2022-2023 ուստարվա ընդունելության ժամկետները և ընթացակարգը
14.04.2022

Դիմորդները կենտրոնացված, ներբուհական և առաջին փուլի միասնական քննությանը մասնակցելու, ընտրած մասնագիտությունը նշելու համար ընդունելության դիմում-հայտը ներկայացնում են առցանց` Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքում ապրիլի 15-ից մայիսի 10-ը՝ մինչև ժամը 18:00-ն ներառյալ:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիների, տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդների ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են երկրորդ փուլում՝ հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17։00-ն:

Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2020-2021 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները և 2020-2021 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում (դպրոցում), որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել ԳԹԿ կայքէջ (www.atc.am) կամ դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Դիմորդները դպրոցներում կստանան անհրաժեշտ օժանդակություն` առցանց հայտը լրացնելու հարցում: Դպրոցում դիմորդին կտրամադրի նաև ԳԹԿ-ի կողմից յուրաքանչյուր դիմորդին տրվող անձնական համար, որն անհրաժեշտ է dimord.am կայքում, ըստ հաստատված ձևի, առցանց դիմում-հայտը լրացնելու համար: Դիմում-հայտ լրացնելուց առաջ դիմորդները ԳԹԿ հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցում են 1500 դրամ, իսկ դիմում-հայտը լրացնելուց հետո ԳԹԿ-ին են փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը:

Ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը լրացնելու ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չեն, և լրացուցիչ փաստաթղթեր չեն ընդունվում: Դիմորդին չի թույլատրվում ներկայացնել մեկից ավելի ընդունելության դիմում-հայտ:

Բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ հիմնական և լրացուցիչ:

Հիմնական փուլի մրցույթն անցկացվում է մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ:

Հիմնական փուլի մրցույթին մասնակցելու համար դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության (կրթական ծրագրի) անվանումը, տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները: Ցանկի «Ընդունելության քննություններ» բաժնի սյունակում միասնական քննությունների առարկաները «կամ» բառով տարանջատված լինելու դեպքում դիմորդին թույլատրվում է ընտրել նշված ընդունելության քննություններից մեկը:

Դիմորդն անվճար և վճարովի ուսուցմամբ հայտագրած համապատասխան մասնագիտության մրցույթին մասնակցում է մրցութային քննություններից ստացած դրական միավորների գումարով` հարյուրերորդական մասի պահպանմամբ: Բուհ ընդունված դիմորդների ցուցակը կազմվում է տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ընդունելության քննական առարկաներից ստացած միավորների գումարի նվազման կարգով: Այն մասնագիտությունների համար, որոնք ընդունելության քննությունների ցանկում նշված են որպես ոչ մրցութային, դիմորդը մրցույթին մասնակցում է այդ առարկաներից դրական միավոր ստանալու դեպքում:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը հիմնական մրցույթի արդյունքները հաստատում է մինչև տվյալ տարվա հուլիսի 18-ը:

Լրացուցիչ փուլ. ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի19-26-ը մինչև ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհի՝ մինչև վեց մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկայից (առարկաներից) դիմորդն ունի դրական գնահատական (գնահատականներ), և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր:

Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

Հիմնական և լրացուցիչ փուլի մրցույթի անցկացման ժամանակ նախապատվությունը տրվում է տվյալ մասնագիտության քննություններից առավել բարձր միավոր (միավորներ) ունեցող դիմորդին:

Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 30-ին:

Միասնական քննությունները կազմակերպվում են տվյալ տարվա հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում.

Ներբուհական և կենտրոնացված քննությունները կազմակերպվում են մեկ փուլով՝ տվյալ տարվա հունիսի 26-ից մինչև հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում:

Աղբյուրը՝ https://escs.am/am/static/applicant?s=edu: