Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը նշեց բուհի հիմնադրման 90-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին ՀՀ Ազգային ժողովի և կառավարության ներկայացուցիչներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բուհի գործընկերներ և այլ հրավիրյալներ, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ։

Միջոցառմանը ներկա էին և ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Համալսարանի 90-ամյա պատմությունը կայացման, զարգացման և մասնագիտական աճի երկար ճանապարհ է։ Բուհն այսօր շարունակում է իր գործունեությունը՝ պատրաստելով մրցունակ, կրթված և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ։

ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն անդրադարձավ համալսարանի պատմական առաքելությանը, ներկայիս ձեռքբերումներին և առաջիկա տարիների զարգացման առաջնահերթություններին։

Միջոցառման սկզբում ներկայացվեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի անցյալը, ներկան և ապագայի տեսլականը ներկայացնող ֆիլմը։

Հանդիսությունը եզրափակվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային ծրագրով՝ Արամ Խաչատրյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ։ Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հաստատակամորեն շարունակելու է իր կրթական առաքելությունը՝ նպաստելով Հայաստանի կրթական, գիտական և մշակութային կյանքի զարգացմանը և առաջընթացին։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը նշեց հիմնադրման 90-ամյակը