Ս.թ. նոյեմբերի 6-ին և 7-ին ԲՊՀ-ում տեղի ունեցավ «ԳԵՐՄԱՆԵՐԵՆ՝ ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ» խորագրով Գերմաներենի ուսուցիչների 5-րդ համաժողովը՝ նվիրված ԲՊՀ Գերմաներենի ամբիոնի 85 ամյակին:

Միջոցառման բացումը երաժշտական էր. հնչեցին հայկական և գերմանական կատարումներ, ինչպես նաև՝ ԵՄ-ի հիմնը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԲՊՀ ռեկտոր Կ. Հարությունյանը, ով շնորհավորեց Գերմաներենի ամբիոնին՝ մաղթելով երկար ու բեղմնավոր տարիների գործունեություն՝ ի նպաստ մեր կրթության, սերունդների դաստիարակության և երկրի շենացման.

«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, լինելով մեր Հանրապետությունում օտար լեզուների քաղաքականության  և կրթության լոկոմոտիվը, պատրաստել և շարունակում է պատրաստել գերմաներենի ուսուցիչներ ու մասնագետներ: Այսօր էլ այս դահլիճում ներկա վաստակաշատ ու երիտասարդ ուսուցիչների մեծ մասը մեր շրջանավարտներն են: Այս միջոցառումը ապացույցն է այն բանի, որ մենք, սիրելի՛ ուսուցիչներ, շարունակում ենք մնալ ձեր կողքին ու աջակցել ձեզ՝  ինչպես կարող ենք, քանի որ դուք եք մեր վաղվա օրվա կերտողը, մեր առաջընթացի ու ավելի լավ ապագայի պատասխանատուն:

Ներկայումս մեր համալսարանում իրականացվում են ուսուցիչների պարտադիր ատեստավորման վերապատրաստումներ, որին մասնակցում են նաև գերմաներենի ուսուցիչները: Սա մեկ անգամ ևս հաստատում է գերմաներենի ուսուցիչներին մշտապես աջակցելու մեր պատրաստակամությունը:

Գերմաներենի ամբիոնը հիմնադրվել է մեր համալսարանի ստեղծումից մեկ տարի անց՝ 1936 թվականին և այդ պահից ի վեր ոչ միայն գերմաներենի մասնագետներ է պատրաստում և վերապատրաստում, այլև ակտիվ գործունեություն է ծավալում ՀՀ-ում գերմաներեն դասավանդողների և նրանց գործունեությանն աջակցողների գործուն ցանց ստեղծելու ուղղությամբ, որը կոչված է խթանելու գերմաներենի և գերմանախոս երկրների մշակույթների տարածմանը:

Մաղթում եմ բոլորիս քաջառողջություն, արգասաբեր ու նորարարական գաղափարներով լի համաժողով»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Թռչունյանը, ով նույնպես նախևառաջ շնորհավորեց Գերմաներենի ամբիոնի 85-ամյակը՝ կարևորելով գերմաներենի լավ իմացությունը լեզվի և մշակույթի տարածման համար: Նա ընդգծեց, որ պետք է շարունակել ավելի խորացնել հարաբերությունները գերմանական տարբեր համալսարանների հետ ոչ միայն պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար, այլ նաև դպրոցներում ուսուցիչների փոխանակման միջոցով: Նրա խոսքով՝ կան նման ծրագրեր, որոնք այդպիսի հնարավորություն ընձեռում են, ինչը չափազանց կարևոր է գերմանական մշակույթը տարածելու համար:

Նախարարի տեղակալը շեշտեց, որ գերմաներենը գիտական լեզուներից մեկն է աշխարհում, այնպես որ, ցանկացած դեպքում, անգլերենից հետո գերմաներենը կարելի է համարել երկրորդը, և պետք է անել այնպես, որ դա պահպանվի.

«Կրկին շնորհավորում եմ բոլորին այս օրվա կապակցությամբ, և կարծում եմ, որ 100-ամյակը նշելիս գերմաներենը առաջնային դեր կունենա, և դուք կլինեք դրա առաջամարտիկներից մեկը»,- ամփոփեց Կ. Թռչունյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ-ում գերմանիայի Դաշնային Հանրապետության դեպանի պաշտոնակատար Կ. Վենդելբերգերը: Գերմաներենի ամբիոնի վարիչ Է. Ղազարյանի կողմից ընթերցվեց նաև Շվեյցարիայի դեսպանի, ինչպես նաև Ավստրիայի Հանրապետության կրթության, գիտության և հետազոտությունների նախարարության կողմից ուղարկված ողջույնի խոսքերը:

Այս միջոցառման առիթն օգտագործվեց, և ԲՊՀ ռեկտորի կողմից շնորհակալագրեր  տրվեցին ԲՊՀ գերմաներենի ամբիոնի զարգացման և գերմաներենի տարածման հարցում մեծ վաստակ ունեցող անձանց՝ ի դեմս ամբիոնի նախկին վարիչների: Բոլոր ներկաներին տրվեցին մասնակցության սերտիֆիկատներ:

Այս տարվա համաժողովն առանձնանում էր նրանով, որ գիտական բաղադրիչը ավելի շատ էր և մասնակցում էին անվանի պրոֆեսորներ արտասահմանյան տարբեր բուհերից: Աշխատաժողովի ժամանակ Հայդելբերգ-Հայաստան-Վրաստան ձևաչափով Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից ֆինանսավորվող գերմանագիտության ինստիտուտների համագործակցության ծրագրի շրջանակներում «Ասպիրանտական դպրոց» նախագծի թիմը ներկայացրեց իրենց աշխատանքների ներկա փուլը:

Աշխատաժողովին մասնակցում էին գերմանախոս  տարբեր պետություններից և քաղաքներից մի շարք ուսուցիչներ: Զուգահեռաբար 4 լսարաններում իրակացվում էին 3 ժամ տևողությամբ աշխատաժողովներ, որոնք ուղղված էին ժամանակակից դասագրքերով և մեդիա միջոցներով աշխատելու մեթոդներին և առկա ու առցանց դասերի համատեղմանը:

Միջոցառման ներկաները նաև մասնակցեցին Գերմաներենի ամբիոնի մասին չափազանց հետաքրքիր նյութեր պարունակող ցուցահանդեսին՝ պատրաստված ԲՊՀ գրադարանի տնօրեն, Գերմաներենի ամբիոնի դոցենտ Լ. Սաֆարյանի կողմից, որտեղ ժամանակագրական հաջորդականությամբ ցուցադրված էին արխիվային նյութեր, աշխատությունների, դասագրքերի ցուցադրություն՝ սկսած 40-ական թվականներից, ԲՊՀ-ի կողմից տրամադրված առաջին դիպլոմը և այլն:

Զուգահեռ կար նաև մանկական ցուցահանդես, որի հեղինակը գերմաներեն ուսումնասիրող փոքրիկ Վիկտորյան էր, ով իր տպավորություններն էր կիսել նկարներում այն մասին, թե ինչպես սովորել գերմաներեն:

Ցուցահանդեսից բացի կային նաև տեղեկատվական տաղավարներ, որտեղ ցուցադրված էին գերմաներենի դասագրքեր տպագրող երեք ամենամեծ գերմանական հրատարակչությունները՝ Hueber, Klett, Cornelsen: Առանձին տաղավարներով հանդես եկան նաև ԲՊՀ կարիերայի կենտրոնի և Ավստրիական գրադարանի ներակայացուցիչները, ՀՀ-ում գերմանախոս երկրների կրթական մշակութային կենտրոնները՝ ներկայացնելով ավստրիական ու գերմանական կրթական հաստատությունները:

Միջոցառմանը մեծապես օգնեցին նաև մեր համալսարանի գերմաներեն ուսումնառող ուսանողները, ովքեր նաև մասնակցեցին սեմինարներին:

Հավելենք, որ համաժողովին մասնակցում էին Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի վաստակաշատ գիտնականներ ու մասնագետներ, Գյութեի ինստիտուտի և համանուն մշակութային կենտրոնի, Գերմանական (DAAD)  և Ավստրիական (OeAD)  ակադեմիական փոխանակման ծառայությունների ներկայացուցիչներ:

Կազմակերպմանը մեծ աջակցություն ցուցաբերեցին ՀՀ-ում գերմանախոս երկրների պաշտոնական ներկայացուցիչներն ու միջազգային կառույցները: 

Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ միավորեց գերմաներենի 100-ից ավելի դասավանդողների:

ԲՊՀ-ում տեղի ունեցավ «ԳԵՐՄԱՆԵՐԵՆ՝ ԱՅՍՏԵՂ ԵՎ ՀԻՄԱ» խորագրով Գերմաներենի ուսուցիչների 5-րդ համաժողովը