2019 Միջոցառումներ
«ԵՊԼՀ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐ 2019» Վանաձորում
Ապրիլի 10-ին Վանաձոր քաղաքում մեկնարկվեց «Մասնագիտությունների օր Վանաձորում-2019» մասնագիտական կողմնորաշման օրը, որտեղ բուհի ստորաբաժանումները ներկայացնում էին իրենց կրթական ծրագրերը և ընձեռնված հնարավորությունները ապագա մասնագետների համար:
Այս ծրագրի շրջանակներում կազմակերպված էր նաև հանդիպում Վանաձորի դպրոցների գրադարանավարների հետ: 23 գրադարանավար 22 դպրոցներից ծանոթացան բուհի մասնագիտական ուղղվածություններին և ուսումնական գործընթացում գրադարանի կարևոր դերակատարությունը:
ԵՊԼՀ գրադարանի ղեկավար Աննա Չուլյանը ներկայացրեց ժամանակակից ուսումնական հաստատությունների գրադարանների հեռանկարները, թվային գրադարանների հնարավորությունները, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման անհրաժեշտությունը, ինչին միտված է ERASMUS+ LNSS («Գրադարանային ցանցի աջակցման ծառայություններ. Հայաստանի, Մոլդովայի և Բելառուսի գրադարանների արդիականացում գրադարանի աշխատակազմի մասնագիտական զարգացման և գրադարանների բարեփոխման միջոցով») ծրագիրը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին դպրոցական գրադարաններին առնչվող խնդիրները և առանձնահատկությունները, որոնք հետագայում հաշվի կառնվեն դպրոցական գրադարանավարների համար մասնագիտական վերապարտրաստման դասընթացների ծրագրերում:
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԷՕՐՆԵԿԵԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԵՐԻ ՀԵՏ
2019 թվականի ապրիլի 18-ին Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանի ղեկավար՝ Աննա Չուլյանի հանդիպումը Էօրնեկեան Հանրակրթական Ուսումնական Հաստատության սաների և գրադարանավարների հետ:
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին տեղեկատվական գրագիտության հիմունքները, հանրամատչելի աղբյուրները, հայատառ էլեկտրոնային շտեմարանները, հեղինակային իրավունքի պաշտպանության կարևորությունը և այլն: Դպրոցի սաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին շոշափվող հարցերի նկատմամբ: