Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում նշվեց Առաջին հանրապետության օրը

Մայիսի 27-ին Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 101-ամյակին:

Միջոցառմանը մասնակցելու եկած ուսանողներից և դասախոսներից բացի դահլիճում ներկա էին նաև ռեկտոր Կարինե Հարությունյանը, դեկաններ և այլք:

ԵՊԼՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը բացման խոսքը սկսեց ողջունելով ներկա գտնվողներին, ապա շնորհավորեց մայիսյան բոլոր հաղթանակների առթիվ. «Մայիսի 28-ին համայն հայությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում տոնում է Առաջին Հանրապետության օրը:

Հայ ժողովրդի կողմից անկախ պետականությունը վերականգնելու դարավոր երազանքն ի կատար ածվեց հենց մայիսի 28-ին՝ դառնալով հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը։ Եվ հենց 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի առաջին հանրապետության ծնունդը:

Հայաստանի առաջին հանրապետության հիմքի վրա հետագայում ձևավորվեցին այն նախադրյալները, որոնք 1991-ին բերեցին նոր անկախության ու նոր հաղթանակների:

Շնորհավոր Մայիսի 28-ը՝ Հայաստանի առաջին հանրապետության 101-ամյակը»:

Միջոցառումը սկսվեց Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի » երգի կատարմամբ:

Այնուհետև միջոցառման մասնակիցները մեջբերեցին Հայաստանի հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու խոսքերը՝ «Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, Ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու երկրի ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է. հեռու չէ այն օրը, երբ այն կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն»:

Ապա` ուսանողները կատարեցին Առնո Բաբաջանյանի «Ազգ Իմ Փառապանծ» երգը, Սուսաննա Պետրոսյանի և Նիկ Եգիբյանի « Հայրենիք»-ը, որից հետո ներկայացրին պատմական ակնարկ՝ նվիրված Սարդարապատի հերոսամարտին. Սարդարապատի հերոսամարտը հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար։ Այն տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 22-29 ընկած ժամանակահատվածում:

Կատարեցին բազմաթիվ պարային համարներ, որից հետո խոսքը փոխանցեցին ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանին, ով շնորհակալություն հայտնեց թե՛ մասնակցելու, թե՛ աջակցելու համար:

Կատարեցին բազմաթիվ պարային համարներ, որից հետո խոսքը փոխանցեցին ռեկտորի խորհրդական Մարինա Աբրահամյանին, ով շնորհակալություն հայտնեց թե՛ մասնակցելու, թե՛ աջակցելու համար:

Մարինա Աբրահամյանը ասաց, որ միջոցառման երկրորդ հատվածը տարբերվելու է մինչև այս անցկացված միջոցառումներից.

«Հնչելու են բազմաթիվ հիթեր և սիրված երգեր, ցանկանում եմ տեսնել բոլորիդ ակտիվ մասնակցությունը այս գեղեցիկ միջոցառմանը, որը կազմակերպել ենք ձեզ համար, որպեսզի մի փոքր ավելի ուրախ և էներգիայով լի սկսեք ձեր մոդուլային շաբաթը։ Ձեզ բարի ժամանց և դրական էմոցիաներ»:

Միջոցառման ամբողջ ընթացքում բոլոր ներկաները ձայնակցում էին և շարունակում էին երգերը, իսկ կիթառահարները և ջութակահարը էլ ավելի էին գեղեցկացնում միջոցառումը:

Միջոցառմանը նաև հրավիրված էին «Դետք» կամ «Detq» հայկական սոֆթ֊ռոք ժանրի և «The small bodies» ֆոլկ-ռոք ժանրի բոյ բենդերը։

Իսկ արդեն վերջում բոլոր ուսանողները և միջոցառման մասնակիցները դուրս եկան համալսարանի բակ և բաց թողեցին բազմաթիվ եռագույն փուչիկներ: