Հոկտեմբերի 17-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Կարիերայի կենտրոնը հյուրընկալեց Երևանի 142 և 184 ավագ դպրոցների բարձր դասարանների աշակերտներին և նրանց ուսուցիչներին։ Այցի նպատակն էր ծանոթացնել դպրոցականներին համալսարանի ուսումնական միջավայրին, կրթական ծրագրերին և համալսարանական կյանքի առանձնահատկություններին։

Այցի ընթացքում աշակերտները տեղեկացան Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պատմության և կրթական հնարավորությունների մասին:

Նիստերի փոքր դահլիճում կայացավ հանդիպում Անգլերենի և Անգլերենի հաղորդակցության ամբիոնների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրին ամբիոնների գործունեության հիմնական ուղղությունները, ուսումնառության ընթացքը, ինչպես նաև ապագա մասնագետների պատրաստման սկզբունքները։ Աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու դասախոսներին՝ հետաքրքրվելով մասնագիտությունների առանձնահատկություններով և ուսանողական կյանքի կազմակերպմամբ։

Այցի ամենահետաքրքիր մասը դարձավ աշակերտների մասնակցությունը իրական ուսումնական գործընթացին: Նրանք ներկա գտնվեցին և մասնակցեցին անգլերենի դասերին ուսանողների հետ միասին։ Այս ձևաչափը նրանց հնարավորություն տվեց անձամբ զգալ բրյուսովյան կրթական մթնոլորտը և պատկերացում կազմել համալսարանի ուսումնական գործընթացի մասին։

Նման ձևաչափով այցերը միտված են դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ու Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթական միջավայրի բացահայտմանը և ունեն շարունակական բնույթ` նպատակ ունենալով ընդլայնել դպրոց-համալսարան համագործակցությունը, խրախուսելով աշակերտներին ճանաչելու մեր համալսարանի կրթական հնարավորությունները և համալսարանական կյանքի բազմազանությունը։

Բարձր դասարանների աշակերտները հյուրընկալվեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում