«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում 2026 թ. հունվարի 20-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը հյուրընկալեց Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի (UCL IOE) դեկանի տեղակալ, որակի կառավարման, կրթական ծրագրերի ու մանկավարժական նորարարության աջակցման պատասխանատու Նորբերտ Պախլերի գլխավորած պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին նաև Քեմբրիջի համալսարանի մանկավարժության պրոֆեսոր Քլեր Բրուքը, Լոնդոնի համալսարանական քոլեջի պատվավոր դոցենտ Քեյթ Թրիվը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, կրթական կլաստերի համակարգող Աննա Սարգսյանը և ուրիշներ:
Պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ԲՊՀ-ի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, Որակի ապահովման կենտրոնի աշխատակիցների, պրոֆեսորադասախոսական կազմի, գրադարանի, վարչական կազմի և ԲՊՀ այլ ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը ներկայացրեց ՀՀ բուհերի խոշորացման գործընթացի հիմնական գաղափարը, այդ գործընթացում ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսվող քայլերը և ընթացակարգային մի շարք հարցեր։ Պատվիրակությունը նմանատիպ հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ այլ բուհերում՝ կարիքների վերհանման և առկա ներուժի գնահատման նպատակով:
«Ակադեմիական քաղաք» ծրագրով նախատեսվող հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: