Վ. Բրյուսովի անվան  պետական համալսարանի շարունակական կրթության բաժինը և ԲՊՀ գիտական գրադարանը այս տարվա փետրվարի 22-ից մինչև մարտի 31-ը իրականացրեցին գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթացներ:

Հինգ շաբաթ տևող վերապատրաստումների ընթացքում Հայաստանի տարբեր դպրոցների գրադարանավարներ ստացան մասնագիտական համապատասխան տեղեկատվություն ժամանակակից հասանելի ծառայությունների, գիտահետազոտական տեղեկատվական աղբյուրներից օգտվելու մատչելիության մասին:

Վերապատրաստման հիմնական նպատակը գրադարանավարներին մասնագիտական դաշտ բերելն ու ժամանակակից գրադարանային միտումներին, մարտահրավերներին, հմտություններին ծանոթացնելն էր։

Ծրագրի շրջանակում գրադարանավարների համար պատրաստվեցին անհատական ուղեցույցներ, դասընթացների նյութեր՝ մանրամասն բացատրություններով: Հարկ է նշել նաև, որ յուրաքանչյուր օրվա տրված տեսական նյութը մասնակիցները անհատական համակարգիչների առաջ գործնականում կիրառելու հնարավորություն ունեցան:

Յուրաքանչյուր խմբին, վերապատրաստումն սկսելուց առաջ, ողջունեց  ԲՊՀ գրադարանի ղեկավար Լիանա Սաֆարյանը, այնուհետև նրա ուղեկցությամբ մասնակիցները ճանաչողական այց կատարեցին ԲՊՀ գրադարանում՝ ուսումնասիրելով գրադարանների բաժինները և թանգարանը։

Գրադարանավարներին ԲՊՀ գրադարանի մատենագետ Արմինե Վարդանյանը ներկայացրեց նաև մատենագիտական ուղեցույցներ պատրաստելու եղանակները, ծանոթացրեց էլեկտրոնային գրականության հաշվառմանը, ինչպես նաև անդրադարձավ «Գուգլ» միջավայրին՝ որպես համատեղ օգտագործման հարթակի: Ներկայացումից և ծանոթությունից հետո մասնակիցները մատենագետի և ԲՊՀ գրադարանի էլեկտրոնային տեղեկատվության բաժնի պետ Արևիկ Ավանեսովայի մասնագիտական աջակցությամբ ստեղծեցին և գործարկեցին վերոնշյալ հարթակը:
Վերապատրաստման վերջում վերապատրաստման մասնակիցներն ստացան մասնակցության հավաստագրեր։

Գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման եռօրյա դասընթաց ԲՊՀ-ում. լուսանկարներ