Ս. թ. մարտի 24-ին մեր համալսարանում կազմակերպվեց պրոֆեսոր Վլադիմիր Ստեփանյանի հիշատակին նվիրված «Գեղարվեստական տեքստի վերլուծությունը՝ ի նպաստ ֆրանսերենի դասավանդման» խորագրով կլոր սեղանը:

Միջոցառմանը ներկա էին ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը, Վ. Ստեփանյանի գործընկերները՝ ի դեմս համալսարանի պ/դ կազմի ներկայացուցիչների, նախկին ուսանողները, հարազատ ու սիրելի մարդիկ:

Բացման խոսքով հանդես եկավ Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Ֆ. Հովհաննիսյանը. 

«Ես այսօր էլ ներկայով եմ խոսում պարոն Ստեփանյանի մասին, քանի որ նրա հիշատակը վառ է բոլորիս սրտերում: Խոսել Բրյուսովի համալսարաննից, խոսել ֆրանսերենի ամբիոնի ավանդույթներից և չհիշել պարոն Ստեփանյանին, պարզապես անհնար է: Նա իր ուրույն տեղն ունի այդ ավանդույթներում և մեր համալսարանի պատմության մեջ: Ֆրանսերենի ամբիոնում շատ սիրված մարդիկ են եղել, բայց պարոն Ստեփանյանը տարբերվել է նրանով, որ անմնացորդ սիրվել է բոլորի կողմից»:

Ամբիոնի դոցենտ Լ. Բաբայանը ներկայացրեց Վ. Ստեփանյանի հակիրճ կենսագրականը, նրա զբաղեցրած տարբեր պաշտոնները համալսարանում, ունեցած կոչումներն ու պատվոգրերը:

Ապա ռեկտորի ժ/պ Դ. Գյուրջինյանը կիսվեց ներկաների հետ Վ. Ստեփանյանի մասին վառ ու հետաքրքիր հուշերով՝ ընդգծելով նրա բացառիկ համեստ լինելը և հավելեց. «Շատ լավ է, որ մենք կարճ հիշողություն չունենք, և այդպես է լինում, որ ավանդույթները շարունակվում են: Մեր գործելակերպով մենք կփորձենք փոխանցել այսօրվա և գալիք սերունդներին այն լավագույն ավանդույթները, որ ձևավորլ է «Վ. Ստեփանյան և Ա. Բարլեզիզյան» ֆրանսագետների հրաշալի երկյակը: Հիշատակը վառ լինի, և շնորհակալություն ձեզ, հարգելի՛ գործընկերներ, որ և՛ ներկա եք, և՛ նախապատրաստել եք այս միջոցառումը»:

Գնահատանքի, երախտագիտության խոսքով ու ելույթներով հանդես եկան ՍԳՍ և ՌՕԼ ֆակուլտետների դեկաններ Դ. Ղազարյանը և Ն. Տատկալոն, Ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ Ն. Մանուկյանը, Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ Ն. Խաչատրյանը, Լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր Կ. Աբրահամյանը, Գերմաներենի ամբիոնի վարիչ Է. Ղազարյանը, դասախոսներ Հ. Հակոբջանյանը, Ս. Թորոսյանը, Ա. Եղիազարյանը և այլք:

Ավելի ուշ ֆրանսիական բաժնի ուսանողները դասախոս Լ. Բաբայանի ղեկավարությամբ բաց դաս անցկացրին՝ կատարելով Վ. Ստեփանյանի հեղինակած դասագրքից մի հետաքրքիր տեքստի վերլուծություն:

Տեղի ունեցավ պրոֆեսոր Վլադիմիր Ստեփանյանի հիշատակին նվիրված ցերեկույթը