Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրի համաձայն, մինչեւ 2030-ը պետք է ստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհ։ Իշխանության ձեռնարկած արմատական բարեփոխումները կրթության ոլորտում չեն սահմանափակվելու միայն բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների միավորմամբ, ստեղծվելու է նաեւ ակադեմիական քաղաք, որի գաղափարը դեռ մեկ տարի առաջ շրջանառել էր Նիկոլ Փաշինյանը։
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը, ինչպես մնացած բուհերի ռեկտորները, մի շարք առարկություններ ունի այս գաղափարի հետ կապված։ Պարզ չէ՝ միավորումը կրելու է զուտ տեխնիկակա՞ն բնույթ, թե՞ կրթական ծրագրերն էլ են դառնալու ընդհանուր։ «Այդ փաստաթղթից շատ բան հասկանալի չէ, այնտեղ մանրամասներ չկան, այլ՝ ընդհանուր դրույթներ։ Հետո՝ անհասկանալի է, թե ոնց եւ ինչի հիման վրա է որոշվել 5-8 բուհ»,- ասում է նա ու նկատում, որ պետք չէ բուհերի միջեւ մրցակցությունը վերացնել, դա շատ կարեւոր սկզբունք է ընդհանուր բարեփոխումների մեջ։
Այն, որ մեր բարձրագույն կրթական համակարգը կարիք ունի փոփոխությունների եւ արդյունավետության բարձրացման, քննարկման ենթակա չէ՝ համոզված է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորը, բայց, դրա հետ մեկտեղ, բուհերի միավորման կամ խոշորացման ծրագիրը կազմելիս շատ կարեւոր է գիտակցել, որ Հայաստանի բուհական համակարգը միայն ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ գտնվող 16 պետական բուհերը չեն։
«Երկրում գործում է մոտավորապես 53-54 բուհ, որոնց կազմում կան նաեւ այլ պետական գերատեսչության ենթակայության բուհեր, մասնավոր, միջպետական բուհեր, օտարերկրյա բուհերի մասնաճյուղեր, եւ միայն խոսել պետական բուհերի միավորման մասին, մենք ո՛չ որակի, ո՛չ էլ արդյունավետության մասին չենք կարող ասել, որովհետեւ միաժամանակ, երբ նախարարության ենթակայության տակ գտնվող պետական բուհերում փորձում են ինչ-որ բան անել, զուգահեռաբար մասնավոր բուհերը հավատարմագրվում են, ուսանող են ընդունում։ Այսօր 12 հազար ուսանող էլ սովորում է մասնավոր բուհերում, եւ քանի որ ստանում են պետական հավատարմագրում, նշանակում է՝ տալիս են նաեւ պետական նմուշի դիպլոմ եւ, ըստ էության, ունեն պետական բուհի կարգավիճակ, մինչդեռ խոսել պետական եւ մասնավոր բուհերի կրթության որակի մասին՝ ավելորդ է ու անհամեմատելի։ Մի տվյալ ներկայացնեմ․ այս տարվա ընդունելության արդյունքներով՝ առկա, բակալավրիատ միասնական քննություններին մասնակցել է 26 մասնավոր բուհ, դիմորդ է ունեցել այդ 26 բուհից միայն 12-ը, ընդ որում, ընդհանուր թվով 156 դիմորդ է եղել այդ 12 բուհում, միջինում, ըստ բուհի՝ 6, բայց իրականում 1-2 դիմորդ է եղել, բացառությամբ 3-4 բուհի, որտեղ մի փոքր ավելի շատ է եղել դիմորդների քանակը։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ ո՞նց է լինում, որ 156 դիմորդ են ունենում, բայց Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով, 12 հազար ուսանող է սովորում։ Այսինքն՝ նախ պետք է համակարգն ամբողջությամբ նայել եւ սկսել վատ կետից, ոչ թե համեմատաբար լավ կետից,- ասում է ռեկտորն ու ընդգծում։- Կառավարությունը նախ պետք է պետական բուհերի շահը պաշտպանի՝ հավասարակշռելով, իհարկե, մասնավոր եւ պետական բուհերի շահը, բայց այսօր, բացի պետական բուհերից, մնացած բոլորը, ըստ էության, դուրս են բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական կարգավորման դաշտից»։
Բուհերի միավորման գործընթացի տարբերակները քննարկելիս, ըստ նրա, նախ պետք է հասկանալ, թե որ բուհը որ բուհի հետ պետք է միավորվի, պետք է հստակ սկզբունքներ որդեգրվեն․ «Հիմնավորում պետք է լինի, նաեւ հաշվի առնվեն մասնագիտական ուղղվածությունները, իսկ դա բավականին մեծ պլանավորման գործընթաց է պահանջում։ Օրինակ, ուսանողների եւ աշխատողների շրջանում պարզ հարցում է պետք անել՝ եթե 2 բուհ միավորվում է, եւ ինչ-որ նոր բուհ է կազմավորվում, արդյոք դասավանդողները եւ ուսանողները կուրորեն գնալո՞ւ են այն բուհը, որը նոր է ձեւավորվել, թե՞ կգերադասեն այլ բուհեր գնալ։ Այնպես չէ, որ մենք միավորեցինք բուհերը, եւ իրենք մեխանիկորեն դառնալու են այդ նոր բուհի ուսանող։ Եթե այդ պլաններում կա նաեւ Բրյուսովը միավորել, ապա ես բավականին մեծ հիմքեր ունեմ մտածելու, որ մեր համալսարանի ուսանողությունը, որը հիմնականում օտար լեզուներ եւ սոցիալական մասնագիտություններ է սովորում, կգերադասի գնալ ամերիկյան, ֆրանսիական, սլավոնական համալսարաններ, անգամ՝ մասնաճյուղեր, օրինակ՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի մասնաճյուղ, որովհետեւ պետական բուհերն անընդհատ տուրբուլենտ վիճակում են գտնվում։ Ամեն դեպքում, ոչ մի փաստ չկա, որ ուսանողները կգնան այն բուհը, որի հետ նախատեսվում է միավորման հնարավորություն։ Նույնը՝ նաեւ դասախոսների դեպքում, որովհետեւ մեր դասախոսների մի ստվար մասն այսօր համատեղության կարգով աշխատում է նաեւ այդ միջպետական բուհերում, եւ ինչո՞ւ պետք է գնան նոր ձեւավորված բուհ»։
Այս եւ մյուս բոլոր հարցերը, ըստ նրա, պետք է շատ մանրամասն ուսումնասիրել, հասկանալ, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ այդ միավորման արդյունքում․ «Հաշվի առնել նոր բուհի կառուցվածքը, աշխատակազմի թվաքանակ հաշվել, ոչ միայն դասախոսական, այլ նաեւ վարչական, ուսումնաօժանդակ, պետք է հասկանալ, թե ինչպիսի կրճատումներ են ակնկալվում, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ 2 հաշվապահություն, 2 կադրերի բաժին, մի շարք կրկնվող ամբիոններ չեն կարող մի բուհի կազմում մնալ։ Այստեղ լինելու են միավորումներ, կրճատումներ, առաջանալու են սոցիալական եւ այլ ռիսկեր, ինչպե՞ս են այդ հարցերը լուծվելու։ Եվ եթե մենք անընդհատ խոսում ենք արդյունավետությունից, պետք է հասկանալ, թե արդյոք ինչ-որ խնայողություն առաջանո՞ւմ է, նաեւ հասկանալ նոր կազմավորվող բուհի ֆինանսական վիճակը։ Օրինակ, մեզ նման ֆինանսապես կայուն վիճակում գտնվող բուհը, որ միայն վերջին 4 տարում 700 մլն-ով ավելացրել է իր բյուջեն, այս տարի 3-րդն է ընդունելության ցուցանիշով պետական բուհերի շարքում, իսկ ընդունելությունը մեզ մոտ վերջին 3 տարում 3 անգամ բարձրացել է, եւ մեր ֆինանսական կայունությունն էլ է բարձրացել։ Ու եթե ֆինանսապես կայուն բուհի վրա դրվում է նոր համալսարանի բեռը, որն ունի բազմաթիվ խնդիրներ, մենք դրանով վնասում ենք նաեւ այն համալսարանը, որը հաջողությամբ աշխատում է, որովհետեւ նա սկսում է լուծել նաեւ նոր առաջացող խնդիրներ»։
Առիթ եղե՞լ է օրենսդրական նախաձեռնությունը ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել, թե՞ ոչ։ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորն ասում է, որ հանդիպումներ պարբերաբար լինում են, բայց հարցը մանրամասն քննարկելու հնարավորություն չի եղել․
«Հետո՝ այդ պլանները, թե որ համալսարանը որի հետ պետք է միավորվի, հընթացս փոխվում են, մե՛կ մի տարբերակ է առաջ քաշվում, քննարկումից հետո՝ մեկ այլ տարբերակ։ Դրա համար եմ ասում՝ շատ կարեւոր է, որ լուրջ հիմնավորում, հաշվարկներ եւ ուսումնասիրություն լինեն: Ի վերջո, բոլոր պետական բուհերն առնվազն մի 80 տարվա պատմություն եւ ավանդույթներ ունեն։ Միշտ էլ քանդելը շատ ավելի հեշտ է, քան նոր բան ստեղծելը։ Մենք այսօր ունենք մի շարք մասնագիտություններ, որոնք իրապես առողջացման եւ փրկման կարիք ունեն, օրինակ՝ նույն մանկավարժությունը եւ էլի 10-12 առարկա, որոնց գծով ուսանող չի ընդունվում այս տարի։ Արդյոք միայն մեխանիկորեն արված միավորումը կբերի՞ նրան, որ հաջորդ տարի ահռելի մեծ հոսք գնա դեպի այդ մասնագիտությունները, իհարկե, չի լինի, եւ այդ միացումը ո՛չ որակին կնպաստի, ո՛չ էլ այդ մասնագիտության փրկմանը կամ առողջացմանը։ Մենք այսօր լուրջ ազգային եւ պետական խնդիր ունենք․ այսօր գործող 32 հազար ուսուցիչների մոտ 25 տոկոսը կա՛մ կենսաթոշակային տարիքի է, կա՛մ մոտակա տարիներին դառնալու է կենսաթոշակային տարիքի, եւ մենք դրանից հետո նրանց փոխարինող չունենք, իսկ ո՞վ է նրանց փոխարինելու, եթե մենք այսօր ուսանող չենք ընդունում այդ մասնագիտությունների գծով։ Ու եթե քննարկվում է միավորման հարց, գուցե քննարկվի, թե որ համալսարանն է ավելի որակյալ ուսուցիչ տալիս, որտեղ են ավելի շատ դիմում, եւ որտեղ արդյունավետ է, դա պահել»։