Օտարերկրյա (այդ թվում՝ սփյուռքահայ) դիմորդների գրանցում և փաստաթղթերի հայտագրում Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ (2025-2026 ուսումնական տարի)
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն)՝ հիմք ընդունելով. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշումը՝ սկսում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում 2025-2026 ուսումնական տարվա համար օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը հետևյալ ժամկետներում (կցվում է դիմորդի ուղեցույցը)՝
· Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով (հայագիտական, մանկավարժական և արվեստի բնագավառի մասնագիտություններ) սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ,
· Վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,
· Վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,
· Վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
· Վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ:
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագրի պատճենը,
2. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
3. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
4. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
5. միասնական քննությունների վկայագիր,
6. 3x4 չափսի 4 լուսանկար,
7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով,
8. հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու համար՝ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ` 20 էջի սահմաններում, հայերենով, ռուսերենով կամ անգլերենով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
· ԲՊՀ Արտաքին կապերի և միջազգային համագործակցության բաժին (հեռ. +37410522020/206,207/) intrelbrusov@gmail.com
· Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն (հեռ. +374 10-578455)։