Ներկայացնում ենք ԲՊՀ թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի «Թարգմանչական գործ (գերմաներեն-հայերեն)» մասնագիտության ուսանողուհի Լուսինե Ոսկանյանի հաջողության պատմությունը:

«Պայքարը միշտ էլ դժվար է, բայց ավելի դժվար է
պայքարել՝ գիտակցելով, որ գուցե երբեք
էլ չհասնես ձգտմանդ...»

Լուսինե Ոսկանյան

Քանի դեռ ես սա չգիտակցեցի, Էրազմուս + շարժունության միջազգային ծրագիրը ինձ համար էլ շարունակում էր մնալ անհասանելի երազանք։
Իսկ այսօր այն ոչ թե երազանք է, այլ իրականացած նպատակ։ Այսօր ես Եվրոպայի սրտում եմ՝ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, ու սովորում եմ երկրի լավագույն համալսարաններից մեկում՝ Դյուսելդորֆի Հայնրիխ Հայնեի համալսարանում, քանի որ ես ժամանակին չվախեցա ու հաղթահարեցի նույնիսկ անհնարին թվացողը։ Անհնարին ոչինչ չկա իրականում, պետք է ուղղակի շատ ուժեղ կամքի ուժ, ձգտում և իհարկե, գիտելիք ունենալ։

Գերմանիայում առաջին անգամ չէի, բայց ամեն անգամը մի նորություն ու մի նոր փորձություն է։ Երբեմն լինում են իրավիճակներ, որ գուցե ամենավատ երազում անգամ չհանդիպենք, կամ կանգնում ես այնպիսի դժվարությունների առջև, որ ուզում ես պարզապես վեր կենալ ու հետ դառնալ տուն։ Բայց միշտ պետք է դուրս գալ սեփական հարմարավետության գոտուց ու փորձել ոչ թե մոլորվել, այլ ընդլայնել այդ գոտու սահմանները։

Գերմանիայում կյանքի ընթացքի ու օրերի բազմազանության մասին երկար կարելի է խոսել, թերևս խոսեմ կրթության մասին։

Գերմանիա եկել եմ ՔՈՎԻԴ-19 համավարակի ամենառիսկային ժամանակաշրջանում ու ցավալիորեն հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու առկա դասերի, բայց վստահորեն պիտի նշեմ նաև, որ մարդկային շփումից բացի ուրիշ ոչինչ չի տուժել, նույնիսկ ավելին՝ նոր հմտություններ ենք ձեռք բերել։

Դասերի ժամանակացույցն այստեղ ընտրում ես ինքդ։ Դասընթացին գրանցվելուց հետո համապատասխան օնլայն հարթակում մուտք ես ունենում տվյալ դասընթացի էջը, որտեղ կարող ես ներբեռնել ամբողջ կիսամյակի համար նախատեսված դասընթացի ծրագիրը՝ ամեն օրվա համար հստակ նշված, թե ինչ է նախատեսվում այդ օրը, և համապատասխան բոլոր գրքերը։ Ի դեպ, համալսարանի օնլայն գրադարանը նույնպես մեծ ծավալով էլեկտրոնային գրքեր է ապահովում։

Շատ հաճախ դասախոսներն ուղարկում են նաև տվյալ դասընթացի աուդիո և վիդեո տարբերակները, որ անհրաժեշտության դեպքում լրացնես բաց թողած դասը։ Այստեղ չկան խումբ կամ կուրս հասկացությունները։ Ամեն դասախոսության կամ սեմինարի մասնակցում են տարբեր խմբերի ու կուրսերի ուսանողներ։ Չգիտեմ՝ ինչպես է ստացվել, բայց իմ բոլոր դասերին միայն ես եմ, որ գերմանացի չեմ, բայց երբեք չեմ զգացել որևէ դժվարություն, ու նրանք էլ երբեք տարբերություն չեն դրել, թե դու որտեղից ես։ Դասերն էլ այնքան հագեցած են անցնում, որ գրեթե չես հասցնում ձանձրանալ։ Առաջադրանքները մեկը մյուսից բազմազան են. խմբային աշխատանքներ, որևէ թեմայով հետազոտություն, վիդեոնկարահանում, ռեֆերատներ, պրեզենտացիաներ։ Բայց այս ամենն արվում է այնքան ճիշտ համակարգված, որ դու չես հասցնում քեզ գերծանրաբեռնված զգալ։

Ամենամեծ բացը մարդկային շփման սահմանափակումն է։ Իսկ երբեմն էլ քո երկար-բարակ հաղորդագրությանը պատասխանում են շատ անգամներ ոչինչ չասող կարճ նախադասությամբ։ Շատ դժվար է գալ ու միանգամից ինտեգրվել մշակույթին, մարդկանց, հարմարվել կրթական համակարգին։ Իսկ այդ համակարգերը չափազանց տարբեր են։ Թերևս մեկ ամիս պահանջվեց, որպեսզի պատկերացնեմ, թե այստեղ ինչպես է կազմակերպվում դասապրոցեսը, թե ինչ պարտականություններ ունեմ ու ինչ ժամկետներում պետք է հասցնեմ դրանք։ Երբեմն սթրեսային է, երբեմն էլ՝ հաճելի։

Արտերկրում սովորելու լավագուն կողմն այն է, որ ամեն օրը մի նոր արկած է, նոր բացահայտում, նոր ծանոթություն, նոր զգացողություններ ու էմոցիաներ։ Ու դու գիտակցում ես, որ այդ օրերը երբեք չես մոռանալու, որ դրանք քեզ այնքան բան տվեցին, քո մեջ այնքան բան փոխեցին ու քո գիտակցությունը հասցրին լիովին այլ մակարդակի։ Սկսում ես սիրել, գնահատել, վստահել, հավատալ, ձեռք ես բերում ավելի մեծ ինքնավստահություն ու ավելի լայն մտահորիզոն։ Ծանոթանում ես նոր մարդկանց ու նոր մշակույթների հետ, ունենում ես լավ ընկերներ ու հետաքրքիր, երբեմն էլ տարօրինակ ու զվարճալի հիշողություններ նրանց հետ։

Ու ի վերջո հասկանում, որ կյանքը գեղեցիկ է անկախ նրանից, թե երկրագնդի որ կետում կլինես, որ այն ամենը, ինչ ձգում է մեզ այլ երկրներում, կարելի է գտնել նաև Հայաստանում։ Իսկ աշխարհը տեսնելն ու ճանաչելը լավագույն երևույթներից մեկն է, որին մարդ կարող է հասնել իր կյանքում։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք ուղղակի կամ անուղղակիորեն կապ են ունեցել իմ այս հաջողության հետ։

Իսկ ծրագրին մասնակցել ցանկացողներին սիրով պատրաստ եմ օգնել իմ փորձառությամբ։

Եվ սկզբի համար մի քանի խորհուրդ ինձնից.

  • Երբեք մի ծանրաբեռնեք Ձեզ՝ շատ իրեր վերցնելով։ Ամեն ինչ էլ կարող եք գնել, ուր էլ որ գնաք։
  • Ինչքան կարող եք շատ տեղեկացեք այն քաղաքի մասին, ուր գնում եք։
  • Դեռ օդանավակայանում վայրեջք կատարելուց հետո որոշեք հետագա անելիքներն ու երթուղին, եթե դիմավորող չունեք, որովհետև օդանավակայանից դուրս գալուն պես մնալու եք առանց ինտերնետի ու Ձեզ զգաք մոլորված։
  • Շատ լուսանկարներ արեք, որ հետո հիշելու ու պատմելու շատ բան ունենաք։
  • Ցանկացած պարագայում հարցրեք։
  • Հաճախ գնացեք սրճարաններ։ Եվ նոր համեր կփորձեք, և մարդկանց կենսակերպը լավ կհասկանաք։
  • Սովորեք գնումների ճիշտ ցուցակ կազմել։ Ավելորդ բաներ չեք գնի, ինչ-որ բան էլ չեք մոռանա։ Եվ գուցե նաև խնայեք մի նոր ճամփորդության համար։ Իսկ ճամփորդության վրա չխնայեք։
  • Եթե չեք ուզում Գերմանիայում կիրակի օրերին որևէ բանի կարիք ունենալ, գնումներ կատարեք շաբաթ օրը։ Հաջորդ օրը ոչ մի բաց խանութ ու դեղատուն չեք գտնի քաղաքում։
  • Գերմանացիները արտաքուստ շատ սառն ու անտարբեր մարդիկ են, բայց միշտ պատրաստ են օգնել, երբ խնդրում եք։
  • Պլանավորեք օրը։ Այդպես և արդյունավետ է, և հետաքրքիր, և վստահորեն ավելի շատ բան կհասցնեք անել։
Լուսինե Ոսկանյանի հաջողության պատմությունը
  • Նորություններ
  • Բուհական
  • Համագործակցություն
  • Միջազգային
  • Մեր մասին
  • Բոլորը

Ապրիլի 9-ին «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում տեղի է ունեցել ...

13.04.2021

Մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Դոմ Մոսկվի» Երևանում մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի և Վ. Բրյուսովի անվան ...

ԲՊՀ երեք ուսանող մասնակցել են «ՀԻՐՇՄԱՆ» ծրագրին և ստացել կրթաթոշակ

07.04.2021

Նախաձեռնության նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30-40 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների ...

«Բացահայտենք մեր գանձերը» ծրագրի շրջանակներում իրականացվեց այց Ալ. Թամանյանի ...

06.04.2021

Վարդան Ասծատրյանը և Նարեկ Վան Աշուղաթոյանը այցի շրջանականերում նաև կարդացին դասախոսություն այցելուների համար։

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի մի շարք ...

06.04.2021

Մարտ ամսվա ընթացքում իրականացվել են տեղեկատվական հանդիպումներ Երևանի թիվ 112, 97, 109 դպրոցների և այլ հաստատությունների հետ, ինչպես նաև ԲՊՀ-ում հյուրընկալվել են մի շարք դպրոցների, քոլեջների ...