Համալսարանին տրվել է Jean Monnet Erasmus+ հեղինակավոր դրամաշնորհ

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանին տրվել է Jean Monnet Erasmus+ հեղինակավոր դրամաշնորհ «ԵՄ օրենսդրությանը Հայաստանի օրենսդրության մոտարկման լաբորատորիա (Իրավական մոտարկման լաբորատորիա)/LegAL» մոդուլն իրականացնելու նպատակով: Մոդուլի հեղինակ և գիտական համակարգող է Մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության ՅՈՒՆԵՍԿՕ ամբիոնի դասախոս դոկտոր Աննա Խվորոստիանկինան: Այս տարի Հայաստանից ներկայացված Ժան-Մոնե-ի հայտերից միայն երկուսն են ընտրվել ֆինանսավորման համար, ինչը ցույց է տալիս, որ ընտրության գործընթացը եղել է շատ մրցակցային:

«Իրավական մոտարկման լաբորատորիա/LegAL» (2019-2022) Ժան-Մոնե մոդուլը նախատեսված է որպես ԵՄ իրավունքի և ԵՄ օրենսդրությունը տեղական իրավակարգի մեջ ներառելու մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքների կենտրոն: Վերջինիս նպատակն է շրջանավարտներին համապատասխան գիտելիքներով և հմտություններով ապահովելու, իրավական մոտարկման խնդիրների վերաբերյալ գիտական քննարկումներ խրախուսելու և պրակտիկ աշխատողներին մեթոդաբանական աջակցություն ցույց տալու միջոցով նպաստել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ, անգլ.՝ Armenia-EU Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA)) կատարմանը:

Մոդուլը բաղկացած է մի քանի տարրերից.

1. Իրավագիտության, քաղաքագիտության, հանրային կառավարման, եվրոպական ուսումնասիրությունների և այլ հարակից դիսցիպլինների ուսանողներին առաջարկվող և իրավաբանական կլինիկայի մոդելի վրա հիմնված Իրավական մոտարկման լաբորատորիա (LegAL) դասընթաց, որը ներառում է՝

ա. տեսական մաս՝ ԵՄ իրավունքի և իրավական մոտարկման տեության ու մեթոդաբա­նութ­յան վերաբերյալ ենթադասընթաց և,
բ. գործնական՝ նպատակ ունենալով զարգացնել պրակտիկ աշխատողների հմտություններն իրավունքի և քաղաքականության մշակման ոլորտներում:

2. ԵՄ օրենսդրության մոտարկման տեսական և մեթոդաբանական առանձին խնդիրների քննարկմանն ուղղված ամենամյա ամառային դպրոց,
3. իրավական քազաքականության մշակման և իրականացման գործընթացում ներգրավված աշխատողների համար իրավական մոտարկման մեթոդաբանության վերաբերյալ ամենամյա սեմինարներ,
4. «Հայկական իրավական համակարգի եվրոպականացում. Մարտահրավերներ և հեռանկարներ» հետազոտական նախագիծ և,
5. ոլորտի առաջատար գիտնականների և պրակտիկ աշխատողների ներգրավմամբ ու հանրության համար բաց՝ իրավական մոտարկման խնդիրների վերաբերյալ ամենամյա միջազգային կլոր սեղաններ:

Մոդուլը կսկսվի 2019 թվականի հոկտեմբերի 15-ից «Իրավական մոտարկման լաբորատորիա (LegAL). նորարարական դասավանդման գործիք» բացման արարողությամբ:

LegAL դասընտացի և դիմելու ընթացակարգի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար սեղմել այստեղ կամ այցելել տեղեկատվական նիստին, որը տեղի կունենա 2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 14:00-ին:

Կապ՝ legal.jeanmonnet@gmail.com