Այս փորձն ինձ համար նախ ինքնաճանաչման մեծ ուղի էր, քանի որ լինելով ընտանիքից, ընկերներից հեռու, հույսդ միայն դնում ես քեզ վրա, կողմնորոշվում տարբեր բարդ և անելանելի թվացող իրավիճակներում, մեծանում է ինքդ քո հանդեպ ունեցած պատասխանատվությունը, սկսում ես ինքդ քո միջոցով ճամաչել քեզ, քո ուժեղ ու թույլ կողմերը արդեն հայրենիքից հեռու, երբ միակ օգնական ուժդ հենց դու ես։
Դե իսկ մասնագիտական առումով բավականին հարստացած եմ վերադարձել. բարելավել եմ ֆրանսերենս, ծանոթացել եմ ֆրանսիացի ուսուցիչների կողմից կիրառվող մանկավարժական հետաքրքիր մեթոդներին, որոնք, լինելով գործող ուսուցիչ, կիրառում եմ դասարանում։ Դպրոցական 2 շաբաթ արձակուրդի ընթացքում փորձել եմ հնարավորինս շատ ճամփորդել Ֆրանսիայում, գնալ թանգարաններ, տարբեր քաղաքներ և իսկապես վայելել Ֆրանսիան։
Շատ բաներ եմ քաղել այնտեղից, համեմատել, վերլուծել և փորձել եմ ստանալ ոսկե միջինը իմ մասնագիտական ոլորտում լավագույնս ներկայանալու համար։
Մանկավարժությունն ինձ համար արվեստ է, և իմ կարծիքով ամեն ուսուցիչ ինքն է ընտրում իր դասավանդման ոճը, մեթոդները։ Նման պրակտիկաները, կարծում եմ, օգտակար կլինեն անգամ 40 տարվա փորձ ունեցող մանկավարժին։ Դիտարկելով և համեմատելով դու միայն բարձրացնում ես քո դասավանդման որակը՝ հիմնվելով ստացածդ արդյունքների վրա։ Սովորելու բան ունենք բոլորս՝ անկախ տարիքից, սեռից, մասնագիտական երկար տարիների փորձից։
Մեր համալսարանն այնքան լավ հնարավորություններ է տալիս ուսանողներին․ սեմինարներ, հանդիպումներ տարբեր կազմակերպությունների, մի շարք դպրոցների տնօրենների հետ։ Պետք է փորձել ամեն տեղ երևալ, դիմել, շատ կամավորություններ անել։ Ոչինչ չանել և սպասել, որ մի օր նպատակդ կիրագործվի, դա անմտություն է։
Իմ խորհուրդն է՝ երբեք ոչ ոքի թույլ չտալ կանգնել Ձեր երազանքների իրականացման դիմաց. լինի նա ձեր ընկերը, հարազատը և անգամ ընտանիքի անդամը։ Չէ՞ որ դուք ամենալավը գիտեք, թե ձեզ ինչ է պետք այս կյանքում։ Ամեն գնով հասեք ձեր նպատակներին, եթե անգամ դա տարիներ տևի։ Պրպտե՛ք, փնտրե՛ք, գտե՛ք, ձախողե՛ք, նորից փորձեք, մի՛ հանձնվեք, և հույսը միայն ու միայն Ձեզ վրա դրեք։
Եվ վերջում ուզում եմ ավելացնել մի բան, եթե մարդն իր ամբողջ հոգով հավատում է իր երազանքի/նպատակի իրականացմանը, ապա ողջ տիեզերքն է նրան օգնում և պայքարում դրա կատարման համար։