Բրյուսովյան գիտական կենտրոն
Վ. Բրյուսովի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրությամբ զբաղվող կաբինետը, ներկայումս՝ Բրյուսովյան գիտական կենտրոնը, վաղուց դարձել է գիտնական-բրյուսովագետերի աշխատանքը համակարգող ճանաչված կենտրոն:Կաբինետը հիմնադրվել է 1962 թվականին, երբ ինստիտուտն կոչվեց Վ. Բրյուսովի անվամբ: Նա նշանակալից դեր է խաղացել հայ պոեզիայի ժողովրդականացման գործում այն դժվար օրերին, երբ հայ ժողովուրդը գտնվում էր ֆիզիկական բնաջնջման եզրին:Իր գոյության տարիների ընթացքում կենտրոնում հավաքվել է գիտական հարուստ և մեծարժեք մատենագիտական նյութ:
Դրանք Բրյուսովի ձեռագրերի բնօրինակներ են, միկրոֆիլմեր, ֆոտոպատճեններ, որոնք պատկերացում են տալիս գրողի ստեղծագործական լաբորատորիայի մասին, ինչպես նաև նամակագրական արխիվի ֆոտոպատճեններ /նրա նամակագրությունը եվրոպական և հայկական գրականության ու մշակութային ականավոր գործիչների հետ/, նոտաների հավաքածու՝ բանաստեղծի բնօրինակ և թարգմանած բանաստեղծությունների տեքստերի հիման վրա գրված երգերի, այլ արժեքավոր նյութեր: Այստեղ կան Բրյուսովի՝ ինչպես իր կենդանության օրոք, այնպես էլ հետագա ժամանակներում լույս տեսած ստեղծագործությունների համարյա բոլոր հրատարակությունները, որոնցից շատերը մատենագիտական հազվագյուտ արժեքներ են: Կենտրոնի ֆոնդի նյութերը խնամքով պահպանվում են, համակարգվում ու հաճախակի վերամշակվում:
Կենտրոնում կան նաև Բրյուսովի ժամանակաշրջանի ռուս բանաստեղծների և գրողների՝ Ա.Բելիի, Ի.Սևերյանինի, Ֆ.Սոլոգուբի, Վ.Խոդասևիչի, Լ.Անդրեևի, Վ.Իվանովի և ուրիշների ստեղծագործությունների հրատարակությունները, հասարակական-քաղաքական, գրաքննադատական և գրական-գեղարվեստական ամսագրեր / «Мир искусства», «Русская мысль», «Аполлон» և այլն/, որոնք կենտրոնի մասունքներն են, այդ թվում՝ «Весы» ամսագրի լիարժեք հավաքածուն՝ Վ.Բրյուսովի հարազատների կողմից նվիրված կենտրոնին բանաստեղծի անձնական գրադարանից:
Կենտրոնի ֆոնդի նյութերը, գեղարվեստական ու քննադատական հարուստ գրականությունը, արժեքավոր կենսագրամատենագիտական նյութը գիտական աշխատանքի կատարման մեծ հնարավորություններ են ստեղծում: Դրանք ուսումնասիրության նյութ են ինչպես մեր համալսարանի աշխատակիցների, այնպես էլ մեր հանրապետության, մերձավոր ու հեռավոր արտերկրի ուսումնական հաստատությունների և գիտական հիմնարկների աշխատողների համար:
Այս նյութերը ուսանողները օգտագործում են կուրսային, դիպլոմային աշխատանքներ գրելիս: Կենտրոնում անցկացվում են մասնագիտական դասընթացներ և սեմինարներ՝ կապված Վ. Բրյուսովի ստեղծագործության և «Արծաթե դարի» ռուս գրականության հետ:
Հայաստանյան բրյուսովագետների գիտական ուսումնասիրությունների հիմնական թեմաներից է «Բրյուսովը և հայկական մշակույթը»: Այդ թեմայով կենտրոնում կան ֆոտոնյութեր և միկրոֆիլմեր՝ «Հայաստանի պոեզիան» բրյուսովյան անթոլոգիայի հրատարակման հետ կապված: Կենտրոնի գրքային ֆոնդում կա այդ ֆոլիանտի առաջին հրատարակությունը, որի աշխատանքներին մասնակցել են խոշորագույն բանաստեղծներ, պոետի ժամանակակիցները, կա նաև դրա օրինակը՝ Վ.Բրյուսովի խմբագրական ուղղումներով: Կենտրոնում պահպանվում է Բրյուսովի անգնահատելի աշխատանքի՝ Հայաստանի պատմության և գրականության խորացված ուսումնասիրության արդյունքի՝ «Հայ ժողովրդի պատմական ճակատագրերի տարեգրությունը» աշխատության բնօրինակի միկրոֆիլմը: Կենտրոնին նվիրած նյութերի թվում են նաև հայ բանաստեղծների, գրողների, պատմաբանների և գրականագետների՝ Վ.Բրյուսովին նվիրված գրքերը՝ հեղինակների ստորագրությամբ ու ձոներով: