Հոկտեմբերի 21-ին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը կրկին Հրանտ Մաթևոսյանի տիրույթում էր։

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հերթական միջոցառումը առնչվում էր գրողի հարուստ ու բազմաշերտ գրական ժառանգության մեկնությանը։ «Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը․ խոսք, խոհ և պատկեր» խորագիրը կրող գիտաժողովը միավորել էր տարբեր համալսարաններից և կառույցներից ժամանած մաթևոսյանագետ բանասերների, որոնք եկել էին վերստին խորհելու Մաթևոսյանի մտածողության, խոսքի շուրջ։

Մասնակիցներին ողջունեցին ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, պրոռեկտոր Դոնարա Ղազարյանը և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը։

Իր խոսքում ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ կարևորելով գիտաժողովի դերը համալսարանի 90-ամյա հոբելյանական բազմաբովանդակ նախաձեռնությունների շարքում։ Նա ընդգծեց, որ նման ձևաչափի հանդիպումները պետք է դառնան շարունակական՝ հարստացնելով բուհական կրթական և մշակութային կյանքը։

Գիտաժողովն անցավ գիտական հագեցած և հարցուպատասխաններով ակտիվ մթնոլորտում՝ հավաստելով, որ Մաթևոսյանի ստեղծագործությունը շարունակում է լինել մեր հոգևոր ինքնության ու գրական մտածողության անսպառ աղբյուրը։

Գիտաժողովի զեկուցումների հետագա տպագրությունը ևս մեկ կարևոր էջ կդառնա Մաթևոսյանի աշխարհընկալումը և գեղարվեստական մտածողությունը նորովի հասկանալու և մեկնաբանելու գործընթացում։

«Հրանտ Մաթևոսյանի աշխարհընկալումը․ խոսք, խոհ և պատկեր» խորագիրը կրող գիտաժողով Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում