Միջազգային շարժունության ծրագրերին մասնակցության պայմանները ԲՊՀ սովորողների և աշխատողների համար
Շարժունության ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է ԲՊՀ-ի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև կարող է տարածվել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների սոցիալական ցանցերում առկա էջերի, տեղեկատվական սեմինարների, էլեկտրոնային նամակների և տեղեկատվության տարածման այլ միջոցներով:
Մրցութային կարգով իրականացվող շարժունության ծրագրին մասնակցության դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո, ռեկտորի հրամանով ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը ներառում է ներկայացուցիչներ համապատասխան ֆակուլտետներից, ԱԿՄՀ վարչությունից, ծրագիրը նախաձեռնող կառուցվածքային ստորաբաժանումից, ինչպես նաև ըստ անհրաժեշտության այլ կառուցվածքային ստորաբաժանումներից՝ հիմք ընդունելով շարժունության ծրագրի նպատակները և առանձնահատկությունները:
Որոշ դեպքերում, երկկողմ համաձայնությամբ, շարժունության ծրագրի մասնակցության մրցույթը կարող է կազմակերպել հյուրընկալող օտարերկրյա բուհը, որը, նման պարագայում, տրամադրում է այդ փաստը հավաստող գրություն:
Մրցութային հանձնաժողովը շարժունության ծրագրի մասնակցի ընտրությունը կատարում է հիմք ընդունելով հետևյալ չափանիշները՝
սովորողի դեպքում՝
- առաջադիմությունը (միջին որակական գնահատականը (ՄՈԳ))՝ նախապատվությունը տալով բարձր ՄՈԳ ունեցողին,
- շարժունության ծրագրով պահանջվող օտար լեզվի իմացության մակարդակը (նվազագույնը՝ B1 մակարդակ),
- շահադրդվածությունը (մոտիվացիան),
- նախկինում շարժունության ծրագրերին մասնակցությունը՝ նախապատվությունը տալով շարժունության ծրագրերի նախկինում չմասնակցած կամ մյուս դիմողների համեմատությամբ ավելի քիչ մասնակցած թեկնածուին,
աշխատողի դեպքում՝
- շարժունության ծրագրին մասնակցության համար պահանջվող ծրագրային առաջարկի առկայությունը և դրա համապատասխանությունը ԲՊՀ-ի ռազմավարական և տվյալ կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրական նպատակներին ու խնդիրներին, ինչպես նաև շարժունության ծրագրի նպատակներին դիմողի աշխատանքային գործառույթների համապատասխանությունը,
- շարժունության ծրագրով պահանջվող օտար լեզվի իմացության մակարդակը (նվազագույնը՝ B2 մակարդակ),
- շահադրդվածությունը,
- նախկինում շարժունության ծրագրերին մասնակցությունը՝ նախապատվությունը տալով շարժունության ծրագրերի նախկինում չմասնակցած կամ մյուս դիմողների համեմատությամբ ավելի քիչ մասնակցած թեկնածուին։
Արտագնա շարժունության ծրագրին մասնակից թեկնածուի տվյալները, իսկ որոշ դեպքերում հյուրընկալող բուհի պահանջով նաև մասնակցի ընտրության վերաբերյալ արձանագրությունը և այլ պահանջվող փաստաթղթեր, ներկայացվում է հյուրընկալող օտարերկրյա բուհին հաստատման նպատակով: Շարժունության ծրագրին մասնակցության համար հիմք է հանդիսանում հյուրընկալող բուհի կողմից տրված հաստատումը և համապատասխան հրավերի նամակը:
ԲՊՀ սովորողների և աշխատողների միջազգային շարժունության ծրագրերին մասնակցությունը կազմակերպվում է համաձայն «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջազգային շարժունության մասին» կարգի: