LNSS 2018

ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ LNSS ԾՐԱԳՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԿՈՆՖԵՐԱՆՍԸ


2018 թվականի հոկտեմբերի 3-5 Մոլդովայի Հանրապետությունում՝ Քիշնև և Բելցի քաղաքներում, տեղի ունեցավ եզրափակիչ հանդիպում և համաժողով՝ ERASMUS+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվել է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ և նպատակաուղղված է գործընկեր համալսարանների գրադարանների բարելավմանը՝ աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների արդիականացման միջոցով: 

 

Եզրափակիչ հանդիպմանը և համաժողովի աշխատանքներին մասնակցություն ունեցավ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ի դեմս

 Աննա Չուլյանի՝ գրադարանի ղեկավարի

 Հասմիկ Ղազարյանի ՝ ֆինանսական բաժնի պետի

 Արևիկ Ավանեսովայի՝ գրադարանի էլեկտրոնային սպասարկման բաժնի պետի

 Արմինե Վարդանյանի՝ մատենագետի

 Անի Շահինյանի՝ Որակի ապահովման և բարեփոխումների կենտրոնի համակարգողի

Հոկտեմբերի 3-ին Մոլդովայի հանրային կառավարման ակադեմիայում (Քիշնև) կայացավ եզրափակիչ համաժողովի պաշտոնական բացումը, որից հետո ծրագրի բոլոր մասնակիցները ներկայացրեցին իրենց հաշվետվությունները: Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հաշվետվությունը ներկայացրեց գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը: Նա ամփոփեց ծրագրի շրջանակներում երեք տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ներկայացրեց բոլոր ձեռքբերումները և չնախատեսված արդյունքները:

Համաժողովի երկրորդ օրը կայացավ Բելցիի Ալեկու Ռուսսոյի անվան պետական համալսարանում: Համաժողովի շրջանակներում Վ. Բրյուսովի անվան ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը ներկայացրեց «Բաց մատչելիության գրադարանների ծրագրային ապահովումը Հայաստանում» խորագրով զեկույցը:

Համաժողովի եզրափակիչ օրը նշանավորվեց ֆինանսական հաշվետվության ամփոփմամբ, տարբեր արդիական հարցերի քննարկմամբ, ինչպես նաև՝ ծրագրի մասնակից իննը գրադարանների ղեկավարների կողմից գործընկերության և համագործակցության հուշագրի ստորագրմամբ:

___________


XXI
 ԴԱՐՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ ԵՎ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ


Աշխատաժողովի պատվավոր բանախոսներն էին՝ ԱՄՆ Իլլինոյի համալսարանի «Տեղեկատվական գիտությունների դպրոց»-ի դեկան դոկտոր Ալեն Ռենիրը և «Դպրոցական գրադարանավարների ամերիկյան ասոցիացիա»-ի նախագահ դոկտոր Սթիվեն Յեյթսը, որոնք ներկայացրեցին ոլորտին առնչվող արդիական թեմաներ՝ «Գրադարանների դերը XXI դարի աշխատավայր և համայնք մուտք գործող ուսանողներին նախապատրաստելու գործում՝ աշխարհում ընթացող խոշոր փոփոխությունների համատեքստում» և «Ծրագրերի մշակում առանց ծախսերի. ինչպես առանց գումարի ակտիվություն և ոգևորություն տտեղծել դպրոցական գրադարանում»:2018 թվականի հունիսի 4-ին UWC Դիլիջանի միջազգային դպրոցում կայացավ «Գրադարանը XXI դարում. միջազգային լավագույն փորձը և միտումները» խորագրով աշխատաժողովը, որն իր շուրջն էր հավաքել Հայաստանի գրեթե բոլոր մարզային գրադարանների ներկայացուցիչներին:

Աշխատաժողովի ընթացքում անցկացվեցին կլոր սեղաններ ըստ հետևյալ թեմաների՝ «Ուսումնառության տարածքները XXI դարի Հայատանում» /բանախոս-մոդերատոր՝ Սաթենիկ Ավագյան՝ ՀԱՀ Փափազյան գրադարանի տնօրեն/» և «Տեղեկատվական գրագիտությունը և մարտահրավերները Հայաստանում /բանախոս-մոդերատոր՝ Աննա Չուլյան՝ ԵՊԼՀ գրադարանի ղեկավար և Հայաստանի էլեկտրոնային գրադարանների կոնսորցիումի գործադիր տնօրեն/:

Ա.Չուլյանը ներկայացրեց LNSS ծրագրի շրջանակներում («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններՀայաստանիՄոլդովայի ևԲելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխմանմիջոցով»)  տեղեկատվական գրագիտություն ուղղությամբ իրականացված գրադարանավարների վերապատրաստմանն  միտված փորձը և ստացված արդյունքները:

Կլոր սեղանի շուրջ քննարկվեցին  նմանատիպ դասընթացների հետևողականության ռազմավարությունը, գրադարաններին ուղղված մարտահրավերները Հայաստանում, ինչպես նաև՝ կոնսորցիումի անդամ գրադարանավարների հետագա համագործակցության շրջանակը տարբեր մակարդակներում և հարթակներում:

___________


«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՕՐ» ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 

2018 թվականի հունիսի 1-ին Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ «Գրադարանների ազգային իրազեկման օր» միջոցաոումը, որի նպատակն էր իրազեկել LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններՀայաստանիՄոլդովայի և Բելառուսի գրադարաններիարդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով»)  ծրագրի շրջանակում իրականացված գրադարանավարների վերպատրաստման  դասընթացների վերաբերյալ, ինչպես նաև՝ քննարկել Սյունիքի մարզային գրադարանների և Գորիսի պետական համալսարանի հետ համագործակցության հեռանկարները:

Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը ներկայացրեց «Հայաստանի թվային գրադարանները և միջազգային գիտական շտեմարանների հասանելիությունը Հայաստանում» խորագրով թեման, որի ընթացքում քննարկվեցին գրադարանային ոլորտին առնչվող մի շարք հիմնահարցեր, մասնավորապես՝ թվային գրադարանները և դրանց զարգացման տեսլականը, գրքի ոլորտի մշակութային ժառանգության պահպանումը և հանրային մատչելիության քաղաքականությունը, ինչպես նաև՝ գրադարաններում բաց հասանելիության գիտաչափական գործիքակազմի կիրառումը:

 Վ. Բրյուսովի անվ. ԵՊԼՀ գրադարանի մատենագետ Արմինե Վարդանյանը անցկացրեց «Վեբ 2.0 տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի կիրառումը գրադարաններում» խորագրով գործնական հմտությունների զարգացմանը միտված դասընթաց:

 Միջոցառմանը մասնակցեցին LNSS ծրագրի կոնսորցիումի անդամ երկրների համալսարանների ներկայացուցիչները Հայաստսանից, Գերմանիայից, Ռումինիայից և Հունաստանից:

 Աշխատաժողովի ընթացքում թիրախավորվեցին և քննարկվեցին մի շարք հիմնախնդիրներ՝ Հայաստանի թվային գրադարանների ֆոնդերը, միջազգային գիտական շտեմարանների հասանելիությունը Հայաստանում, հեղինակային իրավունքի սահմանափակումները գրադարանների համար և այլընտրանքային հեղինակային իրավունքի արտոնագրերը, գիտաչափության կիրառումը բուհերում, ինչպես նաև՝ մի շարք այլ հիմնահարցեր:

 Միջոցառման արդյունքում քննարկվեց գրադարանավարների համատեղ իրականացվելիք գործողությունների ռազմավարությունը՝ միտված մասնագիտական վերապատրաստմանը  ծրագրի ավարտից հետո: