2025 թվականի հոկտեմբերի 24-ին ԲՊՀ Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի մասնախումբը մասնակցեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով լեզվաբանության, թարգմանաբանության և ֆրանսալեզու գրականագիտության արդի հետազոտություններ։

Գիտաժողովին ելույթներով հանդես եկան Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի հետևյալ դասախոսները.

  • Ժակլին Մինասյան (բ.գ.թ., դոցենտ) — «Թարգմանել Մաթևոսյանի՞ն․ մաթևոսյանական վիպաշխարհի լեզվական ծուղակները /«Աշնան արևը» ֆիլմի հիման վրա/» թեմայով, որտեղ նկարագրվեցին ֆիլմի ֆրանսերեն ենթագրերի թարգմանության ընթացքում առաջացած խնդիրները և դրանց լուծումները,
  • Նաիրա Մանուկյան (բ.գ.թ., դոցենտ) — «Ֆրանսիական միջնադարյան պոեզիայի բեմագրության առանձնահատկությունները» թեմայով, որտեղ ներկայացվեցին միջգիտակարգային տեսանկյունից քննության առնված բանաստեղծական բեմահարթակում ներտեքստային հեղինակի արտահայտության յուրահատկությունները,
  • Գևորգ Այզավյան (արվեստագետ, հրատարակիչ) և Գիյոմ Թումանյան («Մենք» ծրագրի հիմնադիր)— «Խմբագրական և ցուցահանդեսային ընթացիկ նախագիծ» թեմայով, որտեղ ներկայացվում էր ժամանակակից հայոց պոեզիայի պատկերազարդ գրքի հրատարակման «Մենք» նախագիծը,
  • Վարդուշ Հարությունյան (բ.գ.թ., դոցենտ) — «Բժշկական լեզուն մշակույթների խաչմերուկում. բառարանագրական և եզրաբանական հիմնախնդիրներ» թեմայով, որի հիմնքում ընկած էր ֆրանսերեն-ռուսերեն-հայերեն բժշկական բառարանի կազմման գործնական փորձը,
  • Ավրորա Մարտին (փ.գ.թ., դոցենտ)—«Դորա դ'Իստրիայի՝ հանրագիտարանային անհատի վերարժևորումը» թեմայով, որտեղ պատմվում է կանանց իրավունքների պաշտպան, ռումինուհի Դորա դ'Իստրիայի գործունեության մասին,
  • Անի Ջանիկյան (բ.գ.թ., դոցենտ) —«Ալլա ֆրանկան Կոնստանդնուպոլսի հայերի պատմական և մշակութային համատեքստում» թեմայով, որտեղ խոսվում է Պոլսահայության շրջանակում երկու մշակութային երևույթի ՝ 1862 թ. Խորեն Գալֆայանի (Նար-Պեյ) հրատարակած «Ալլա ֆրանկա» կատակերգության և 1874 թ. տարեսկզբին «Թատրոն» երգիծաթերթի ծնունդի մասին,
  • Անժելիկա Խաչատրյան ( դասախոս) —«Անտոնիո դե Գևարայի «Մարկոս Ավրելիոսի Ոսկե գիրքը» ստեղծագործության գրաբար թարգմանության» թեմայով, որը նվիրված էր Անտոնիո դե Գևարայի «Մարկոս Ավրելիոսի Ոսկե գիրքը» ստեղծագործության հայերեն թարգմանության ուսումնասիրությանը:

Միջոցառումը բնութագրվեց բովանդակալից քննարկումներով, խորը մշակութային երկխոսությամբ և համագործակցության նոր հեռանկարների ձևավորմամբ։

 

 

Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի մասնակցությունը «Մշակույթների երկխոսություն» միջազգային գիտաժողովին