Տեղի ունեցավ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացումը

Այսօր Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի ունեցավ ԽՍՀՄ հերոսներ, լեգենդար հետախույզներ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացումը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ԿԳ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը, Վարդանյանների ընտանիքի անդամներ և ԵՊԼՀ մի շարք ներկայացուցիչներ:

Արարողության սկզբում ԵՊԼՀ  ռեկտոր Կ. Հարությունյանը մասնավորեցրեց, որ պատահական չէ, որ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարան է բացվում ԵՊԼՀ-ում, քանի որ լեգենդար հետախույզները սովորել և ավարտել են հենց  Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը: Նա ընդգծեց, որ ԵՊԼՀ-ի համար մեծ պատիվ է ունենալ նման մարդկանց անունը կրող լսարան:

Շատ չմանրամասնելով Վարդանյան ամուսինների կյանքի դրվագները՝ Կ. Հարությունյանը երկու կարևոր հանգամանք առանձնացրեց. «Նրանց անվան հետ է կապվում մոտ 500 տարբեր կենտրոնական հետախուզության գործակալների բացահայտումը, և ամբողջ աշխարհին է հայտնի 1943 Թեհրանում «Մեծ եռյակի» (Ստալին, Ռուզվելտ, Չերչիլ) նկատմամբ պլանավորված մահափորձի կանխարգելման հարցում Գոհար և Գևորգ Վարդանյանների դերը»:

 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջոցառման ընթացքում հեռախոսազրույց ունեցավ Գոհար Վարդանյանի հետ,  և փոխանցեց ներկաների ողջույնները, որոնց Գ. Վարդանյանը ջերմորեն փոխադարձեց:

Հանրապետության նախագահն իր խոսքում նշեց, որ դեռևս 1996թ., երբ ինքը ՀՀ վարչապետն էր, բազմիցս խորհրդակցել է Գևորգ Վարդանյանի հետ, թե ինչպես կատարելագործել ՀՀ արտաքին հետախուզությունը. «Այն, որ հայերը կարող են լինել ոչ միայն փայլուն գիտնականներ, քաղաքական գործիչներ, բիզնեսմեններ, այլև աշխարհի լավագույն հետախույզներ, Գոհար և Գևորգ Վարդանյանները ապացուցել են»,- նշեց նախագահը և հավելեց.

«Իհարկե,  հետախույզի աշխատանքը բավական բարդ աշխատանք է, և անհատը, ով զբաղվում է այդ աշխատանքով, իր մեջ պետք է ներառի բազմաթիվ որակներ, բայց ամենակարևորը՝  պետք է լինի հայրենսաեր»:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Ս. Կոպիրկինն իր հերթին նշեց, որ մեծ պատիվ է ներկա գտնվել այս միջոցառմանը և հավելեց, որ Գոհար և Գևորգ Վարդանյանները հայ-ռուսական համատեղ պատմության փառավոր էջերից են, պատմություն, որն այսօր էլ շարունակվում է:

Տեղի ունեցավ Գոհար և Գևորգ Վարդանյանների անվան լսարանի բացումը