LNSS 2016
ERASMUS+ LNSS գրադարանային ծրագրի մեկնարկային հանդիպում
Մարտ 8-9, 2016 - Բրաշով, Ռումինիա
2016թ. մարտի 8-9-ը Ռումինիայի Բրաշով քաղաքում տեղի ունեցավ «Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» (LNSS) ԷՐԱԶՄՈՒՍ+ ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագրին մասնակցում էին Հայաստանի, Իռլանդիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Բելառուսի և այլ երկրների բուհերի ներկայացուցիչներ: Ծրագրի համակարգողն է Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիան: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) ներկայացնում էին ԵՊԼՀ գրադարանի վարիչ Աննա Չուլյանը և Որակի ապահովման կենտրոնի համակարգող Անի Շահինյանը: Ա. Չուլյանը ներկայացրեց ԵՊԼՀ-ի և մասնավորապես գրադարանի գործունեությունը, գրադարանային ռեսուրսներն ու հնարավորությունները, ինչպես նաև ծրագրում ԵՊԼՀ-ի դերակատարությունն ու ծրագրից սպասվող ակնկալիքները: Ծրագրի համակարգող ուսումնական հաստատության՝ Պետական կառավարման ակադեմիայի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը ներկայացրեց ծրագրի նպատակներն ու խնդիրները, աշխատանքային փաթեթները, նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, ինչպես նաև ծրագրի վերջնարդյունքները: Ծրագրի բոլոր մասնակից բուհերը նույնպես հանդես եկան ներկայացումներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ֆինանսական խնդիրները և ծրագրի իրականացման արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ այլ նախադրյալները:
LNSS ծրագիրը նպատակաուղղված է բուհերի գրադարանների բարեփոխմանն ու արդիականացմանը, ինչպես նաև գրադարանային ցանցի ապահովմանը: Ակտիվ համագործակցության և փորձի փոխանակման միջոցով ծրագրում ընդգրկված բուհերը հնարավորություն կունենան բարելավելու իրենց գրադարաններն ու մասնակցելու մասնագիտական վերապատրաստումներին, որի արդյունքում կամրապնդվեն գրադարանների միջև համագործակցային կապերը, և գրադարանային բարեփոխումներն ավելի տեսանելի կդառնան:
______________
ERASMUS+ LNSS գրադարանային ծրագրի շրջանակներում
ESP վերապատրաստման դասընթաց
Հունիս 23-24, 2016 - Երևան, Հայաստան
2016 թ. հունիսի 23-ին և 24-ին Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում անցկացվեցին «Անգլերեն հատուկ նպատակների համար (ESP)» թեմայով վերապատրաստման դասընթացներ «Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» (ERASMUS+ LNSS) ծրագրի շրջանակներում: Վերապատրաստումը վարում էին Տրանսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Անջելա Ռեպանովիչին (Բրաշով, Ռումինիա) և Կրետեի համալսարանի գրադարանի վարիչ, դոկտոր Մանոլիս Կուկուրակիսը (Հունաստան):
Վերապատրաստմանը մասնակցեցին նաև Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի աշխատակազմի, ինչպես նաև վարչական կազմի ներկայացուցիչները:
Վերապատրաստման դասընթացներին մասնակիցները ծանոթացան տեղեկատվական գրագրության, առցանց գրադարանային ծառայությունների և էլեկտրոնային գրադարանների ոլորտների զարգացման նոր միտումներին ու նորարարություններին: Քննարկվեցին նաև հատուկ կարիք ունեցողներին գրադարանների հասանելիությանն առնչվող մի շարք հիմնախնդիրներ:
Վերապատրաստման ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և ստացան մասնակցության վկայականներ:
______________
ERASMUS+ LNSS գրադարանային ծրագրի շրջանակներում
ESP վերապատրաստման դասընթաց
Մայիս 19-20, 2016 - Երևան, Հայաստան
2016թ. մայիսի 19-20-ը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում անցկացվեցին «Անգլերեն հատուկ նպատակների համար (ESP)» թեմայով վերապատրաստման դասընթացներ: Միջոցառումը կազմակեպված էր «Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով» (ERASMUS+ LNSS) ծրագրի շրջանակներում: Դասընթացները վարեցին ծրագրի գործընկեր «The Pyramid Group» (Գերմանիա) կազմակերպության պրոֆեսոր Ջերարդ Քուլենը և դասախոս Սաբրինա Հյութերը: Դասընթացներին մասնակցեցին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի գրադարանավարները:
Դասընթացները նախատեսված էին անգլերենի տարբեր մակարդակների իմացությամբ մասնակիցների համար: Առաջին խմբում էին սկսնակները, որոնց հետ աշխատեց դասախոս Սաբրինա Հյութերը: Երկու օրվա ընթացքում մասնակիցները կատարում էին տարբեր քերականական վարժություններ, թարգմանություններ, ինչպես նաև անգլերենով հաղորդակցվելու հմտությունները զարգացնող առաջադրանքներ:
Երկրորդ խմբում էին անգլերեն լեզվի մասնագետները և անգլերենին սահուն տիրապետող գրադարանավարները: Պրոֆեսոր Ջերարդ Քուլենը ներկայացրեց եվրոպական չափանիշներին համաձայն ընդունված ինքնակենսագրական (Europass CV) և մոտիվացիոն նամակներ գրելու հմտությունները: Սկզբում մասնակիցները ծանոթացան տեսական նյութին, հաջորդաբար հանդես եկան ներկայացումներով, որոնք արժանացան մասնագետների բարձր գնահատականի:
Դասընթացների ավարտին մասնակիցներին հանձնվեցին համապատասխան հավաստագրերը:
______________
«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԻԼՈՏԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊԼՀ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
Նոյեմբեր 28 - Դեկտեմբեր 20 - Երևան, Հայաստան
2016 թ. նոյեմբերի 29-ին Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարանում մեկնարկեց «Տեղեկատվական գրագիտություն և հետազոտական հմտություններ» խորագիրը կրող վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված գրադարանավարների համար: Պիլոտային դասընթացը մշակվել է որպես ERASMUS+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») ծրագրի աշխատանքային փաթեթ:
Պիլոտային դասընթացի մեկնարկին ներկա գտնվեցին ծրագրի եվրոպական գործընկեր համալսարանների փորձագետներ պրոֆ. Անջելա Ռեպանովիչին (Տրանսիլվանիայի համալսարան, Բրաշով, Ռումինիա) և պրոֆ. Մանոլիս Կուկուռակիսը (Կրետեի համալսարան, Հունաստան)՝ դասընթացի բովանդակությունը դիտարկելու և մատուցման որակը գնահատելու նպատակով: Դասընթացին մասնակցեցին Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի 24 անդամ-գրադարանների ներկայացուցիչներ՝ Հայաստանի ազգային գրադարան /6/, Վ.Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարան /7/, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի գրադարան /2/, Եվրասիա միջազգային համալասարանի գրադարան /1/, Անանիա Շիրակացու անվ. ճեմարանի գրադարան /1/, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գրադարան /1/, Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գրադարան /3/, մարզային՝ Շիրակի մարզային գրադարան /1/, Գորիսի պետական համալսարանի գրադարան /2/:
Վերապատրաստման դասընթացը տևեց չորս շաբաթ: Այն վարեցին ԵՊԼՀ գրադարանի վարիչ, բ.գ.թ. Ա. Չուլյանը, մատենագետներ՝ Ա. Ավանեսովան և Ա. Վարդանյանը, ԵՊԼՀ որակի ապահովման կենտրոնի համակարգող Ա. Շահինյանը: Դասընթացը ներառում էր հետևյալ թեմաները՝
- Տեղեկատվական մշակույթի միջազգային չափանիշները / Ա. Չուլյան/
- Տեղեկատվության կառավարում և հետազոտական հմտություններ /Ա. Չուլյան/
- Առցանց գրացուցակներ և որոնման ռազմավարություն / Ա. Ավանեսովա/
- Մատենագիտական տեղեկատվության կառավարման համակարգեր /Ա. Վարդանյան/
- Գրադարանի էլեկտրոնային շտեմարաններ /Ա. Չուլյան/
- Հեղինակային իրավունքը գրադարանում /Ա. Շահինյան/
- Բաց բովանդակությամբ (Creative Commons) արտոնագրեր /Ա. Շահինյան/
Դասընթացի շրջանակներում նաև կազմակերպվեց ճանաչողական այց ԵՊԼՀ գրադարանի բաժիններ՝ գիտելիքների և փորձի փոխանակման նպատակով:
Դասընթացի վերջում մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր: