Հոկտեմբերի 29-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ բանաստեղծ Հովիկ Հովեյանի «Սառցե անապատ» անգլերեն ժողովածուի շնորհանդեսը։

Գիրքը կազմել և անգլերեն է թարգմանել Դիանա Համբարձումյանը։

2025-ի հոկտեմբերին ժողովածուն տպագրել է Լոս Անջելեսի Abril Bookstore հրատարակչությունը` Կարինե և Տիգրան Ջերահյանների մեկենասությամբ։ Շապիկի ձևավորումը և գծանկարները` Մկրտիչ Մազմանյանի։ Գիրքն ընդգրկում է 101 հատընտիր բանաստեղծություններ։

Համալսարանի թարգմանիչ ուսանողները ներկայացրին Հովիկ Հովեյանի նորընծա ժողովածուից բանաստեղծություններ` հայերեն և անգլերեն։

Համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանն իր խոսքում բարձր գնահատեց Հովեյանի պոեզիան և իր հեղինակած գրքերը նվիրեց բանաստեղծին` անակնկալ մատուցելով ներկաներին. գրքերից մեկում ընդգրկված էր Հ. Հովեյանի հոր` Վաչագան Հովհաննիսյանի բանաստեղծություններից մեկը, որը Դ. Գյուրջինյանն ընթերցեց և ջերմ հուշեր պատմեց իր և Վաչագան Հովհաննիսյանի բարեկամության մասին։ Հովիկ Հովեյանն իր հերթին գրքեր նվիրեց համալսարանի գրադարանին, հրավիրյալ հյուրերին և ուսանողներին։

Համալսարանի հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին բազմաթիվ հեղինակավոր արվեստագետներ, գրողներ, գիտնականներ, դասախոսներ և ուսանողներ։ Ներկաներից շատերը գնահատանքի ջերմ խոսքեր հնչեցրին` շեշտելով Հովիկ Հովեյանի բանաստեղծական ինքնատիպությունն ու խոհափիլիսոփայական յուրահատկությունը։

Գրքի հովանավոր Տիգրան Ջերահյանը գովասանքի խոսք ասաց Դիանա Համբարձումյանի անգլերեն թարգմանության մասին` վկայելով, որ հրատարակչության խմբագիրն առաջին անգամ ժողովածուն ընթերցելիս կարծել է, թե բանաստեղծությունների բնագիրն անգլերեն է գրված։

Գիրքն արդեն հաշվառված է Հարվարդի համալսարանի, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի գրադարաններում, ինչպես նաև հասանելի կլինի «Ամազոն»-ում։

Հանդիպման ավարտին Հ. Հովեյանի հայերեն բանաստեղծություններն ընթերցեց Սիլվա Յուզբաշյանը։

Հովիկ Հովեյանի «Սառցե անապատ» անգլերեն ժողովածուի շնորհանդեսը