2025 թվականի ապրիլի 11-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան պաշտոնական այցով ժամանեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեսանդրո Ֆերանտին՝ տիկնոջ ուղեկցությամբ։ Դեսպանին ուղեկցում էին ՀՀ-ում Իտալիայի փոխդեսպան Անդրեա Պեդուտոն և «Դանթե Ալիգիերի» հայաստանյան կոմիտեի նախագահ Լուսինե Քարամյանը։
Հանդիպման ընթացքում դեսպան Ա. Ֆերանտին նշեց, որ իր պաշտոնավարման առաջնահերթություններից է Հայաստանի հետ կրթական, մշակութային և տնտեսական կապերի ամրապնդումը։ Դեսպանը, մասնավորապես, ընդգծեց իտալերենի դասավանդման և ակադեմիական համագործակցության նշանակությունը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ.
«Որպես դեսպան՝ ինձ համար շատ կարևոր է հանդիպել ձեզ հետ և ճանաչել այն կրթական հաստատությունը, որը գործուն մասնակցություն ունի մեր երկրների հարաբերությունների խորացման գործում։ Իտալերենի դասավանդումը, հատկապես ԲՊՀ-ում, մեծ արժեք է մեզ համար։ Մենք բարձր ենք գնահատում իրականացվող աշխատանքը և խորապես վստահում ենք ձեր գործունեությանը։ Մշակութային համագործակցությունը կլինի մեր ուշադրության կենտրոնում, քանի որ մեր նպատակը ոչ միայն իտալական մշակույթի տարածումն է, այլև մշակույթների փոխադարձ զարգացման խթանումը»։

ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը ողջունեց դեսպանի այցը՝ նշելով համալսարանի պատրաստակամությունը՝ շարունակելու և խորացնելու համագործակցությունը իտալական բուհերի, դեսպանության և մշակութային կառույցների հետ․
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում դասավանդվում են ավելի քան երկու տասնյակ լեզուներ, և իտալերենը դրանց մեջ զբաղեցնում է իր առանձնահատուկ տեղը։ Մենք վերականգնել ենք համագործակցությունը Պերուջայի օտարերկրացիների համալսարանի հետ, շարունակում ենք ակտիվ աշխատել Վերոնայի համալսարանի հետ, որտեղ ներկայումս ուսանում են մեր չորս ուսանողները։ Համալսարանում անցկացվում է CELI (Իտալերենի հավաստագրման երևանյան կենտրոն) քննությունը։ Մենք բարձր ենք գնահատում դեսպանատան աջակցությունը և բաց ենք համագործակցության նոր ձևաչափերի համար»։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև «Դանթե Ալիգիերի» հայաստանյան կոմիտեի գործունեությանը և հետագա համատեղ ծրագրերին առնչվող հարցեր։
Պաշտոնական այցի շրջանակում հյուրերը մասնակցեցին «Դանթեական օր» խորագրով միջոցառմանը, որտեղ ներկայացվեցին Դանթե Ալիգիերիի ստեղծագործություններին նվիրված գրական, երաժշտական և գեղարվեստական կատարումներ։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտներն ընթերցեցին հատված «Աստվածային կատակերգությունից», իսկ ԲՊՀ ուսանողները հանդես եկան արտասանությամբ, երաժշտական կատարումով և գեղարվեստական ցուցադրությամբ։ Միջոցառումն ավարտվեց բանախոս Կարլո Անեդայի զեկուցմամբ՝ նվիրված կոմս Ուգոլինոյի կերպարին։
Այս հանդիպումը վկայում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի և Իտալիայի Հանրապետության միջև հաստատված ջերմ ու արդյունավետ համագործակցության մասին։ Այն բացում է նոր հեռանկարներ կրթական, մշակութային և գիտական փոխանակումների համար՝ ի նպաստ հայ-իտալական բարեկամական կապերի հետագա ամրապնդման։

Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպանի այցը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան