Կարևորելով կրթությունն ու գիտելիքը՝ Ինեկոբանկը 2025 թվականին իրականացրել է լայնածավալ կրթական ծրագիր ավելի քան 1 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։ «Ինեկոբանկը քո կողքին. ապագան ավելի մեծ հնարավորություններով» ԿՍՊ նախաձեռնությունը նպատակ ուներ ստեղծել կրթության և զարգացման էկոհամակարգ, որը հնարավորություն կտար երիտասարդներին իրենց գիտելիքներով ու գաղափարներով ձևավորելու ապագան։

Ծրագրին մասնակցել են հազարավոր ուսանողներ Հայաստանի հինգ բուհերից։ Բազմափուլ մրցույթի յուրաքանչյուր փուլից հետո ընտրվել են ամենաբարձր միավորներ ստացած մասնակիցները։ Մասնակիցների մի մասը ստացել է միանվագ 300.000 դրամ կրթաթոշակ, մյուսները՝ մինչև 1.500.000 դրամի չափով (բարձրագույն կրթության ֆինանսավորում), իսկ լավագույնները՝ հնարավորություն մասնակցելու արտերկրում մինչև 2.000.000 դրամ արժողությամբ կարճաժամկետ կրթական ծրագրերին։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի (ԲՊՀ) մի քանի ուսանողներ նույնպես հաջողություն են գրանցել մրցույթում։ Նրանց թվում է նաև Հանրային կառավարման ամբիոնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Միլենա Սիմոնյանը, որը կիսվում է իր տպավորություններով․«4443 մասնակիցներից ընտրվել եմ այն 30-ի շարքում, որոնք պայքարում էին արտերկրում կրթություն ստանալու հնարավորության համար։ Մեկ ամբողջ ամիս ինտենսիվ աշխատել ենք ծրագրի մշակման ու ներկայացման ուղղությամբ։ Բավականին մրցակցային միջավայր էր, բայց հաջողեցինք։ Հաղթանակն ինձ համար միայն մրցանակը չէր․ այդքան փուլ անցնելը, տաղանդավոր մարդկանց հետ աշխատելը,այդքան ջանք ներդնելը արդեն իսկ հաղթանակ էր»։ Ինեկոբանկի կրթական նախաձեռնությունը ոչ միայն ֆինանսական աջակցություն է տրամադրում, այլև հնարավորություն ստեղծում ուսանողների համար զարգացնելու իրենց մասնագիտական հմտությունները, ձեռք բերելու նոր փորձառություն ու կապեր։ Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանում կան երիտասարդներ, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքներով ու նվիրումով փոխել ապագան։

Մեր համալսարանի հաղթած ուսանողներից են՝

   1. Միլենա Սիմոնյանը` Հանրային կառավարման ամբիոնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող (արտերկրում ուսանելու կրթաթոշակ):

   2. Լևոն Աբրահամյանը` Անգլերենի թարգմանության ամբիոնի բակալավրիատի (չինարեն) երկրորդ կուրսի ուսանող (տարեկան ուսման վարձի կրթաթոշակ):

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները Ինեկոբանկի կազմակերպած կրթական մրցույթի հաղթողների թվում