղղությունն է բրյուսովագիտությունը, իսկ բրյուսովագիտության կենտրոնը իր երկարամյա գիտական փորձով շարունակում է համակարգել աշխարհի առաջատար գիտնականների գործունեությունը այս ոլորտում: Կենտրոնի հետ միաժամանակ հիմնադրվել է Վ. Բրյուսովի թանգարանն՝ իր հարուստ հավաքածուով. այսօր այն առաջինն կազմակերպությունն է Հայաստանում, որ համագործակցում է Գուգլ մշակույթային ինստիտուտի (Google Cultural Institut) հետ, և միակը, որի վիրտուալ հավաքածուները հասանելի են Գուգլի՝ արվեստի և մշակույթի (Google Arts and Culture) թվային հարթակում:

ԲՊՀ-ի գիտական և հետազոտական գործունեության բազմաբովանդակ և բազմալեզու ներուժը զարգացել և զարգանում է միջազգային միտումներին համընթաց: Համալսարանի գիտական արդյունքն այսօր արդեն հասանելի է թվային միջավայրում ինչպես նոր ուսումնասիրությունների, այնպես էլ տասնամյակների ընթացքում համալրված գիտական պահոցի տեսքով:

Հայաստանի անկախացումից հետո, արձագանքելով հասարակության և աշխատաշուկայի պահանջներին, ԲՊՀ-ն իր ավանդական մասնագիտությունների (օտար լեզուներ, թարգմանություն, բանասիրություն, լեզվաբանություն, մանկավարժություն) արդիականացմանը զուգահեռ ներդրեց հասարակական գիտությունների ոլորտի մասնագիտություններ (լրագրություն, հանրային հաղորդակցություն (Փի-Առ), քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, եվրոպագիտություն, միջմշակութային հաղորդակցություն, երկրագիտություն, լեզվաբանություն և ՏՀՏ, կառավարում, սերվիս), ինչն էլ հիմք հանդիսացավ բուհի վերակազմավորմանը լեզվահասարակագիտական համալսարանի:

2005 թվականից՝ Հայաստանի Բոլոնիայի գործընթացին միանալուց հետո, բարձրագույն կրթության համակարգի նոր կառուցակարգերի և գործընթացների համատեքստում ԲՊՀ-ում ներդրվեց կրթության եռաստիճան համակարգը՝ (բակալավիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա), ստեղծվեց Կարիերայի կենտրոնը, ինչպես նաև մեկնարկեցին Որակավորումների ազգային շրջանակին համապատասխան ԲՊՀ-ի կրթական ծրագրերի արդիականացման, կրթության որակի ապահովման համակարգի ներդրման ինստիտուցիոնալ գործընթացները:

Նոր թափ ստացան համալսարանի միջազգայնացմանն ուղղված աշխատանքները, ձևավորվեցին և կայացամ ուսանողական ինքնուրույն կառույցները:

Ժառանգելով անցյալի հարուստ ավանդույթները՝ քաղաքական և կրթական համակարգերի արդիականացման ներկայիս համատեքստում ԲՊՀ-ն հետևողականորեն հետամուտ է լինում իր ռազմավարական զարգացումների ընթացքին: ԲՊՀ-ի կողմից առաջարկվող մասնագիտությունների ցանկը բազմազան է. այն ներառում է հումանիտար, հասարակագիտական և զբոսաշրջության ու սերվիսի ոլորտների պահանջարկված բազմաթիվ մասնագիտություններ: Բազմալեզու և բազմաշակույթային կրթությունը շարունակում է մնալ ԲՊՀ շրջանավարտների մասնագիտական առավելությունը մրցունակ աշխատաշուկայում:

Ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում կրթության կարևորագույն սկզբունքն է դառնում ուսանողին զինելը ոչ միայն գիտելիքներով և տեղեկատվությամբ, այլև՝ սովորեցնել սովորել, զարգացնել նոր հմտություններ, լինել ստեղծարար, արագ կայացնել որոշումներ ինովացիոն միջավայրում:

Դարի մարտահրավերներին համընթաց՝ ԲՊՀ-ի զարգացման հայեցակարգում նախատեսված նորարարությունների կարևորագույն մասն են կազմում միջգիտակարգային մասնագիտությունների ներդրումը՝ կրթական գիտություններ (համակարգչային թեստավորում, գնահատում և մանկավարժություն), համաժամանակյա թարգմանություն (ՏՀՏ ու թարգմանություն), հաշվողական լեզվաբանություն (համակարգչային գիտություններ ու լեզվաբանություն), մշակույթ ու ՏՀՏ, թվային հումանիտար գիտություններ, տեղեկատվության կառավարում:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի տեսլականը և զարգացման ռազմավարությունը հիմնված են հարուստ անցյալի, ավանդույթների, ձեռքբերված հաջողությունների, մրցունակ առավելությունների վրա և միտված են նորագույն մարտահրավերները հնարավորություններ դարձնելուն: