Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնն ունի բավական հին և հարուստ պատմություն: Այն սկզբնապես գործել է ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնների տեսքով։ 1957-1962 թթ., երբ Վ. Ժդանովի անվ. Ռուսական մանկավարժական ինստիտուտը միացավ ԵՊՀ-ին, ամբիոնները միացան ԵՊՀ-ի համապատասխան՝ ռուս գրականության և արտասահմանյան գրականության ամբիոններին: 1962թ. Վ. Բրյուսովի անվ. Ռուսական մանկավարժական ինստիտուտի հիմնադրումից մինչև 2007թ. ամբիոնները գործում էին առանձին:
Արտասահմանյան գրականության ամբիոնը, որը հաջորդաբար ղեկավարվել է այնպիսի առաջնակարգ մասնագետների կողմից, ինչպիսիք են բ.գ.դ., պրոֆ. Ս. Սողոմոնյանը, բ.գ.թ., դոց. Գ. Մաջարյանը, բ.գ.դ., պրոֆ. Լ. Սամվելյանը, բ.գ.թ., դոց. Ա. Գասպարյանը, բ.գ.թ., պրոֆ. Է. Նուրալովը, բ.գ.դ., պրոֆ. Ե. Կառաբեգովան, միշտ եղել է համաշխարհային գրականության և մշակույթի գիտական և կրթական կենտրոն։ Հայաստանում համաշխարհային գրականագիտության զարգացման գործում իրենց մեծ ավանդն են ունեցել այնպիսի ականավոր գիտնականներ, ինչպիսիք են Գ.Մաջարյանը, Աազատուհի Գասպարյանը, Մարգարիտա Ասլանյանը, Էլեոնորա Ղուկասյանը, Նինա Հայրապետյանը, Ելենա Կառաբեգովան։ 2007թ-ին Ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնները միավորվեցին «Գրականագիտության ամբիոնի» ներքո, հետագայում «Երկրագիտություն» մասնագիտությունը ամբիոնին միացնելու հետ կապված այն վերանվանվեց «Համաշխարհային գրականության և մշակույթի» ամբիոնի։ 2007 թ.-ից ամբիոնը ղեկավարվել է բ.գ.դ., պրոֆ Ելենա Կառաբեգովայի, բ.գ.թ., դոց. Ելենա Էթարյանի, Շուշանիկ Թամրազյանի, 2012թ.-ից 2023-ը բ.գ.թ., պրոֆ. Նատալյա Խաչատրյանի, իսկ 2024թ-ի փետրվարից պաշտոնավարում է Լ. Սաֆարյանը։
Ռուս գրականության ամբիոնը ղեկավարել են` բ.գ.թ., դոց. Կ. Այվազյանը, բ.գ.դ., դոց. Մ. Միրզա-Ավագյանը, բ.գ.թ., դոց. Է. Նուրալովը, բ.գ.դ., պրոֆ. Ս. Դարոնյանը, բ.գ.դ., պրոֆ. Ս. Գուլակյանը, բ.գ.դ., պրոֆ. Մ. Ամիրխանյանը և բ.գ.դ., պրոֆ. Ե. Ալեքսանյանը: Հայաստանում ռուս գրականագիտության զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել ամբիոնի այնպիսի մանկավարժ-գիտնականներ, ինչպիսիք են Սերգեյ Դարոնյանը, Իրինա Աթաջանյանը, Նաիրա Սեյրանյանը, Էդուարդ Նուրալովը, Կարեն Սապարովը, Նատալյա Կորխմազյանը, Սոնյա Դավթյանը և այլք։
Իր սկզբնավորման օրից ամբիոնը ծավալել է հարուստ գիտական գործունեություն: Հարկ է հիշատակել ավանդույթի ուժ ստացած «Բրյուսովյան ընթերցումները», որոնք միջազգային հռչակ բերեցին ամբիոնին՝ այն դարձնելով ժամանակակից բրյուսովագիտության ամենանշանակալից կենտրոններից մեկը: Կազմակերպվել են նաև «Ջիվիլեգովյան ընթերցումները», «Գոգոլյան ընթերցումները», «Գրիբոեդովյան ընթերցումները», ինչպես նաև «Գրականության և մշակույթի արդի հիմնախնդիրներ» միջազգային և «Գրականության հիմնախնդիրներ» երիտասարդ գիտնականների ամենամյա գիտաժողովները: Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնը ծավալում է բազմակողմանի գործունեություն գրականության պատմության և տեսության, համեմատական գրականության և բրյուսովագիտության շուրջ: Ըստ իրենց մասնագիտական լեզուների՝ ուսանողներին հնարավորություն է տրվում մասնագիտանալ ռուս, ֆրանսիական, իտալական, գերմանական, անգլո-ամերիկյան գրականությունների մեջ։ Դասընթացներն անցկացվում են ինչպես մայրենի, այնպես էլ ուսումնասիրվող լեզուներով։
ԱՄԲԻՈՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
Գրականությունը հասարակական գիտակցության ձև է, որում վառ արտահայտված են ազգային մտածողությունը, պատմությունը, ավանդույթները, աշխարհայացքի առանձնահատկությունները։ Գրականության պատմության իմացությունը նպաստում է. տարբեր երկրների մշակութային գործընթացների բազմազանության և փոխկապակցվածության ավելի խորքային ընկալմանը, համաշխարհային մշակութային գործընթացների օրինաչափությունների իմացությանը, հնարավորություն է տալիս համեմատել սեփական և օտար մշակույթների առանձնահատկությունները, ձևավորում և զարգացնում է ստեղծագործական ներուժը։ Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնի առաքելությունն է նպաստել ապագա հայ մտավորականության մշակութային ձևավորմանը, հոգևոր աշխարհի հարստացմանը, այլ երկրների գրական և պատմամշակութային արժեքները Ճանաչելուն։ Գրականության և մշակույթի ուսումնասիրությունը, սերտորեն կապված լինելով հարակից գիտությունների հետ, լրացնում է նաև ուսանողների՝ այլ գիտություններից /աշխարհագրության, կրոնի, փիլիսոփայության, բնագիտության, արվեստի տարբեր ճյուղերի/ ունեցած գիտալիքների պաշարը։ Առանձնահատուկ պետք է նշել, որ ամբիոնում դասավանդվող առարկաները նպաստում են նաև լեզվական գիտելիքների կատարելագործմանը, քանի որ ստեղծագործությունները հանձնարարվում են բնագրերով։
ԱՄԲԻՈՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ամբիոնը պատրաստում է բանասեր-գրականագետներ և գրաքննադատներ, դասախոսներ, ինչպես նաև գրական խորհրդատուներ /հրատարակչությունների և խմբագրությունների համար/: Այսօր ամբիոնի շրջանավարտների զգալի մասը դասավանդում է տարբեր հաստատություններում, այդ թվում՝ ԲՊՀ-ում: Մի շարք շրջանավարտներ աշխատում են հայկական և միջազգային հաստատություններում, գրական-մշակութային հանդեսներում, մասնակցում են գիտական-մշակութային կյանքին հանրապետական և միջազգային մակարդակով: Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնում իրականացվում են «Միջմշակութային հաղորդակցություն», ինչպես նաև «Անգլերեն լեզու և գրականություն» և «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտություններով մագիստրոսական ծրագրերը: 2013 թվականից ի վեր մագիստրոսական ծրագրերի շրջանակում իրականացվում է համագործակցություն Փարիզի Sorbonne-4 համալսարանի հետ:
Գիտահետազոտական գործունեություն
Համաշխարհային գրականության և քաղաքակրթությունների ամբիոնի գիտության ոլորտի գերակա ուղղություններն են՝
Բրյուսովագիտությունը որպես ավանդական ուղղություն,
Մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի գեղագիտական նորմերը և դրանց կիրառումն արվեստի տարբեր բնագավառներում,
Անգլո-ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, իտալական գրականության հիմնախնդիրները,
Իսպանական և լատինամերիկյան գրականությունների հիմնախնդիրները, մոգական ռեալիզմի դրսևորումները լատինամերիկյան գրականության մեջ
Համեմատական գրականագիտությունը:
Ամբիոնն ամեն տարի կազմակերպում էլ «Գրականության և մշակույթի արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որին իրենց մասնակցում են ունենում ոլորտում բարձր հեղինակություն վայելող անվանի գրականագետներ, ինչպես նաև երիտասարդ գիտնականների միջբուհական գիտաժողովը, որը թույլ է տալիս խթանել երիտասարդների շրջանում գրականության և մշակույթի նկատմամբ հետաքրքության մեծացմանը։
Ամբիոնն ամեն տարի Ֆրանկոֆոնյայի օրերի շրջանակում կամակերպում է «Գրական ընթերցումներ»։
2010թ-ից ի վեր կազմակերպվում է Հայաստանում «Ֆրանսիական գրականության օրեր» միջոցառումների շարքը, որի շրջանակներում ԲՊՀ-ում կազմակերպվում են դասախոսություններ և ընթերցումներ նվիրված ֆրանսիացի հանրաճանաչ գրողների (Մ.Դյուրաս, Ա.Ռ.Գրիե, Ժ.Պ.Սարտրի, Ժ.Ժընե, Ս.Բեկետ, Ն.Սարոտ և այլք) ստեղծագործություններին, որին իրենց մասնակցությունն են ունենում ոչ միայն «Փարիզ-Սորբոն 4» համալսարանի պրոֆեսորները, այլև Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի դասախոսներն ու ֆրանսախոս ուսանողները։