ԵՊԼՀ շրջանավարտները հանդիսավոր կերպով ստացան իրենց դիպլոմները

Հուլիսի 12-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դահլիճում տեղի ունեցավ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը և ավարտական միջոցառումը:

Հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, ինչից հետո թմբուկահարները հանդիսավոր կերպով ներս բերեցին ՀՀ-ի և ԵՊԼՀ-ի դրոշները: 
Առաջին խոսքը տրվեց ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանին, որը սրտանց շնորհավորեց բոլոր շրջանավարտներին և ասաց, որ տեսնելով այդքան երջանիկ աչքեր՝ իրեն է հիշում տարիներ առաջ՝բուհն ավարտելիս: 

ԵՊԼՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Հակոբյանը,շարունակելով ռեկտորի խոսքը,ավելացրեց, որ բուհը տալիս է ոչ միայն կրթություն, այլ նաև գիտակցություն:Նա խորհուրդ տվեց ուսանողներին երբեք չկորցնել կապը համալսարանի հետ: 

Հատուկ հրավիրված հյուրերից էր նաև Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար, ինչպես նաև ԵՊԼՀ-ի շրջանավարտ Ռուբեն Բաբայանը, որն ուսանողներին շնորհավորեց ամեն ինչ այդչափ լավ կազմակերպելու առիթով և բարի երթ մաղթեց: 

ԵՊԼՀ-ի տաղանդավոր ուսանողների կազմակերպած փոքրիկ համերգային ծրագրից հետո խոսքը փոխանցվեց ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանին: 

«Մինչ հրաժեշտ տալը ուզում եմ փոքրիկ խորհրդով կիսվել. ամենակարևորը՝ ինչ էլ պատահի, ինչ իրավիճակում էլ, որ հայտնվեք այս կյանքում, միշտ մնացե՛ք մարդ: Հաջողություն եմ մաղթում ձեզ»,-ասաց Մարինա Աբրահամյանը:

Դիպլոմների հանձնման արարողությունից հետո տեղի ունեցավ երեկույթ: