Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում կայացավ Ֆրանսերեն–հայերեն–ռուսերեն բժշկական եզրույթների երեքլեզվյան բառարանի շնորհանդեսը։ Բառարանը ներառում է ավելի քան 10 000 տերմին, նրանց թարգմանություններն ու բացատրությունները՝ դարձնելով այն արժեքավոր գործիք բժիշկների, ուսանողների, թարգմանիչների և առողջապահական ոլորտի մասնագետների համար։

Միջոցառումանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որը բարձր գնահատեց կատարված գիտական աշխատանքը՝ ընդգծելով նմանատիպ նախաձեռնությունների կարևորությունը համալսարանի գիտակրթական միջավայրի զարգացման և մասնագիտական թարգմանության որակի բարձրացման գործում։

 

Շնորհանդեսին ելույթ ունեցան նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանը և Ֆրանսերենի և ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Ժակլին Մինասյանը։ Նրանք բարձր գնահատեցին բառարանի կարևորությունը բժշկական ուսուցման և թարգմանության գործընթացում, ինչպես նաև ընդգծեցին նմանատիպ նախագծերի գիտակրթական նշանակությունը։

Վարդ Հարությունյանը ներկայացրեց բառարանի ստեղծման գաղափարը, նշելով, որ այն ծնվել է բժշկական թարգմանությունների ոլորտում առկա կառուցվածքային և լեզվաբանական բացերը լրացնելու նպատակով։ Աշխատանքը ներառում է նաև հայերեն և ռուսերեն տերմինների այբբենական ցանկեր։

Շնորհանդեսը եզրափակվեց Վարդ Հարությունյանի հեղինակային բանաստեղծությամբ, նվիրված բ.գ.դ., պրոֆեսոր Արամ Բարլեզիզյանին, որի ազդեցությունը առանցքային է եղել հեղինակի մասնագիտական կայացման և բառարանի ստեղծման գործում։

Ֆրանսերեն–հայերեն–ռուսերեն բժշկական բառարանի շնորհանդեսը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում