Վալերի Բրյուսովի անվան համալսարանական թանգարանն և Մոսկվայում գործող գրողի տուն-թանգարանը փետրվարի 20-ին Մոսկվայում կազմակերպել են համատեղ ցուցահանդես։ Այն նվիրված է ԵՊԼՀ-ի 85-ամյա և Բրյուսովի տան հոբելյաններին։

Վալերի Բրյուսովի թանգարանն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում Երևանում գործող մյուս մեմորիալ թանգարաններից։ Կարծես սովորական ցուցասրահներ են, որտեղ ներկայացված են գրողի ու թարգմանչի կյանքի և աշխատանքային գործունեությանը վերաբերող իրերը։ Բայց դա միայն առաջին հայացքից․ ընդամենը մի քանի րոպեից դու քեզ գտնում ես ռուսական գրականության արծաթե դարում, որտեղ իր աթոռին բազմած Բրյուսովը փոքր-ինչ թեքվել է գրասեղանին ու աշխատում է հերթական գլուխգործոցի վրա կամ էլ սևագիր տետրակի մեջ փորձում է գրել հազիվ սովորած մեսրոպատառերը։

Բրյուսովյան գիտական կենտրոնի ղեկավար Աննա Չուլյանի ուղեկցությամբ ցուցասրահում մի քանի քայլ անելով հայտնվում ես նախ Բրյուսովի մանկության տետրակների, ձեռքով կազմած առաջին ամսագրի, նախկինում չտեսնված ապլիկացիանների  առջև, հետո հայացքով ուղեկցում ես նրան գիմնազիա, իսկ ավելի ուշ թերթում ես նրա՝ ամենայն հայոց բանաստեղծի գործերի բրյուսովյան լեզվով թարգմանություններն ու ունկնդրում նրա թարգմանած Սայաթ-Նովան։

Տիկին Չուլյանի խոսքով՝ տարվա ընթացքում, բացի այցելուներից ականավոր թարգմանչին պատվում են իրենց ներկայությամբ ԱՊՀ–ից և եվրոպական երկրներից ժամանած ռուսագետներն ու հատկապես բրյուսովագետները, որոնք իրենց մասնակցությունն են ունենում «Բրյուսովյան ընթերցումներ» ամենամյա գիտաժողովին։ Բրյուսովագետներից ավելի հաճախ թանգարան են այցելում բրյուսովականները, որոնց ամենից շատ գրավում է Բրյուսովի՝  համաշխարհային գրականությունից կատարած թարգմանությունները․ պոլիգլոտ ուսանողները հետաքրքրությամբ աչքի են անցկացնում անգլերենից, հայերենից, գերմաներենից, ֆրանսերենից, իտալերենից, հուներենից թարգմանությունները։

Էքսկուրսիայի վերջում ցուցանմուշները մեկ անգամ ևս մտապահելով՝ հայացքդ կընկնի սպիտակով պատված մի պապիկի դեմքի, որին մոտենալով կլսես գիդի ձայնը․ «Սա Մերկուրովի պատրաստած մահվան դիմակն է և ձեռքի պատճենը, որը նվիրել է Բրյուսովների ընտանիքը»։

«Այցելության ավարտին իմացա, որ համալսարանական թանգարանը երկրում առաջինն ու դեռ միակն է, որ պայմանագիր է կնքել Google-ի հետ․ Google arts and culture հարթակում առկա է արդեն երկու վիտուալ հավաքածու, մեկը կոչվում է՝ «Բրյուսովը և Հայաստանը», մյուսը՝ «Բրյուսովը և երաժշտությունը»։ «Ասեմ, որ բավականին մեծ աշխատանք է․ մենք արդեն գնում ենք վիրտուալ դաշտ»։ 

Բրյուսովի համալսարանական թանգարանն ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ նախատեսում է «Բրյուսովը և արծաթե դարի նկարիչները» խորագրով ցուցադրություն։ Թանգարանում առկա են մի շարք գրքեր, որոնք նկարազարդել են Բրյուսովի ժամանակակից նկարիչները։ Ցուցադրությունն արծաթե դարի  գրականության և արվեստի միաձուլման յուրօրինակ վկայություն կլինի»։

Նյութի աղբյուրը՝ https://hy.armradio.am/:

Վ․ Բրյուսովի հայաստանյան թանգարանի բացառիկ նմուշները կցուցադրվեն նաև մոսկովյան տուն-թանգարանում