Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում «Իտալերենի 25-րդ շաբաթը ողջ աշխարհում» ամենամյա նախաձեռնության շրջանակում (այս տարի՝ «Իտալոֆոնիա․ իտալերենը երկրի սահմաններից դուրս» խորագրով), տեղի ունեցավ «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը,  ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Հրանտ Մաթևոսյան մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը, ԲՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, իտալերեն ուսումնասիրող ուսանողներ։

Նորաստեղծ կոմիտեին կից կգործի նաև Հռոմի ասոցիացիայի PLIDA իտալերենի գնահատման և հավաստագրման կենտրոնը, որը ԲՊՀ-ի հենքի վրա կկազմակերպի իտալերենի ստուգման քննություններ, իտալական լեզվի և մշակույթի ուսուցման տարբեր մակարդակի դասընթացներ՝ նպաստելով Հայաստանում իտալական մշակույթի տարածմանը և իտալերենի ուսուցման զարգացմանը:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, շնորհավորելով բոլորին այս կարևոր իրադարձության առթիվ, նշեց․

«Կոմիտեի բացումը մեր համալսարանում ևս մեկ վկայությունն է Հայաստան–Իտալիա բարեկամական հարաբերությունների ամրապնդման։ Մենք համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի իտալերենի ուսուցման ընդլայնմանը, ուսանողների մասնագիտական զարգացմանն ու մշակութային երկխոսության խորացմանը»։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նմանօրինակ կենտրոնի ստեղծումը հենց Բրյուսովի համալսարանում՝ որպես առաջատար լեզվաբանական բուհ, և ընդգծեց, որ «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակի գործունեությունը կնպաստի երկկողմ կրթամշակութային կապերի ամրապնդմանը։

Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին նշեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև կրթական և մշակութային համագործակցությունը ունի մեծ ներուժ: Նա շնորհակալություն հայտնեց ԲՊՀ-ին՝ նախաձեռնությանը մասնակցելու և իտալական մշակույթի տարածման գործում կատարած ներդրման համար։

Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին Հայֆիլմ կինոստուդիայի «Մենք ենք մեր սարերը» ֆիլմը՝ իտալերեն ենթագրերով, որը թարգմանել են ԲՊՀ Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի իտալերենի մասնաբաժնի ուսանողները։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է ընդլայնել իր միջազգային համագործակցությունը՝ զարգացնելով լեզվական, կրթական և մշակութային կապերը աշխարհի առաջատար հաստատությունների հետ։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում բացվել է «Դանթե Ալիգիերի» երևանյան կոմիտեի գրասենյակը