Սույն թվականի հոկտեմբերի 7-ին Վ. Բրյուսովի պետական համալսարանի ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնում Կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր և ոգեշնչող հանդիպում՝ AIESEC միջազգային երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում նրանք ներկայացրեցին իրենց ծրագրերն ու հնարավորությունները՝ նախատեսված ուսանողների անձնական և մասնագիտական զարգացման համար։

AIESEC-ի անդամները պատմեցին կազմակերպության գործունեության մասին, որը գործում է ավելի քան 100 երկրներում և միավորում է հազարավոր երիտասարդների՝ նպաստելով նրանց առաջնորդական հմտությունների զարգացմանը և միջազգային փորձի ձեռքբերմանը։ Նրանք ընդգծեցին, որ կազմակերպության հիմնական առաքելությունն է օգնել երիտասարդներին բացահայտել իրենց ներուժը և դառնալ հասարակության ակտիվ ու պատասխանատու անդամներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին մի շարք միջազգային ծրագրեր՝ կամավորական և պրակտիկայի հնարավորություններ տարբեր երկրներում, ինչպես նաև առաջնորդության և թիմային աշխատանքի զարգացման դասընթացներ։ Կազմակերպության ներկայացուցիչները նշեցին, որ այս ծրագրերին մասնակցելով Բրյուսովի համալսարանի ուսանողները ձեռք կբերեն ոչ միայն մասնագիտական փորձ, այլև մշակութային փոխանակման հարուստ փորձառություն։

ՍՄԱՐԹ կենտրոնում տիրում էր ակտիվ և ջերմ մթնոլորտ․ ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսում էին հյուրերին, տալիս հարցեր և կիսվում սեփական փորձով։ Շատերն ընդգծեցին, որ նման հանդիպումները օգնում են հասկանալ՝ ինչպես կարելի է համատեղել ուսումը, անձնական զարգացումը և միջազգային փորձը։

AIESEC-ի ներկայացուցիչները նաև պատմեցին, թե ինչպես են կազմակերպության անդամները Հայաստանում իրականացնում տարբեր սոցիալական և կրթական նախաձեռնություններ՝ երիտասարդների ներգրավմամբ։ Նրանք կարևորեցին, որ յուրաքանչյուր ուսանող կարող է դառնալ փոփոխությունների մասնակից, եթե պատրաստ է ստանձնել նախաձեռնություն և զարգանալ բաց մտածողությամբ միջավայրում։

Այս հանդիպումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը շարունակում է լինել այն վայրերից մեկը, որտեղ ուսանողները ոչ միայն կրթություն են ստանում, այլև բացահայտում են իրենց անձնական և մասնագիտական աճի նոր ուղիները։

ԲՊՀ Լրագրության 4-րդ կուրսի ուսանող Ստելա Ասրյան
ԲՊՀ Սերվիսի 3-րդ կուրսի ուսանող Նանա Խաչատրյան

AIESEC կազմակերպությունը Բրյուսովի համալսարանում