Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել․ ապրիլի 24

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ 

Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից: Մեզ հետևողականորեն զրկել են այն հողից, որտեղ հազարամյակների ընթացքում ձևավորվել և զարգանում էր հայկական մշակույթը, հայկական ինքնությունը: Երկրի երեսից ջնջվել է հայկական ինքնությունը կազմող մշակութային ժառանգությունը՝ հազարավոր դպրոցներ, եկեղեցիներ և վանքեր: Ոչնչացվել են հայկական մշակույթի էության կրողները՝ նրա մտավորականությունն ու հոգևորականությունը: Դա հսկայական հարված էր ոչ միայն հայ ժողովրդին, նրա մշակույթին ու նրա մշակութաբանական տեսակին, այլ նաև մարդկային ողջ քաղաքակրթությանը: Անդառնալիորեն կորել է համաշխարհային մշակույթի մաս կազմող մի ուրույն և ինքնատիպ շերտ: Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությանբ անդառնալիորեն փոխվել է մի ողջ տարածաշրջանի մշակութային պատկերը։ Մի՞թե սա հանցագործություն չէր մարդկության դեմ։

Ոճրագործը ոչնչացրեց մեր պոետներին՝ նրանց, ովքեր կազմում էին մեր խիղճը, մեր ինքնության առանցքը։ Ուստի մեր շարունակական պայքարը մեր էության, մեր տեսակի պահպանության համար է։ Մոռանալով նրանց հիշատակը, մոռանալով նրանց մշակութային ժառանգությունը՝ մենք կդավաճանենք մեր էությանը։ Նրանց հիշատակը վառ պահելով, պայքարելով արդարության վերականգնման համար՝ մենք ձեռք կբերենք անմահություն։ Ուստի մենք հետևողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: 

http://www.primeminister.am
 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Այսօր համայն հայ ժողովուրդը՝ առաջադեմ մարդկության հետ, աշխարհի բոլոր մայրցամաքների վրա ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է, իրենց պատմական բնօրրանում բռնությունների ենթարկված և հայրենի հողից տեղահանված մեր բազմաթիվ հայրենակիցների ողբերգությունը վերստին հիշելու, մեր կորցրած հոգևոր, նյութական ու մշակութային արժեքների մասին հիշեցնելու, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության՝ ցեղասպանության մասին աշխարհին ևս մեկ անգամ բարձրաձայնելու, սթափության և ժխտողականության դեմ պայքարի կոչելու օրը:

Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է:

Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև: Հիշենք Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան և մյուս ողբերգությունները:

Այն զգոնության դաս պետք է լինի բոլորի համար: Մարդկության դեմ գործած այդ ահավոր ոճրի միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր քայլ պետք է դառնա դրա կրկնությունը աշխարհում որևէ տեղ բացառելու նպատակով:

Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր այն պետություններին, միջազգային կառույցներին և կազմակերպություններին, հոգևոր պետերին և քաղաքական առաջնորդներին, մշակութային, ակադեմիական և գիտական շրջանակների ներկայացուցիչներին, անհատներին, որոնք իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և ճանաչում ու դատապարտում Հայոց ցեղասպանությունը:

Այսօր գլուխ խոնարհելով սուրբ նահատակների հիշատակի առջև՝ միևնույն ժամանակ մենք վկայում ենք վերապրելու և մեր Հայրենիքը վերակերտելու աննկուն կամքը:

Վերապրողների ժառանգներիս պարտքն է համախմբվել մեր ազգային իղձերի շուրջ, հավատարիմ մնալ մեր ինքնությանն ու արժեքներին, խթանել ժողովրդի ստեղծարար ուժերը, կերտել դինամիկ զարգացող ժամանակակից Հայաստան, որը հպարտության առարկա կլինի աշխարհի բոլոր հայերի համար և ունակ՝ պաշտպանելու հայ ժողովրդի անանց իրավունքները:

www.president.am

Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել․ ապրիլի 24
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի պատվիրակության այցը ԵՊԼՀ

14.08.2019

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի Քրիստոնեադեմոկրատական միություն խմբակցության պատգամավորները այս օրերին գտնվում են Հայաստանում և մի շարք հանդիպումներ ունենում ՀՀ Կառավարության անդամենրի ...

ԵՊԼՀ-ն ընդգրկվել է Էրազմուս+-ի երկու միջազգային ծրագրերում

08.08.2019

Էրազմուս+ «Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում» գործողության 2019թ-ի մրցույթի արդյունքնում Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը ընդգրկված է երկու ...

ԵՊԼՀ-ն Նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծելու է ...

07.08.2019

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) շրջանակներում սկսում է Լեզվական և կրթական տեխնոլոգիաների «ՀայԼինգվոՏեք» (HayLingvoTech) ...

ԵՊԼՀ ուսանողը մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման նախագիծ

07.08.2019

Վահան Մարտիրոսյանը, ինքնուրույն ձեռնարկել և մշակել է մարզերում թափոնների ճիշտ կառավարման համար նախագիծ: