Նոյեմբերի 27-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սմարթ» կենտրոնում անցկացվեց հանդիպում՝ նվիրված եվրոպական կամավորական ծրագրերին։ Այն կազմակերպել էր ԲՊՀ Կարիերայի կենտրոնը՝ ուսանողներին միջազգային զարգացման հնարավորությունները ներկայացնելու նպատակով։
«Միավորող Կամուրջ» ՀԿ-ի թիմը ներկայացրեց Erasmus+ կամավորական ուղղությունը և Եվրոպական համերաշխության կորպուսի (ESC) ծրագրերը՝ շեշտելով, որ դրանք հնարավորություն են տալիս ձեռք բերել իրական աշխատանքային փորձ, զարգացնել հմտություններ և աշխատել միջազգային միջավայրում։
Մասնակիցները ծանոթացան նաև ESC պորտալում գրանցվելու քայլերին, իսկ տարբեր միջազգային ծրագրերի դիմած ուսանողները կիսվեցին իրենց փորձով։ Հանդիպումն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանով և նոր ծրագրերի մասնակցելու հետաքրքրվածությամբ։