ՀՀ բուհերի չինարեն ուսումնասիրող հարգելի՛ ուսանողներ,
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Արևելյան լեզուների ամբիոնը Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է «Չին հեղինակների ստեղծագործությունների ուսանողական թարգմանչական մրցույթ», որն այս տարի նվիրվում է բուհի հիմնադրման 90-ամյակին։
Մրցույթի նպատակն է բացահայտել և քաջալերել երիտասարդ տաղանդավոր թարգմանիչներին։
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` նախընտրական և եզրափակիչ, մրցույթի արդյունքները ամփոփվելու են եզրափակիչ փուլի արդյունքներով։
Նախատեսված են պարգևներ` 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների համար, իսկ 1-ին տեղը գրաված մասնակցի թարգմանվածքը լույս է տեսնելու հայկական հրատարակչություններից մեկում։ Բոլոր մասնակիցները կստանան վկայականներ։
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բուհերի չինարեն ուսումնասիրող բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներ, որոնք ունեն չինարենի միջազգային որակավորման քննության` առնվազն HSK 3-ին համապատասխանող գիտելիքներ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է dagritsenko@bryusov.am էլ.փոստի հասցեին ուղարկել նամակ, որում պետք է նշել հետևյալ տեղեկատվությունը`
● Մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը,
● Մասնակցի ուսման վայրը,
● Մասնակցի գործող հեռախոսահամարը(ները) և էլփոստի հասցեն,
● Որքան ժամանակ է ուսումնասիրում չինարենը։
Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 7-ը, ժամը 23:59-ը։
Տեղեկացնում ենք, որ մրցույթի նախընտրական փուլը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-ին, ժամը 14։00-ին ԲՊՀ 2206 (Չինարեն-հայերեն թարգմանչական լաբորատորիա) լսարանում։
Մրցույթի տևողությունը 180 րոպե է։
Մրցույթի ընթացքում մասնակցին տրվելու է հատված չին հեղինակի ստեղծագործության տեքստից, որը պետք է թարգմանել չինարենից հայերեն։ Թարգմանության ընթացքում մասնակիցներին տրամադրվելու է համակարգիչ և տրվելու է առցանց բառարաններից օգտվելու հնարավորություն (БКРС, Trainchinese, Բառարան օնլայն, Glosbe Բառարան հայերեն֊անգլերեն և այլն, բացառությամբ Google, Yandex, Baidu, ChatGPT, DeepSeek և այլ տիպի առցանց թարգմանչական գործիքների)։
Մանրամասների համար կարող եք զանգահարել (094) 41 88 64 (Դավիթ Գրիցենկո) հեռախոսահամարին։
Շտապե՛ք գրանցվել և փորձե՛ք ձեր ուժերը գրական թարգմանության արվեստի գործում։