Ս.թ. նոյեմբերի 21-ին ԲՊՀ-ում հյուրընկալվեց ESFAM-ի (Վարչարարության և մենեջմենթի ֆրակոֆոնիայի մասնագիտացված հաստատություն) տնօրեն Նիկոլա Մայնետին:

Ընդգծենք, որ Վարչարարության և մենեջմենթի ֆրակոֆոնիայի մասնագիտացված հաստատությունը, որը նախկինում հայտնի էր որպես Վարչարարության և կառավարման ֆրանկոֆոնիայի ինստիտուտ (IFAG), Ֆրակոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) երեք հաստատություններից մեկն է: Այն տեղակայված է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում և բաց է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ֆրանկոֆոն աշխարհի այլ տարածաշրջանների բոլոր ֆրանսախոս երիտասարդների համար:

ESFAM-ն առաջարկում է մագիստրոսական կրթական ծրագրեր կառավարման ոլորտում: ESFAM-ի առաքելությունն է պատրաստել մասնավոր և հասարակական կազմակերությունների ապագա ձեռնարկատերեր, մենեջերներ և ղեկավարներ՝ առաջին հերթին նպաստելու տարածաշրջանի երկրների զարգացմանը (Ալբանիա, Հայասատան, Ադրբեջան, Բելառուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Խորվաթիա, Էստոնիա, Վրաստան, Հունաստան, Հունգարիա, Լիտվա, Լատվիա, Ղազախստան, Ղրղզստան, Կոսովո, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Մոլդովա, Ուզբեկստան, Լեհաստան, Չեխիա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Սլովենիա, Տաջիկստան, Թուրքմենստան, Թուրքիա, Ուկրաինա):

Ն. Մայնետիի հետ հանդիպմանը Ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Բ. Մարգարյանը բարձր գնահատեց ESFAM-ի և ԲՊՀ-ի միջև առկա համագործակցությունը. «Մենք կարևորում ենք, որ առկա համագործակցությունը ոչ միայն «թղթի վրա» է, այլ բավական իրական ու գործնական է»: Ընդգծենք, որ նախորդ տարվանից ԲՊՀ-ի 2 շրջանավարտ՝ Միլենա Սայանը և Գագիկ Կարապետյանը, իրենց ուսումը շարունակում են ESFAM-ում:

Առաջարկներով հանդես եկան նաև Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչ Ֆ. Հովհաննիսյանը, AUF Հայաստանյան ներկայացուցչության թվային կենտրոնի տնօրեն Ռ. Ղալթախչյանը, ՖՄԱՆԿ ղեկավար Ա. Ջանիկյանը, ԱԿՄՀ վարչության պետի տեղակալ Լ. Մադոյանը: Բոլոր առաջարկների գլխավոր շահառուն ԲՊՀ ուսանողներն էին, և քննարկվում էին բոլոր տարբերակները՝ վերջիններիս ուսումնական գործընթացն առավել հետաքրքիր ու բովանդակալի դարձնելու համար:

Ն. Մայնետին իր հերթին գոհունակություն հայտնեց ԲՊՀ-ի հետ ամագործակցությունից, քննարկվեցին ԲՊՀ ֆրանկոֆոն ուսանողների համար առցանց կարճատև դասընթացների անցկացման հնարավորությունները, վեբինարների կազմակերպումը, ինչպես նաև պրակտիկայի անցկացման հնարավորոթյունը ESFAM-ում:

ԲՊՀ ֆրանսախոս դասախոսների և ուսանողների հետ որոշվեց հանդիպել առցանց: Ն. Մայնետին հուշանվեր փոխանցեց մեր համալսարանին՝ ESFAM-ի և AUF-ի տարբերանշաններով:

ESFAM-ի մասին ավելին իմանալու համար կարող եք անցնել հղումով https://esfam.auf.org/: