ԲՊՀ հավատարմագրում

Հավատարմագրումը ՀՀ ՄՈւՀ-երում (մասնագիտական ուսումնական հաստատություն) կրթության որակի ապահովման և շարունակական բարելավման կարևորագույն գործընթացներից է, որը թույլ է տալիս պարբերաբար գնահատել ՄՈՒՀ-ի գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև գնահատել` արդյոք ՄՈւՀ-ն իրականացնո՞ւմ է իր առաքելությունը և արձագանքո՞ւմ է պետության և հանրության կողմից ներկայացվող պահանջներին: Բացի այդ, հավատարմագրումը թույլ է տալիս վերհանել ՄՈւՀ-ի գործունեության ուժեղ և թույլ կողմերը, թիրախավորել կուտակված փորձառությունն ու կատարելագործել որակի ներքին ապահովման մեխանիզմները:

ԲՊՀ-ն անցել է հավատարմագրում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետի և Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի 2015 թ. ապրիլի 11-ի N 9 որոշմամբ ԲՊՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում:

ԲՊՀ որակի ներքին ապահովման համակարգը հաշվետու ժամանակահատվածում անցել է նաև արտաքին գնահատում միջազգային փորձագետների կողմից:  2016թ. հոկտեմբերին ԲՊՀ ՈԱԲ կենտրոնը, համակարգելով Տեմպուս GOVERN ԲՊՀ աշխատանքային խմբի աշխատանքները, Գերմանիայում միջազգային հավատարմագրման կազմակերպության (ASIIN) ձևաչափի հիման վրա իրականացրել և Տեմպուս GOVERN ծրագրի ղեկավար թիմին է ներկայացրել ԲՊՀ գործունեության ինքնավերլուծություն հետևյալ երեք չափանիշների ուղղությամբ՝ (1) ռազմավարական պլանավորում, (2) մարդկային ռեսուրսների կառավարում, (3) որակի կառավարում: Փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհի ղեկավարության, ՈԱԲ կենտրոնի անձնակազմի, ՊԴ կազմի և ուսանողների հետ: Այցից հետո փորձագետները ներկայացրել են գնահատման արդյունքները:

ԵՊԼՀ-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայականը

 

2018 թվականին ԲՊՀ-ում իրականացվել է 2-րդ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի № 978-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 18-ի N 32 որոշման՝ ԲՊՀ-ին շնորհվել է հերթական ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով: Հավատարմագրման շնորհումից հետո ԲՊՀ-ն ՈԱԱԿ-ին ներկայացրել է փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, որը միտված է բուհի առկա վիճակի բարելավմանն ու երկարաժամկետ զարգացման հեռանկարին:

Ի՞նչ է ինստիտուցիոնալ հավատարմագրումը

Ինստիտուցիոնալ (ենթակառուցվածքային) հավատարմագրումը պետության կողմից ուսումնական հաստատության կրթական և  որակի ապահովման գործընթացների, մասնագիտությունների կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչներին, ՀՀ ՈԱՇ-ի նկարագրիչներին և ենթակառուցվածքային հավատարմագրման չափանիշներին համապատասխանության ճանաչումն է, որը շնորհվում է որոշակի ժամկետով՝ հավաստելով, որ ուսումնական հաստատությունները կամ կրթական ծրագրերն ունեն անհրաժեշտ կարողություն՝ տվյալ ժամանակահատվածում երաշխավորված որակով կրթական գործունեություն իրականացնելու համար: Այն  պարբերաբար իրականացվող պարտադիր գործընթաց է մասնագիտական ուսումնական բոլոր հաստատությունների համար: Այս գործընթացը թույլ է տալիս պարբերաբար գնահատել ՄՈՒՀ-ի  գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև վերահսկել` արդյոք այն իրականացնո՞ ւմ է իր առաքելությունը:  

Հավատարմագրման ընթացակարգ

Ինստիտուցիոնալ և ծրագրային  հավատարմագրման գործընթացները, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 հունիսի 30-ի N 978 որոշման 8-րդ կետի առաջին ենթակետի,  իրականացվում են երեք հաջորդական փուլով`

Առաջին փուլ. ուսումնական հաստատության ինքնավերլուծություն: Այս փուլում հավատարմագրման գործընթացում գտնվող հաստատություններն ուսումնասիրում են իրենց առաքելությունը, նպատակները, գործընթացները և ձեռքբերումները մանրամասն ինքնավերլուծության գործընթացի միջոցով:

Երկրորդ փուլ. արտաքին գնահատում  անկախ փորձագետների խմբի կողմից: Փորձագիտական այցի հիմնական նպատակն է պարզել ինքնավերլուծության մեջ նշված փաստերի և տեղեկատվության հավաստիությունը, ձեռք բերել լրացուցիչ տեղեկատվություն հանդիպումների և հարցումների միջոցով, ուսումնասիրել կրթական գործընթացները և լրացուցիչ փաստաթղթերը` ավելի լավ պատկերացնելու փորձաքննության ենթակա ուսումնական հաստատության գործունեությունը: Այսինքն`փորձագետներն իրականացնում են փորձագիտական վերլուծություն, որից հետո տրամադրվում են ձեռքբերումների մասին վկայություններ և խորհրդատվություն`աշխատանքների հետագա բարելավման նպատակով:

Երրորդ փուլ. Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) hավատարմագրման խորհրդի կողմից վերջնական փորձագիտական զեկույցի պատրաստում և որոշման կայացում/www.anqa.am/: