Էրիկա Ավակովայի Էրազմուս+ պատմությունը

Էրիկա Ավակովա – ԲՊՀ Ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ.

Ս.թ. մայիսի 23-27-ը Erasmus+ Միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում մեկնել եմ Իսպանիայի Թագավորության Վայադոլիդի համալսարան՝ դասավանդելու և վերապատրաստվելու Կրթության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետում (Լեզուների և գրականության դիդակտիկայի ամբիոն):

Ծրագրին դիմելու հիմանական պատճառներից մեկը անձնական և մասնագիտական զարգացման չմարող ցանկությունս էր:

ԲՊՀ-ն և Վայադոլիդի համալսարանը ընդհանրություններ շատ ունեն, մասնավորապես ուսումնական գործընթացի կազմակերպման, դասավանդման մեթոդների, գնահատման համակարգի, միջազգայնացման ռազմավարության տեսանկյունից: Սակայն 800-ամյա պատմություն ունեցող համալսարանում դասավանդելն ու վերապատրաստում անցնելը ինձ համար առանձնահատուկ փորձառություն էր: Վայադոլիդի համալսարանը ներդաշնակորեն համատեղում է ավանդույթներն ու նորարարությունը: Ընդարձակ լսարանները հագեցած են համակարգիչներով և պրոյեկտորներով: Բացի այդ, դասախոսներն ունեն առանձին աշխատասենյակներ՝ բոլոր հարմարություններով և անհրաժեշտ սարքավորումներով։

Շարժունության ընթացքում դասախոսություններ եմ անցկացրել 3-րդ կուրսի ուսանողների համար հետևյալ թեմաներով՝

⇒ Կորպուսների լեզվադիդակտիկ ներուժը;

⇒ Լեզվական կորպուսների կիրառումը լեզուների ուսուցման ընթացքում (դասավանդման լեզուն՝ անգլերեն):

Հնարավորություն եմ ունեցել նաև նույն խմբում ներկա գտնվել մի դասի, որի ընթացքում ուսանողները (ապագա ուսուցիչները) ներկայացնում էին տարրական դպրոցում դասավանդելու իրենց փորձը: Ես տպավորված էի ուսումնական գործունեության տեսակների բազմազանությունից, որոնք ուսանողները կիրառել էին իրենց պրակտիկայի ընթացքում:

Շարժունության ծրագրի ամենադրական կողմերից մեկը բազմազգ միջավայրում աշխատելու հնարավորությունն էր: Ծանոթացա Միջազգային շարժունության ծրագրով աշխարհի տարբեր երկրներից Վայադոլիդի համալսարան ժամանած գործընկերների հետ:

Վստահաբար կարող եմ ասել, որ այս փորձն ինձ ևս մեկ հնարավորություն տվեց զարգացնելու իմ մասնագիտական հմտությունները: Կարողացա նաև ակադեմիական ոլորտում նոր կապեր ձեռք բերել և պլանավորել գիտահետազոտական որոշ աշխատանքներ Վայադոլիդի համալսարանի գործընկերներիս մասնակցությամբ:

Շարժունության ընթացքում ձեռք բերված փորձը կիրառելու եմ ի նպաստ իմ ուսանողների և համալսարանի՝  ապահովելով դասավանդման նոր որակ և ավելի բարձր արդյունավետություն:

Գործընկերներիս, ովքեր դեռևս չունեն Միջազգային փոխանակման ծրագրերին մասնակցելու փորձ, խորհուրդ կտամ հետևել ԲՊՀ-ի հայտարարություններին, մասնակցել համալսարանում պարբերաբար կազմակերպվող տեղեկատվական հանդիպումներին և առանց վարանելու դիմել ծրագրերին:

Էրիկա Ավակովայի Էրազմուս+ պատմությունը