Կայացավ «Գերմաներենի տանիքի տակ» խորագրով գերմաներենի ուսուցիչների 4-րդ համաժողովը

Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունեցավ Գերմաներենի տանիքի տակ խորագրով ՀՀ-ում գերմաներենի ուսուցիչների 4-րդ համաժողովը:

Համաժողովը կազմակերպվել էր Հայաստանում գերմաներենի ուսուցիչների միության և ԵՊԼՀ-ի կողմից՝ ԳԴՀ-ի, Ավստիայի և Շվեյցարիայի դեսպանությունների աջակցությամբ:

Համաժողովին մասնակցեցին Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ, մոտ 120 ուսուցիչներ, դպրոցի տնօրեններ:

Համաժողովի լիագումար նիստին իր ողջյունի խոսքում Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը նշեց. «Սրտանց ողջունում եմ գերմաներենի տանիքի տակ հավաքված բոլոր ներկաներին:

 

Կարծում եմ միջոցառումն արդեն իսկ հասել է իր նպատակին՝ ստեղծելով գերմաներեն դասավանդողների և նրանց գործունեությանն աջակցողների գործուն ցանց, որը կարող է խթանել գերմաներենի և գերմանախոս երկրների մշակույթների տարածմանը ՀՀ-ում:

Այս տեսակետից, առանց ավելորդ համեստության ուզում եմ կարևորել ԵՊԼՀ-ի դերը: Մեր համալսարանը ոչ միայն բաց է և արձագանքում է այսպիսի միջոցառումներին, այլև հաճախ հանդես է գալիս որպես նախաձեռնող և լոկոմոտիվ:

Բրյուսովի համալսարանը իր ստեղծման օրից հանրապետության համար պատրաստել և շարունակում է պատրաստել գերմաներենի ուսուցիչներ ու մասնագետներ: Այսօր էլ այս դահլիճում ներկա վաստակաշատ ու երիտասարդ ուսուցիչների մեծ մասը մեր շրջանավարտներն են: Այս միջոցառումը ապացույցն է այն բանի, որ մենք, սիրելի ուսուցիչներ, շարունակում ենք մնալ Ձեր կողքին ու աջակցել Ձեզ՝ ինչով կարող ենք, քանի որ ուսուցիչն է մեր վաղվա օրվա կերտողը, մեր առաջընթացի ու ավելի լավ ապագայի պատասխանատուն:

Մաղթում եմ բոլորիս արգասաբեր ու նորարարական գաղափարներով լի համաժողով»:

Համաժողովի լիագումար նիստին հաջորդեցին զուգահեռ ընթացող տարբեր աշխատաժողովներ ու սեմինարներ, որոնք հավասար սկզբունքով անդրադարձան «գերմանական, ավստրիական և շվեյցարական գերմաներեններին»:

Կայացավ «Գերմաներենի տանիքի տակ» խորագրով գերմաներենի ուսուցիչների 4-րդ համաժողովը