«Մենք շատ կարևորում ենք ներգնա շարժունության ծրագրերը, որոնց թիվը մեր համալսարանում տարեցտարի աճում է: Դրանք թույլ են տալիս աշխարհի տարբեր համալսարանների ուսանողներին սովորել հայերեն, ծանոթանալ հայկական հարուստ մշակույթին և ավանդույթներին, պատմությանը, նպաստում են երկրների և ժողովուրդների միջև կապի ամրապնդմանը: Մենք ուրախ ենք, որ ԲՊՀ-ն ոչ միայն շարունակում է մնալ Հայաստանում օտար լեզուների ուսուցման առաջատար համալսարանը, այլև օտարերկրացի շատ ուսանողների համար այն արդեն դարձել է հայերենը սովորելու լավագույն համալսարան, և նրանց թիվը գնալով ավելանում է»,- նշում է ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը:
Բացի Պեկինի օտար լեզուների համալսարանից, ԲՊՀ-ն այսօր համագործակցում է աշխարհի 30 երկրների շուրջ 120 համալսարանների հետ, այդ թվում՝ Չինաստանի Դալիանի օտար լեզուների համալսարանի, Ֆրանսիայի Սորբոնի, Գերմանիայի Հայդելբերգի, Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի և Հալլե-Վիթենբերգի Մարտին Լյութերի, Բելգիայի Լյուվենի Կաթոլիկ, Իտալիայի Վերոնայի, Ավստրիայի Վիեննիայի և Զալցբուրգի, Բուենոս Այրեսի Ռոսարիոյի, Մոսկվայի պետական լեզվաբանական, Իսպանիայի Վայադոլիդի, Իրանի Ալամեհ Թաբաթաբայի անվան և այլ համալսարանների հետ, և իրականացնում է ուսանողների, դասախոսների և վարչական կազմի ներգնա և արտագնա շարժունության ծրագրեր, համատեղ որակավորման շնորհման ծրագրեր, գիտահետազոտական ծրագրեր, գիտական համաժողովներ, կոնֆերանսներ, հրապարակումներ և այլն: