Էրազմուս+ Կոննեկտ ծրագրի մեկնարկային առցանց հանդիպում

2021 թ. մարտի 2-ին և մարտի 3-ին առցանց ձևաչափով կայացավ Էրազմուս+ ՀԳ2 Նորարարությանն ու փորձի փոխանակմանն ուղղված համագործակցություն, կարողությունների զարգացում բարձրագույն կրթության ոլորտում «Համալսարան֊տնտեսություն կապի հաստատումը Մոլդովայի, Վրաստանի և Հայաստանի ուսանողների խելամիտ ձեռներեցային համագործակցության և մրցունակության միջոցով» (ԿՈՆՆԵԿՏ) ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագրին մասնակցում էին Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Լատվիայի, Բուլղարիայի, Ֆինլանդիայի, Ռումինիայի, Հունաստանի բուհերի և ՀԿ-ների ներկայացուցիչները: Ծրագրի համակարգողն է Մոլդովայի պետական համալսարանը: Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնի և ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնի անձնակազը հանդիպման շրջանակներում ներկայացնում էր ԲՊՀ-ն, մասնավորապես՝ Կաիերայի կենտրոնի և ՍՄԱՐԹ կենտրոնի գործունեությունը, երիտասարդներին մատուցվող ծառայությունները, ինչպես նաև ծրագրում ԲՊՀ-ի դերակատարությունն ու ծրագրից սպասվող ակնկալիքները: Ծրագրի համակարգողների կողմից ներկայացվեցին ծրագրի նպատակներն ու խնդիրները, աշխատանքային փաթեթները, նախատեսվող աշխատանքներն ու միջոցառումները, ինչպես նաև ծրագրի վերջնարդյունքները: Գործընկերների մասնակցությամբ քննարկվեցին նաև ֆինանսական, կառավարման մի շարք հարցեր և ծրագրի իրականացման արդյունավետության ապահովման համար անհրաժեշտ այլ նախադրյալներ:

ԿՈՆՆԵԿՏ ծրագրի թիրախային երկրներն են Հայաստանը, Մոլդովան և Վրաստանը: Ծրագրի հիմնական նպատակն է ամրապնդել համալսարան-արդյունաբերություն, համալսարան-աշխատաշուկա կապը: Այս գործընթացում մասնավորապես կարևորվում է Արևելյան գործընկերության երկրների բուհերում ուսանողների և շրջանավարտների ձեռնարկատիրական հմտություններն ու կարողությունների, ինչպես նաև սեփական աշխատատեղերը ստեղծելու հմտությունների զարգացումը, մրցունակության բարձրացումը (վարքագիծ, հմտություններ, մտածելակերպ):

ԲՊՀ-ում ԿՈՆՆԵԿՏ ծրագիրը համակարգում է ԲՊՀ-ի Կարիերայի կենտրոնը և ՍՄԱՐԹ ձեռներեցության կենտրոնը:

Էրազմուս+ Կոննեկտ ծրագրի մեկնարկային առցանց հանդիպում