2019 միջոցառումներ - MINERVA
Հետևեք մեզ
ԿԱՅԱՑԱՎ MINERVA ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
2019 թվականի մարտի 5-ից 6-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացավ ERASMUS+ CBHE շրջանակներում իրականացվող «Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (MINERVA)» ծրագրի կոնսորցիումի առաջին հանդիպումը և մեկնարկային համաժողովը: Մասնակիցների թվում էին Հայաստանի, Մոլդովայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: MINERVA ծրագրի համակարգողը Մոլդովայի Տնտեսական հետազոտությունների ակադեմիան է: Հանդիպմանը մասնակցություն ունեցան նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ներկայացուցիչները՝ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը (MINERVA ծրագրի ԵՊԼՀ համակարգող) և Հասմիկ Ղազարյանը՝ ֆինանսական վարչության ղեկավարը:
Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ պատվիրակությունն իր ակտիվ մասնակիցությունն ունեցավ համաժողովի աշխատանքներին: Մասնակիցները քարտեզագրեցին առաջիկա երեք տարվա ընթացքում իրականացվելիք աշխատանքները, մասնավորապես՝ MINERVA ծրագրի աշխատանքային փաթեթները, տեղեկատվության տարածման և իրազեկման ռազմավարությունը, որակի հսկողությունը, ծրագրի գործընկեր համալասարանների դերակատարությունները և պարտավորությունները, ինչպես նաև քննարկվեցին օրակարգային մի շարք այլ հիմնահարցեր:
Առանձին ելույթով հանդես եկավ ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը, որը ներկայացրեց «Հանրահասանելի գիտությունը Հայաստանում և Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում» խորագրով զեկույցը: Ի թիվս այլ հարցերի՝ համաժողովի մասնակիցները քննարկեցին նաև մի շարք ֆինանսական հիմնահարցեր և ուրվագծեցին ծրագրի բարեհաջող իրականացման համար անհրաժեշտ նախադրյալները:
«ՀԱՐԿԱՅԻՆ և ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ և
«ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ կԻՐԱՌՈՒՄԸ և ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԲՈՒՀԵՐԻ ԿՈՂՄԻՑ» ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
2019թ. ապրիլի 19-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կայացավ «Հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքի կիրառումը ԵՄ ֆինանսավորում ստացած բուհերի կողմից» աշխատանքային հանդիպում: Միջոցառումն անցկացվել է «National Erasmus+ Office in Armenia» գրասենյակի կողմից:
Հանդիպմանը և քննարկումներին մասնակցել են Հայաստանում ԵՄ ֆինանսավորմամբ Էրազմուս+ ծրագրեր իրականացնող 13 պետական, մասնավոր և միջպետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսաների նախարարություննների, Հայաստանում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև «Հանրային քաղաքականության հետազոտության ազգային կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները:
Հարկազատման և գնումների ոլորտում Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) հաջողված փորձն ու լուծումները ներկայացրեց ԵՊԼՀ Ֆինանսական վարչության պետ Հասմիկ Ղազարյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետևյալ թեմաները՝
- գնումների մասին ՀՀ օրենքի կիրառումը ԵՄ ֆինանսավորում ստացած պետական բուհերում,
- հարկային և մաքսային արտոնությունների տրամադրումը ԵՄ ֆինանսավորմամբ Էրազմուս+ ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններին:
Կատարվեց փորձի փոխանակում, նշվեցին մասնակիցներին հուզող մի շարք հարցեր:
"ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՄՍԱԳՐԵՐՈՒՄ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՅՈՒՐԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ"
ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ SPRINGER NATURE-ի ԿՈՂՄԻՑ
2019թ. մայիսի 7-ին Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում անցկացվեց "Միջազգային գիտական ամսագրերում հոդվածների հրատարակման յուրահատկությունները" խորագրով սեմինար: Սեմինարը վարել է Springer Nature հրատարակչության արտոնագրերի գլխավոր մենեջեր Դարիա Իովչևան:
Սեմինարի ընթացքում քննարկվել են հետևյալ դրույթները՝
-ինչպես և ինչպիսի ամսագիր ընտրել հրատարակման համար,
-ինչպես գրել սեղմագիրը և կազմել հոդվածը,
-ինչպես արդյունավետ հաղորդակցվել խմբագրի և գրախոսի հետ,
-ինչպիսի լեզվական սխալներից խուսափել անգլերենում:
Սեմինարին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, մի շարք բուհերի և գիտական կենտրոնների ներկայացուցիչներ:
Սեմինարի ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և ստացան մասնակցության վկայականներ:
"ORCID (Open Researcher and Contributor ID) ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԻՁԱԶԳԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐ"
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
2019 թվականի մայիսի 14-ին, Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարանում տեղի ունեցավ գործնական դասընթաց "ORCID (Open Researcher and Contributor ID) Հետազոտողների միասնական միջազգային ռեգիստր" խորագրով:
Դասընթացի շրջանակներում արծարծվեցին հետևյալ թեմաները՝
- Ինչպես գրանցվել ORCID համակարգում;
- Ինչպես մուտքագրել անձնական տվյալները;
- Ինչպես մուտքագրել հրատարակված աշխատությունները;
- Ինչպես գեներացնել ORCID նույնացուցիչը միջազգային գիտաչափական և վարկանշային հարթակների հետ:
Դասընթացը վարեց գրադարանի մատենագետ Արմինե Վարդանյանը:
Դասընթացի վերջում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեցան փորձարկել ստացած նոր գիտելիքները և գործնականում գրանցել ORCID նույնացուցիչը:
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՏ Դ`ԱԶՈՒՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Մայիսի 20-24, 2019 – Նիցցա, Ֆրանսիա
2019 թվականի մայիսի 20-24 կայացավ MINERVA ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչների ճանաչողական այցը Ֆրանսիայի Կոտ դ`Ազուր համալսարան: Այցի նպատակն էր ծանոթանալ ԵՄ գործընկեր հաստատությունների (Բելգիայի Միջերկրածովյան տարածաշրջանային միավորման գիտական և տեխնիկական տեղեկատվության ուսուցման կենտրոն, Լիեժի, Ստուդի Գուլիելմո Մարկոնիի և Վալենսիայի, Կոտ դ՛Ազուր, Նիցցայի Սոֆիա Անտիպոլիս համալսարաններ) հանրահասանելի գիտության ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականությանը, կանոնակարգերին, դրանց մշակման գործընթացներին և արդյունքներին, ինչպես նաև գիտական հանրահասանելիության սկզբունքներին:
ԵՊԼՀ ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Բելլա Մարգարյանը մասնակցեց բազմաբովանդակ քննարկումներին, որոնք հիմնականում վերաբերվում էին հանրահասանելի գիտության հեռանկարային տեսլականին Հայաստանում և Մոլդովայում:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրի աշխատանքային փաթեթների իրականացման գործընթացները և վերջնաժամկետները, հաստատվեցին աշխատանքային խմբերի նախնական կազմը և պատասխանատուները, որոնք պետք է իրականացնեն հետագա վերապատրաստումները:
ERASMUS+ CBHE «MINERVA» ՆԱԽԱԳԾԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
Հունիս 27, 2019 – Երևան, Հայաստան
Հունիսի 27-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի դահլիճում տեղի ունեցավ Erasmus+ CBHE «Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (MINERVA)» նախագծի ներկայացումը: Հանդիպմանը մասնակցում էին ԵՊԼՀ ստորաբաժանումների ներկայացուցիչները: Մասնակիցներին ողջունեց գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը: Նախագիծը մանրամասն ներկայացրեց ծրագրի համակարգող՝ Մոլդովայի տնտեսագիտական ակադեմիայի միջազգային գծով պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն: Քննարկվեցին ծրագրի ռազմավարական խնդիրները, աշխատանքային փաթեթեների բովանդակությունը և գործողությունների պլանը, իրականացման մեխանիզմները և ժամկետները:
MINERVA նախագիծը միտված է բարելավել մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականությունը մի շարք օրենսդրական փոփոխությունների միջոցով, որոնք կնպաստեն աշխատաշուկայի և հասարակության համար հետազոտողների պատրաստմանը և նրանց կարիերայի զարգացմանը:
EIFL ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ
Օգոստոսի 8-10, 2019 - Բիշքեկ, Ղրղզստան
2019 թվականի օգոստոսի 8-10 Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացավ EIFL (էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար) գլխավոր համագումարը: Միջոցառմանը մասնակցեցին գրադարանային կոնսորցիումի ներկայացուցիչներ 33 երկրներից, գործընկերներ հրատարակչության ոլորտից, EIFL ղեկավար կազմի անդամներ և աշխատակիցներ:
Աշխատաժողովի ընթացքում պատվիրակները մասնակցեցին ինտերակտիվ նիստերի: Հրավիրյալ զեկուցողները ներկայացրեցին հեղինակային իրավունքի ոլորտում իրենց մշակած դասընթացների ծրագրերը և ուսուցողական նյութերը, որոնք խիստ արդիական են գիտական հանրույթի համար: Ի թիվս այլ հիմնախնդիրների՝ ժողովի մասնակիցները քննարկեցին նաև դրամաշնորհային համակարգերը, տրանսֆորմատիվ համաձայնագրերի միջոցով արտոնագրեր տրամադրելը, ինչպես նաև՝ գրադարանային կոնսորցիումների դերը հանրահասանելիության քաղաքականության մշակման հարցում:
Մասնակիցների ուշադրության կենտրոնում էին նաև գրադարանավարների և հետազոտողների թվային հմտությունների զարգացմանը միտված դասընթացների փաթեթների մշակման և անցկացման հիմնահարցերը: Նշվեցին այն սկզբունքները, որոնք կիրառում են ազգային և միջազգային պատկան մարմինները՝ հանրահասանելիությունը խթանելու նպատակով:
Միջոցառման ընթացքում EIFL հայաստանյան համակարգող, Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը ներկայացրեց հայաստանյան փորձը գիտելիքի փոխանակման ոլորտում, տվյալ բնագավառի ներկայիս միտումները, ինչպես նաև՝ հիշյալ ոլորտներում Հայաստանի վերջին նվաճումները:
Աննա Չուլյանը ներկայացրեց նաև «Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (MINERVA)» ծրագիրը, որը միտված է բարելավել մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականությունը մի շարք օրենսդրական փոփոխությունների միջոցով, որոնք կնպաստեն աշխատաշուկայի և հասարակության համար հետազոտողների պատրաստմանը և նրանց կարիերայի զարգացմանը:
Գլխավոր համագումարի շրջանակներում իրականացված քննարկումների և բանակցային գործընթացի արդյունքում EIFL-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ EIFL-ը դարձավ MINERVA ծրագրի ասոցիատիվ գործընկերը: Ավելին՝ EIFL-ի «Հանրահասանելիություն» ծրագրի մենեջեր, OA2020 խորհրդատվական կազմի անդամ, DCAT և NDLTD տնօրենների խորհրդի անդամ Իրինա Կուչման ներգրավվեց MINERVA-ի խորհրդատվական կազմի մեջ՝ հանրահասանելի գիտության քաղաքականության ուղենիշների մշակման և համալսարանական պահոցների ստեղծման հիմնահարցերում ծրագրի գործընկեր երկրներին աջակցելու նպատակով:
«ՀԱՆՐԱՀԱՍԱՆԵԼԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ EIFL-ի ԴԱՍԸՆԹԱՑ
Սեպտեմբերի 26-27, 2019 – Երևան, Հայաստան
2019 թ. սեպտեմբերի 26-27 Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ում կայացավ «Հանրահասանելի գիտություն» խորագրով դասընթաց: Միջոցառումն իրականացվել է ERASMUS+ CBHE «Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (MINERVA)» ծրագրի շրջանակներում:
Դասընթացին ներկա գտնվեցին MINERVA ծրագրի գործընկեր համալսարանների՝ Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ-ի, Երևանի պետական համալսարանի, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայկական պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչները: ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ), Հայաստանի Ամերիկյան համալսարանի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի ներկայացուցիչները ևս մասնակցեցին միջոցառմանը:
Դասընթացը վարեց հրավիրյալ փորձագետ, EIFL (Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարանների համար) «Հանրամատչելի տեղեկատվություն» ծրագրի մենեջեր Իրինա Կուչման: EIFL-ը MINERVA ծրագրի ասոցիատիվ գործընկերն է, որը խորհրդատվություն է տրամադրում մասնակիցներին մի շարք հիմնահարցերի վերաբերյալ, մասնավորապես՝ հանրահասանելիություն քաղաքականության ուղենիշների մշակում, ծրագրի գործընկեր երկրների համար ինստիտուցիոնալ էլեկտրոնային շտեմարանների ձևավորում և այլն:
Իրինա Կուչմայի անմիջական մասնակցությամբ EIFL-ի գործընկեր երկրներում ձևավորվել է ավելի քան 1 100 էլեկտրոնային շտեմարան և ամսագիր, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում անհրաժեշտ գրականության որոնման և օգտագործման, ինչպես նաև՝ հետազոտողների համար գիտական գրականությունը հասանելի դարձնելու գործում:
Երկօրյա թրենինգի ընքացքում մասնակիցներին ներկայացվեցին հանրահասանելի գիտության քաղաքականության առանցքային ուղենիշները: Քննարկվեցին նաև էլեկտրոնային շտեմարանների ձևավորմանը և հանրահասանելի գիտության և տվյալների կառավարման վերաբերյալ հետազոտողների տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն առնչվող մի շարք հիմնահարցեր:
EIFL-ը համագործակցում է մի շարք երկրների հետ՝ հանրահասանելի գիտությունը խթանելու նպատակով: Հատկանշական է, որ EIFL-ը նաև տրամադրում է մի շարք անհրաժեշտ նյութեր՝ հանրահասանելիության քաղաքականությունը մշակելու համար, որոնց հիման վրա հետագայում իրականացվում են քննարկումներ ազգային մակարդակներով՝ համապատասխան օրինագծերի մշակման համար: Տվյալ նյութերը ավելի դյուրին կդարձնեն ինստիտուցիոնալ պահոցների ձևավորման, հանրահասանելիության քաղաքականության մշակման գործընթացները, ինչպես նաև ուղեցույց կհանդիսանան գրադարանների աշխատակազմի, հետազոտողների և ուսանողների համար իրականացվելիք դասընթացների ժամանակ: Գործնականում կիրառելով EIFL-ի կողմից մշակված և տրամադրված կարգերը՝ ծրագրի գործընկեր երկրների համալսարանները կկարողանան որդեգրել և կիրառել հանրահասանելիության ինստիտուցիոնալ քաղաքականությունը, նախաձեռնել պահոցների համալրում և դրանք հանրահասանելի դարձնել՝ միաժամանակ պահպանելով հեղինակային իրավունքները:
Դասընթացի տեսական մասի ավարտից անմիջապես հետո մեկնարկեց գործնական մասը, որը միտված էր հանրահասանելի գիտությանն առնչվող հիմնախնդիրների շուրջ հետազոտողների համար դասընթացներ իրականացնելու գործում նոր հմտությունների ձևավորմանը: Աշխատանքային խմբերի բաժանված մասնակիցները քննարկեցին դասընթացներն առավելագույնս արդյունավետորեն անցկացնելու, թիրախավորումը ճիշտ սահմանելու, ինչպես նաև՝ իրականացվելիք դասընթացների ավարտին դրական արդյունքներ արձանագրելու հետ առնչվող մի շարք խնդիրներ: Մասնակիցները քննարկեցին նաև այլ հիմնահարցեր, մասնավորապես, այն չափանիշները, որոնցով անհրաժեշտ է առաջնորդվել դասընթացը կազմակերպելիս, ինչպես նաև՝ մրցակցային հետազոտական ոլորտի հիմնական մարտահրավերները:
ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ԼԻԵԺԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՄԻՆԵՐՎԱ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 21-25, 2019 – Լիեժ, Բելգիա
2019 թ. հոկտեմբերի 21-ից-25-ը Բելգիայի Լիեժ քաղաքում կայացավ ERASMUS+ CBHE շրջանակներում իրականացվող «Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (MINERVA)» ծրագրի հերթական ուսումնական այցը՝ EURAXESS-ի (https://euraxess.ec.europa.eu/) ընթացակարգով ՄՌ գիտական գերազանցության պիտակը ձեռք բերելու, մասնավորապես հետազոտողների համար Մարդկային ռեսուրսների ռազմավարության մշակման (HRS4R) գործընթացն ուսումնասիրելու նպատակով (ՄԻՆԵՐՎԱ աշխատանքային փաթեթ 4): Լիեժի համալսարանն առաջիններից է աշխարհում որդեգրել հանրահասանելի գիտության սկզբունքները (2007 թ.), ինչպես նաև ունի բավականին մեծ փորձ HRS4R պիտակի ձեռքբերման գործընթացների կազմակերպման հարցում:
Հանդիպման խորագիրն էր «Հետազոտության կառավարման կարողությունների ձևավորում» /«Building Capacities of Research Management»/: Ուսումնական այցին մասնակցեցին Հայաստանի և Մոլդովայի` ծրագրի գործընկեր հանդիսացող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակության ներկայացուցիչներն են՝ գրադարանի և Բրյուսովյան գիտական կենտրոնի ղեկավար Աննա Չուլյանը (ՄԻՆԵՐՎԱ ծրագրի ԵՊԼՀ համակարգող), գիտության բաժնի պետ Կարեն Հայրապետյանը, Կրթության կառավարման և պլանավորման ամբիոնի վարիչ Ռոբերտ Խաչատրյանը և նույն ամբիոնի դոցենտ Սամվել Հովհաննիսյանը:
Լիեժի համալսարանի փորձագետ Isabelle Halleux https://www.vitae.ac.uk/events/event-presenters/Isabelle-Halleux մասնակիցներին ներկայացրեց այլ երկրների լավագույն փորձը, ծանոթացրեց ընթացակարգերին, փաստաթղթերին և ձևաթղթերին: Պրոֆեսոր Halleux ուղղորդմամբ քարտեզագրվեց EURAXESS-ի ընթացակարգով HRS4R ՄՌ գիտական գերազանցության պիտակի ձեռքբերման գործընթացը, ինչպես նաև հաստատվեց գործողությունների պլանը` ըստ ժամկետների (ՄԻՆԵՐՎԱ աշխատանքային փաթեթ 4):
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹ 2019
Հոկտեմբերի 28, 2019 – Երևան, Հայաստան
Հոկտեմբերի 28-ին Համաշխարհային հանրամատչելի տեղեկատվության շաբաթվա շրջանակում Հայաստանի ամերիկյան համալսարանի Փափազյան գրադարանում տեղի ունեցավ «Հանրահասանելի ինստիտուցիոնալ պահոցները Հայաստանում» խորագրով քննարկումը: Քննարկման մասնակիցներն էին Հայաստանի առաջատար բուհերի գրադարանների տնօրենները և գրադարանավարներ:
Հայաստանի ամերիկյան համալսարանը և ՀՀ կառավարման ակադեմիան 2018-2019 թթ. Նորվեգիայի Բերգենի համալսարանի գրադարանի հետ համատեղ իրականացնում են «Կայուն հարթակի ստեղծում Հայաստանում հանրահասանելի հրատարակությունների համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության «Եվրասիա» ծրագրի կողմից Նորվեգիայի Կրթության Միջազգային համագործակցության Կենտրոնի (SIU) վերահսկողությամբ (Oapa.aua.am, 2019):
«ՄԻՆԵՐՎԱ» (Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացում) նախագիծը ներկայացրեց նախագծի ԵՊԼՀ համակարգող և գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը: Հայաստանի ակադեմիական հանրույթն արդեն իսկ ընդունել է հանրահասանելի գիտության սկզբունքների կարևորությունը և առավելությունը, որոնք մասամբ դրսևորվում են պետական մարմինների, կրթական համակարգերի, գրադարանների, հասարակական կազմակերպությունների, ամսագրերի հրատարակիչների կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնությունների միջոցով: Այնուամենայնիվ, համակարգման բացակայությունը, չափանիշների փոխըմբռնումը, հստակ օրենսդրության բացակայությունն այս նախաձեռնությունները դարձնում են անարդյունավետ և մեկուսացված համաշխարհային զարգացման համատեքստից:Հաջորդ երեք տարիների ընթացքում այդ բացը որոշ չափով կլրացնի նաև ՄԻՆԵՐՎԱ նախագիծը:
ՈԻՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ՎԱԼԵՆՍԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՄԻՆԵՐՎԱ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Նոյեմբերի 6-8, 2019 – Վալենսիա, Իսպանիա
2019 թ. նոյեմբերի 6-8-ը ՄԻՆԵՐՎԱ նախագծի շրջանակում կայացավ ճանաչողական այց Վալենսիայի համալսարան, որին մասնակցեցին ԵՊԼՀ ներկայացուցիչները՝ Աննա Չուլյանը (գրադարանի ղեկավար, ԵՊԼՀ ՄԻՆԵՐՎԱ ծրագրի համակարգող), Արևիկ Ավանեսովան (ԵՊԼՀ գրադարանի էլ. տեղեկատվության բաժնի պետ), Արմինե Վարդանյանը (ԵՊԼՀ գրադարանի մատենագետ) և Անի Շահինյանը (Որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի մասնագետ): Այցի նպատակն էր ծանոթանալ հանրահասանելի գիտության կայացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին: Վալենսիայի համալսարանի տարբեր ստորաբաժանումների մասնագետները, որոնք ընդգրկված են այս գործընթացի կայացման և իրականցման մեջ, ներկայացրեցին իրենց համալսարանի տեսլականը, ռազմավարական դիրքորոշումը և իրականացված համապատասխան գործողությունները: Հիմնականում ներկայացվեցին հանրահասանելի գիտության համար անհրաժեշտ համալսարանական պահոցների ինտեգրված համակարգը, որը կուտակում, ընդլայնում և համակարգում է հանրահասանելի գիտության հիմնաբաղադրիչները՝ հանրահասանելիությունը, հանրահասանելի կրթությունը, ազատ մշտադիտարկումը, ռեսուրսները և մեթոդաբանությունը:
Հանրահասանելիությունը միտված է գրախոսվող գիտական աշխատանքները (հիմնականում ակադեմիական ամսագրերում տպագրված հետազոտական հոդվածները) և գիտահետազոտական տվյալների բազաները՝ հրատարակված հոդվածների կամ մշակված, սակայն չհրատարակված գիտական աշխատանքների, ինչպես նաև չմշակված տվյալների բազաներ) հանրությանը հասանելի դարձնելու գործընթացների խթանմանը: Հանրահասանելի կրթության նպատակն է առցանց ծրագրերը, սեմինարներն ու աշխատաժողովները: Ազատ մշտադիտարկումը նպատակաուղղված է այնպիսի արժանահավատ գիտաչափական մեխանիզմների մշակմանը, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի ապահովել բարձրորակ հետազոտություն: Ազատ հետազոտության և մեթոդաբանության նպատակն է հավաքագրել տեղեկույթ այնպիսի տարբեր տվյալների բազաների և արդյունավետ մեթոդների մասին, որոնք կնպաստեն հետազոտության վերաբերյալ տեղեկացվածության և հետաքրքրության մեծացմանը:
Ճանաչողական այցի ընթացքում ծրագրի շրջանակում կատարված հիմնական ներդրումը «նոու-հաու»-ների, փորձառության, ազգային փորձի, գրականության ու գիտելիքի փոխանցումն էր: Հայաստանում համալսարանական պահոցների վերոնշյալ ինտեգրված համակարգի զարգացման կառավարման հիմնական պատասխանատվությունը դրված է ԵՊԼՀ-ի վրա, և այս առումով հանրահասանելի գիտության աշխատանքային խմբի կողմից համապարփակ ներդրումն օգտակար կլինի:
Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն ուսումնական հաստատություններում հանրահասանելի գիտության հարթակներում համալսարանական պահոցների զարգացումը, ստանդարտացումն ու ինտեգրումն այս ծրագրի հաջողությունն ապահովող առանցքային գործոններն են:
ՄԻՆԵՐՎԱ ՆԱԽԱԳԾԻ 2019 Թ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ
Դեկտեմբերի 5, 2019 – Երևան, Հայաստան
2019 թ.-ի դեկտեմբերի 5-ին Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը իրականացրեց ՄԻՆԵՐՎԱ նախագծի մեկամյա աշխատաքների մշտադիտարկում: ԵՊՀ-ն՝ որպես նախագծի ազգային համակարգող, հյուրընկալեց նախագծի գործընկեր համալսարանների (Վ.Բրյուսովի անվ. ԵՊԼՀ, Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ, ՀՊՏՀ), ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԲՈԿ-ի ներկայացուցիչներին: Մշտադիտարկումը վարեցին Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Լանա Կառլովան և պատասխանատու՝ Էդիթ Սողոմոնյանը:
Կատարված աշխատանքների տարեկան հաշվետվությամբ ելույթ ունեցան նախագծի գործընկեր համալսարանների համակարգողները: ԵՊԼՀ ՄԻՆԵՐՎԱ համակարգող Ա.Չուլյանը ներկայացրեց 2019թ. նախագծի շրջանակներում իրականացված գործողությունները, ինչպես նաև այդ ընթացքում առերեսված դժվարությունները և ձեռքբերումները: Քննարկվեցին հաջորդ տարվա ընթացքում նախատեսված աշխատանքները, գործողությունների լավագույնս իրականացման համար տարբեր ուղիները, ինչպես նաև Էրազմուս+ նախագծի շրջանակում իրականացվող գիտության և կրթության արդիականացմանը միտված այլ ծրագրերի հետ համագործակցության հնարավորությունները:
ԵՊԼՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐՀՐԴԻ № 8 ՆԻՍՏ
Դեկտեմբերի 20, 2019 – Երևան, Հայաստան
2019 թվականի դեկտեմբերի 20-ին կայացավ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի № 8 նիստը:
Ի թիվս տարեկան հաշվետվությունների՝ ներկայացվեցին նաև ԵՊԼՀ միջազգային ծրագրերը:
Էրազմուս + «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության շրջանակներում ԵՊԼՀ համակարգող Աննա Չուլյանը ներկայացրեց «Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում (ՄԻՆԵՐՎԱ)» ծրագրի 2019 թվականի հաշվետվությունը:
Ներկայացվեցին նախագծի առաջին տարվա ընթացքում կատարված աշխատանքները, քննարկվեցին ձեռք բերված հաջողությունները և առերեսված խոչընդոտները, ինչպես նաև՝ հաջորդ տարվա համար նախատեսված գործողությունների պլանը:
ԷՐԱԶՄՈՒՍ+ ԾՐԱԳՐԻ ՔԼԱՍԹԵՐԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ FAST ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ
Դեկտեմբերի 23, 2019 – Երևան, Հայաստան
Դեկտեմբերի 23-ին Էրազմուս+ ազգային սենյակի և FAST հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրամում կայացավ քլաստերային հանդիպում, որի շրջանակներում Էրազմուս+ 4 կարողությունների զարգացման ծրագրերի ներկայացուցիչներ հանդիպեցին FAST հիմնադրամի (www.fast.foundation) և Հորիզոն 2020 ազգային կոնտակտային գրասենյակի (h2020.sci.am) աշխատակազմի հետ: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ հարթակ հանդիսանալ համալսարանների և ներդրումային ձեռնարկությունների համար՝ հիմք ընդունելով նրանց՝ Հայաստանում գիտահետազոտական էկոհամակարգը զարգացնելու ընդհանուր նպատակները: FAST-ի աշխատակազմը հրավիրյալների համար շրջայց կազմակերպեց հիմնադրամի տարածքում, որից հետո մասնակիցներին ողջունեց Էրազմուս+ գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ Այնուհետև, համագործակցությանն և ծրագրերի բաժի տնօրեն Սյուզաննա Շամախյանը ներկայացրեց հյուրընկալող կազմակերպության հիմնական առաքելությունը, այն է ՝ ստեղծել մի էկոհամակարգ, որը կխթանի տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջխաղացումը Հայաստանում և դրանից դուրս՝ երկրի գիտական պրոֆիլը բարձրացնելու գործում ներգրավելով գիտահետոզատական համայնքներին: Մասնակիցներին ներկայացվեցին FAST-ի կանխատեսումները հետազոտության և զարգացման (R&D) վերաբերյալ ինչպես նաև հիմնադրամի ներդրումային գործողություններն ի դեմս մի շարք դրամաշնորհային ծրագրերի (fellowships): Հաջորդիվ, կրթական 3-րդ աստիճանի և հետազոտությունների խթանմանն ուղղված Էրազմուս+ կարողությունների զարգացման ընթացիկ և նոր ծրագրերի ներկայացուցիչները համառոտ ներկայացրեցին իրենց ծրագրերի հիմնական նպատակներն ու ակնկալվող արդյունքները՝ հետևալ հաջորդականությամբ․
- MINERVA ծրագիրը (Strengthening Research Management and Open Science Capacities of HEIs in Moldova and Armenia) ներկայացվեց Երևանի Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի ղեկավար և ծրագրի ազգային համակարգող Աննա Չուլյանի կողմից։
- MODEST ծրագիրը (Modernisation of Doctoral Education in Science and Improvement of Teaching Methods) ներկայացրեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղական համակարգող Գևորգ Մարկարովը։
- Երևանի Մ․ Հերացու անվ․ բժշկական համալսարանի կողմից համակարգվող DPPHSS ծրագիրը (Doctoral Programmes in Public Health and Social Science) ներկայացրեց ծրագրի համակարգող Արտաշես Թադևոսյանը։
- ARMDOCT (Reforming Doctoral Education in Armenia in Line with Needs of Academia, Industry and Current EU Practices) ծրագիրը, որը 2020թ-ից սկսած կհամակարգվի Եվրասիա միջազգային համալսարանի կողմից, հակիրճ ներկայացվեց ծրագրի համակարգող Արևիկ Օհանյանի կողմից։
Վերոնշյալ բոլոր ծրագրերը ունեն ընդհանուր նպատակներ և առանձնահատկություններ, որոնք քլասթերային հանդիպման շրջանակներում մանրամասն քննարկման առարկա դարձան։ Դրանց գործունեության հիմնական նպատակը ծրագրերի մասնակից հայաստանյան բուհերում դոկտորական դպրոցների կամ հետազոտական կենտրոնների զարգացումն ու Հայաստանում 3-րդ աստիճանի կրթության ազգային կարգավորիչ շրջանակի ներդրումն է:Շնորհանդեսներին հաջորդեց քննարկում, որը վերաբերում էր արտաքին շահառուների հետ համագործակցության ձևաչափերի բացահայտմանը։ Հանդիպման ավարտին 2020թ-ի փետրվարին պաշտոնապես մեկնարկող Էրազմուս+ ARMDOCT ծրագրի թիմի և FAST հիմնադրամի միջև հաջորդ հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք բերվեց: 4 ծրագրերի ներկայացուցիչները պայմանավորվեցին պահպանել այս նոր համագործակցային ցանցը և մեկ տարի անցկ կազմակերպել մեկ այլ հանդիպում՝ ներկայանելու իրենց առացել շոշափելի արդյունքներն ու մարտահրավերները։