Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկման, բայց նաև հարության օր է:

Այսօր համայն հայությունը ՀՀ-ում և Սփյուռքում, աշխարհի բոլոր կողմերում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այս տարի ապրիլի 24-ին լրանում է 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը։ 

Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում, ըստ նախօրոք պատրաստված ցուցակների, ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թվականին։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել է որպես ցեղասպանություն երեք տասնյակից ավելի երկիր։ 

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք:

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը։

Հավերժ փառք մեր հայրենակից բոլոր սրբադասված նահատակներին:

Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը