ԵՊԼՀ-ում նշվեց «Լեզուների Եվրոպական օր 2018» ամենամյա միջոցառումը

Սեպտեմբերի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում (ԵՊԼՀ) տեղի ունեցավ «Լեզուների Եվրոպական օր 2018» ամենամյա միջոցառումը, որի նպատակն է ներկայացնել ԵՊԼՀ-ում դասավանդվող 22 օտար լեզուները և այդ լեզուների ուսումնասիրման հնարավորությունները:

ԵՊԼՀ-ի բակում ներկայացված էին տաղավարներ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում էր ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուն և տվյալ երկրի մշակույթը:

Միջոցառմանը բացմանը ԵՊԼՀ-ի ռեկտոր Կարինե Հարությունյանը ողջույնի և շնորհավորանքի իր խոսքում նշեց. «Մեր համալսարանը տարիներ շարունակ հնարավորություն է տվել իր սաներին զարգանալ որպես բազմալեզու անձնավորություններ, ինչը շատ կարևոր է մերօրյա աշխարհում: Նշեմ, որ աշխարհում օգտագործվող մոտ 7000 լեզուներ կան: Եվրամիության 24 պաշտոնական լեզու կա, իսկ 200 այլ լեզուներ խոսվում են միայն Եվրամիության տարածքի երկրներում: Կարծում եմ, որ այսօր բոլորդ, անցնելով տաղավարներով, հնարավորություն կունենանք ծանոթանալու այն լեզուներին, որոնք դասավանդվում են մեր համալսարանում: Լիահույս ենք, որ դպրոցներից եկած մեր սիրելի աշակերտները, խոսելով դասախոսների հետ, տալով իրենց հետաքրքրող հարցերը ճիշտ որոշում կկայացնեն՝ հետագայում իրենց ուսումը շարունակելով ԵՊԼՀ-ում»-նշեց ԵՊԼՀ-ի ռեկտորը:

ԵՊԼՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Լևոն Բաբամյանն ընդգծեց՝ «Հրավիրել ենք Երևանի միջնակարգ և ավագ դպրոցների աշակերտների: Ներկայացնում ենք Բրյուսովի համալսարանում  դասավանդվող 22 օտար լեզուները  և կրթական ծրագրերը»:

Նշենք նաև, որ ԵՊԼՀ-ն իրականացնում է ոչ ֆորմալ կրթության ծրագիր` համագործակցելով «Եվրոպական կամավորական ծառայության» հետ: Հրավիրվում են տարբեր երկրներից երիտասարդներ, որոնք, մեկ տարվա ընթացքում ապրելով Հայաստանում,   ուսանողներին ծանոթացնում են իրենց մշակույթին և պատմությանը: Միջոցառումն ուղեկցվեց մշակութային կատարումներով, որոնք կրկին արտացոլում էին ԵՊԼՀ-ում դասավանդվող լեզուների ողջ ներկապնակը: Նշենք, որ Եվրախորհրդի նախաձեռնությամբ Լեզուների եվրոպական օրը նշվում է ամեն տարի՝ սեպտեմբերի 26-ին, 2001 թվականից ի վեր: Ողջ Եվրոպայով Եվրախորհրդի 47 անդամ երկրների 800 միլիոն ներկայացուցիչներին  կոչ է արվում սովորել մեկից ավելի լեզուներ ցանկացած տարիքում: Համոզված լինելով, որ լեզվի բազմազանությունը միջմշակույթային լավագույն հաղորդակցման բանալին է և մեր մայրցամաքի մշակութային հարուստ ժառանգության գլխավոր տարրերից մեկը՝ Եվրախորհուրդը խրախուսում է բազմալեզվությունը ողջ Եվրոպայում:

 

ԵՊԼՀ-ում նշվեց «Լեզուների Եվրոպական օր 2018» ամենամյա միջոցառումը