Հասա Պիտեշտ 39+ ջերմությամբ ու թուլությամբ, միակ բանը, որ հիշում եմ, սենյակ հասնելս էր: Պարզվեց, որ սենյակը պետք է կիսեին ադրբեջանցի աղջկա հետ: Մշակութային շոկ չապրեցի, որովհետև պատկերացնում էի, որ էսպիսի ծրագրերին մասնակցելիս պետք է բաց ու լայն մտահորիզոնով լինել: Պիտեշտ ժամանելուց 2 շաբաթ հետո ողջ երկրում արտակարգ դրություն հայտարարվեց ու միակ բանը, որ մենք կարող էինք անել, նույն սենյակում միասին ապրելն էր: Մի բան մեզ խանգարում էր լիարժեք շփվելու համար. գուցե ազգային պատկանելությունն էր, կամ էլ մարդկային տեսակների խիստ տարբերությունը: Մենք ապրում էինք նույն սենյակում, բայց չէինք շփվում ընդհանրապես: Այդ ժամանակահատվածում ես դարձա ավելի համբերատար ու ավելի հավասարակշռված մարդ, քանի որ նկատում էի շատ բաներ, որ ինձ դուր չէին գալիս, բայց համբերատար էի ու լուռ: Անցավ ևս երկու ամիս, և մենք սկսեցինք շփվել, խոսել տարբեր թեմաներից ու նույնիսկ կատակել: Այդ ժամանակ ես հասկացա, որ մեր կյանքում յուրաքանչյուր հարց ստանում է իր ճիշտ լուծումը, երբ համբերում ենք, կտրուկ ու սուր արձագանք չենք տալիս հարցին, երբ չենք շտապում մեր որոշումներում ու քայլերում:
Ես բնության ու սարերի մարդ եմ: Ժամերով կարող եմ նստել սարերում, անտառում, բնության մեջ ու չհագենալ այդպես էլ: Մեզ արգելել էին դուրս գալ քաղաքից, քանի որ Կորոնավիրուսով վարակվելու վտանգ կար, ու էդպես իմ օրերը անց էի կացնում մեր հանրակացարանի դիմացի այգում, որտեղ էլ փորձում էի կարոտս առնել բնությունից:
Երբ ընդամենը մեկ ամիս էր մնացել իմ ծրագրի ավարտին, ես ծանոթացա ռումինացի մի տղայի հետ, որը դարձավ Պիտեշտում իմ ճամփորդության գլխավոր հովանավորը ու, բնականաբար, իմ լավ ընկերը: Իր օգնությամբ բացահայտեցի Պիտեշտի բոլոր անկյունները ու կարևորը՝ ձեռք բերեցի մի ընկեր, որ հոգեհարազատ է ու պատարստ է աջակցել յուրաքանչյուր պահի:
Հիմա լինելով արտեկրում ու այս իրավիճակում՝ հասկանում եմ, որ մարդը կարող է ադապտացվել յուրաքանչյուր իրավիճակի, կարող է հարմարվել ապրելու նոր կանոններին: Կարող է դասեր քաղել կողքինի սխալներից՝ ձեռք բերելով պատասխանատվություն ոչ միայն իր անձի, այլև կողքինների հանդեպ: Այս ժամանակաշրջանում արտերկրում գտնվելը բնականաբար բարդ է հոգեբանական տեսնակյունից, բայց այն լավագույն տարբերակներից է ավելի ինքնուրույն ու հասուն դառնալու: Ես հավատացնում եմ, որ նախորդ տարիների մասնակիցների համեմատությամբ ոչ պակաս լավ ամիսներ եմ ունեցել այստեղ՝ հաշվի առնելով այն դասերը, որ սովորեցրեց ինձ այս նոր իրականությունը: Այսօր ես ավելի լավն եմ, քան երեկ էի: Իսկ ապագա մասնակիցներին ցանկանում եմ ասել՝ փորձեք լավը գտնել յուրաքանչյուր վատ իրավիճակի մեջ, երբեք մի վախեցեք մեծ փոփոխություններից ու մարտահրավեր նետեք ինքներդ ձեզ: