Չարենցի «Պատահական անցորդին» բանաստեղծությունն առաջին անգամ հնչեց չինարեն

Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանը Թարգմանչաց տոնին հյուրընկալել էր Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին, որոնք միջոցառում էին կազմակերպել` թարգմանելով Չարենցի բանաստեղծությունները տարբեր լեզուներով:

Միջոցառումը սկսվեց Չարենցի անվան մեկնաբանություններով ՝ սկսած Չարենց անունով բժշկից մինչև նրա հոր՝ Աբգար աղայի՝ չարաճճի որդուն տված «Չարոց հանճար, բարոց տխմար» արտահայտությամբ:

1897 թվականին, ինչպես ինքն է նկարագրում, անկյանք փողոցներով արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաքում ծնվեց անհանգիստ բնավորությամբ, խոհուն ու ըմբոստ բանաստեղծ Չարենցը, որը գրական մի ամբողջ հարստություն նվիրեց հայկական գրականությանը: