Սույն թվականի նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ ԲՊՀ Լեզվաբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված «Միջգիտակարգայնությունը գիտական հոդվածում» թեմայով գիտական սեմինարը, որը միտված էր բարելավելու ուսանողների գիտական աշխատանք գրելու հմտությունները, հարստացնելու գիտական աշխատանք կատարելու մեթոդաբանության, նյութեր հավաքագրելու, նոր գաղափարներ ունենալու վերաբերյալ ուսանողների ունեցած գիտելիքը և կարողությունները։ Սեմինարը 2025 թվականի գարնանը և աշնանը կազմակերպված «Ինչ՞ է հետազոտությունը», «Գիտական հոդվածի մեթոդաբանական հիմքերը», «Ինչպե՞ս գրել գիտական հոդված», «Գիտական հոդվածի գործնական պահանջները», «Լեզվական նյութի հավաքագրում և վերլուծություն» և այլ թեմաներով գիտական սեմինարների տրամաբանական շարունակությունն էր։

Գիտական սեմինարը վարում էր Անգլերենի թարգմանության ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. Հայկ Համբարձումյանը։ Նա գիտական հոդվածի օրինակի միջոցով ներկայացրեց գիտական աշխատանք գրելու ընթացքը՝ սկսած գաղափարներ ունենալուց, վերջացրած հետազոտության արդյունքներով։ Բանախոսը ներկայացրեց, թե ինչ կարողություններ և որակներ պետք է ունենալ գիտական գործունեություն ծավալելու համար։ Անդրադարձ կատարվեց նաև գիտական աշխատանքների առանձնահատկություններին՝ մասնավորապես կենտրոնանալով միջգիտակարգայնության վրա։ Իրական օրինակների միջոցով քննարկվեց տարբեր գիտակարգերը (թարգմանաբանություն, իմաստաբանություն, կորպուսային լեզվաբանություն, գործաբանություն և այլն) մեկ աշխատանքում մեկտեղելու և դրանից նոր գիտելիք ստանալու արվեստը։

Սեմինարի ավարտին բանախոսը պատասխանեց ներկաների հարցերին՝ ևս մեկ անգամ ընդգծելով միջգիտակարգայնության դերը գիտահետազոտական աշխատանքներում։

«Միջգիտակարգայնությունը գիտական հոդվածում» թեմայով գիտական սեմինար