1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։
«Սահմանադրություն» տերմինը հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Դեռևս Ք.ա. 4-րդ դարում հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։
Սահմանադրությունը ոչ միայն անկախ պետականության խորհրդանիշ է, այլ, որպես հիմնական օրենք, նաև նույն այդ անկախ պետականության հետագա կայացման ու կառուցման նախագիծ, որը վավերացվել է համաժողովրդական հանրաքվեով, որին հետևելը պարտադիր է, որից շեղվելը հավասարազոր է հանցագործության։ Այն անկախ պետականության պահպանման և յուրաքանչյուր քաղաքացու ազատության, իրավունքների, ապահովության երաշխիքն է։