Միջոցառման հիմնական թիրախը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտներն էին, քոլեջների ուսանողները։ Նրանց հնարավորություն ընձեռվեց ծանոթանալու ԲՊՀ-ում դասավանդվող լեզուներին, մասնագիտություններին և միջազգային ծրագրերին։
Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը՝ մասնակիցներին մաղթելով բեղմնավոր ուսանողական կյանք, նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։
Միջոցառմանը յուրահատուկ շունչ հաղորդեց Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի երգչախումբը։ Նրանք ժեստերի անչափ գեղեցիկ լեզվի միջոցով ներկայացրին մի քանի երգ՝ վկայելով, որ լեզուները միայն բառեր չեն, այլ նաև կամուրջներ, որոնք միավորում են մարդկանց։
Աշակերտներն ու ուսանողները մեծ ոգևորությամբ շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված նյութերին, տարբեր երկրների մշակույթներին, ինչպես նաև մասնակցեցին թեմատիկ խաղերի։
«Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառման ծրագրի իրականացմանը մեծապես աջակցել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը:
Այս նախաձեռնությունը ևս մեկ անգամ փաստեց, որ լեզուները կամուրջ են ժողովուրդների միջև, իսկ բազմալեզվությունը՝ անսպառ հարստություն, որը բացում է նոր դռներ դեպի գիտելիք, մշակույթ և համագործակցություն։