2020 events - MINERVA
Հետևեք մեզ`
BOOST նախագծին նվիրված համաժողովը Երևանում
Հունվարի 21, 2020 – Երևան, Հայաստան
2020 թ. հունվարի 21 Հայաստանի Ամերիկյան համալսարանում /ՀԱՀ/ Erasmus+ BOOST /Էրազմուս+ Հայկական համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարկետինգի խթանում/ նախագծի շրջանակներում կայացավ բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված համաժողովը:
Erasmus+ BOOST նախագծի համակարգող Մարիաննա Հարությունյանը ներկայացրեց նախագծի արդյունքները, մասնավորապես՝ միջազգայնացման փորձի հիման վրա իրականացված համեմատական վերլուծությունը, առաջիկա անելիքների ծրագիրը, ուսանողների փոխանակման ծրագրի ազգային ուղենիշի մշակումը, հայաստանյան բուհերում միջազգային համագործակցության և համապատասխան ոլորտներում ծառայությունների մատուցման ղեկավարման կենտրոնների ստեղծումը և մի շարք այլ հիմնահարցեր: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության քաղաքականության զարգացման ոլորտի մասնագետ Տաթևիկ Ղարիբյանը և Ակադեմիական փոխճանաչման եվ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը ներկայացրեցին միջազգայնացման ռազմավարությունը հայաստանյան բուհերի համար:
Համաժողովի մասնակիցները կարևորեցին վերոնշյալ ռազմավարությունները և անձնապես ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Նախագծի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները պատմեցին դասընթացների և կոնսորցիումի եվրոպական գործընկերների նախաձեռնած միջազգային ճանաչողական շաբաթների ընթացքում ձեռք բերված փորձի մասին, ներկա գտնվողներին ծանոթացրեցին ոլորտի նորագույն միտումներին: Բարձրագույն տեխնիկական համալսարանի /Պորտուգալիա/, Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի /Շվեդիա/ և Ռովիրի և Վերխիլի համալսարանի /Իսպանիա/ ներկայացուցիչները կիսվեցին իրենց ուսումնական հաստատությունների միջազգայնացման փորձով, ներկայացրեցին գործընթացների զարգացումները, մարտահրավերները, ինչպես նաև՝ ոլորտի ձեռքբերումները:
Միջոցառման ընթացքում Erasmus+ capacity building /Էրազմուս+ հմտությունների կառուցում/ HARMONY, MINERVA և SMART նախագծերի ներկայացուցիչները քննարկեցին նախագծերին առնչվող մի շարք հիմնախնդիրներ: Վ.Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարանի ղեկավար, ԵՊԼՀ MINERVA նախագծի համակարգող Աննա Չուլյանը ներկայացրեց «ERASMUS + CBHE MINERVA Հետազոտությունների կառավարման և հանրահասանելի գիտության կարողությունների զարգացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում» նախագծի հիմնական խնդիրները և ակնկալվող ձեռքբերումները:
Համաժողովի հաջորդ օրը կայացավ կոնսորցիումի ղեկավար կազմի հանդիպումը: Օրակարգում ընդգրկված էին նախագծի հետագա հինգ ամիսների ընթացքում իրականացվելիք աշխատանքներին առնչվող մի շարք հիմնահարցեր: Կոնսորցիումի ղեկավարությունը կայացրեց 2020 թվականի հուլիսի 1-ին BOOST եզրափակիչ համաժողովն անցկացնելու որոշումը:
|
|
Աղբյուր` https://boost.aspu.am/boost-dissemination-conference-held-in-yerevan/